Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Հայրենասիրությունը պահանջատեր լինելն է, ստրկամիտ չլինելը, դա պայքարն ու մարտնչելն է.Մարինա Թագակչյան

analitik.am

Երգահան և հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը Analitik.am-ի հետ զրույցում խոսեց նոր երգի,հայրենասիրության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Տիկին Թագակչյան, ինչպե՞ս առաջացավ «Զինվոր ես» երգի գաղափարը:

Ասեմ,որ սա թվով 7-րդ երգս է նվիրված հայոց բանակին ու հայ զինվորին,առաջինը գրել եմ 2003 թվականին՝  «Զինվորի մայր» երգը  Շուշան Պետրոսյանի կատարմամբ,  այնուհետև  2006 թվականին «Մի նամակ» (Արամե), «Քեզ կսպասեմ»  (Զարուհի Բաբայան), «Քանի դեռ կան» (Նունե Եսայան) և այլն: Այնպես որ, այն շահարկումները, որ զինվոր թեմային մոդայի համար եմ անդրադարձել,  իմ մասին չեն: Իսկ «Զինվոր ես» երգը ստեղծվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ երկրորդ բալիկիս էի կրում և հուզվում ամեն մի զինվորի կորստից: Այդ ժամանակ ինքս ինձ խոստացա, որ կրկին անդրադառնալու եմ զինվորին, այս անգամ աղոթք-մաղթանք երգով:

Ի՞նչ է Ձեզ համար հայրենասիրությունը:

Հայրենասիրությունը  հոգու և մտքի միաձույլ ցասումն ու ընդվզումն է, դա պահանջատեր լինելն է, դա ստրկամիտ չլինելն է, դա պայքարն ու մարտնչելն է: Եվ  ի վերջո հայրենասիրությունը գնահատելն ու սիրելն է:

Ըստ Ձեզ, բանակի և զինվորի կողքին պետք է միայն պետությո՞ւնը կանգնած լինի, թե՞ հասարակությունն էլ ունի իր պատասխանատվության և պարտավորությունների բաժինը:Ինչպե՞ս եք պատկերացնում Ազգ-բանակ կոնցեպտը, այն Ձեզ համար  ընդունելի՞ է:

Պետության դերն, անշուշտ, առաջնային է բանակի և զինվորի համար: Առաջին հերթին դու զավակ ես տալիս պետությանը և ակնկալում, որ նրան հանձնեն ծնողի գիրկը և ապահով ետ ստանաս: Ուստի հասարակությունն էլ պետք է սատար կանգնի իր դաստիարակությամբ և այն գիտակցությամբ, որ ոչ մի արատավոր երևույթ (խոսքը ներքաղաքական արատների մասին է) չդիպչի զինվորին և չսասանի նրա բարի համբավն ու բարձր անունը:

Ինչպիսի՞ն է կնոջ դերը հասարակության մեջ, ո՞րն է, ըստ Ձեզ, կնոջ այն տեսակը, որը կարող է առաջ մղել հասարակությանը դեպի զարգացում:

Կնոջ դերը միշտ էլ եղել է և կմնա որոշիչ և թելադրող: Ուստի գենդերային թվացյալ կարծրատիպերը ներկայացնում են ամենը հակառակ կողմից՝ շեշտելով տղամարդուն, իսկ կինը լինելով և մնալով ծնունդի և արարչագործության գագաթնակետը միշտ էլ վերածնունդ է իրենով:

Ի՞նչ ասելիք եք ցանկանում տեղ հասցնել Ձեր երգերի միջոցով և որքանո՞վ է դա Ձեզ մոտ ստացվում:

Ասելիքս նորամուծություն կամ հեծանիվ ստեղծելու նման մի բան չէ, կարևորն այդ ամենը գրագետ է և պրոֆեսիոնալ, չգողացված և որակով:

Ի՞նչ կմաղթեք մեր զինվորներին և նրանց ընտանիքներին:

Ես ունեմ իմ շնորհը՝ դա ստեղծագործելն է, եթե լինեի «օլիգարխ», զենք-զինամթերք կուղարկեի սահման, լինեի հռետոր հարթակներից կխոսեի, այս դեպքում ես իմ մաղթանքն ու պատգամը երգերիս միջոցով եմ փոխանցում և ակնկալում, որ մայրերը, թեկուզ ինձ օրհնեն, ասեն ապրես աղջիկ ջան ու ես իմ միսիան կատարած կհամարեմ:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից