Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Երիտասարդ նկարիչները ստիպված գնում են՝ ավելի լավ կյանքի ակնկալիքով.Դավիթ Սահակյանց

analitik.am

Հայկական անիմացիոն կինոն մեր կինոարվեստի հետաքրքրական էջերից է և այն իր հետ բերեց կինոմտածողության նոր տեսակ: Ի դեմս  Ռոբերտ Սահակյանցի կյանք մտավ երիտասարդ մուլտիպլիկատորների մի նոր սերունդ, որն իր հերթին բերեց վառ անհատականության, ինքնատիպության, որակական զարգացման նոր փուլ:

Analitik.am- ի թղթակիցը զրուցեց   ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ հայկական մուլտիպլիկացիայի և այդ ասպարեզում բացառիկ գործենեության մասին:

Պարոն Սահակյանց, ինչպե՞ս առաջացավ մուլտիպլիկացիայի  հանդեպ սերն ու հետաքրքրությունը, ե՞րբ սկսեցիք առաջին քայլերն անել :

Սերը, կարծում եմ՝ եղել է միշտ: Նկարել եմ 3 տարեկանից, իսկ 6 տարեկանից հաճախել եմ «Հենրիկ Իգիթյանի Էսթետիկ դաստիարակչության մանկական կենտրոն», կամաց-կամաց դառնալով նկարիչ և սովորելով թե կենտրոնում, թե տանը, հասկացա, որ նկարչի դրսևորման մի եզակի միջոցը հենց անիմացիան է: Շատ մեծ դեր է խաղացել հենց Ռոբերտ Սահակյանցի ստեղծած աշխարհները (ֆիլմերը), որոնք ոգևորում և  հաստատում էին համոզմունքս, որ իմ ընտրությունը ճիշտ է:

Ինչպե՞ս է ստեղծվում մուլտֆիլմը, այլ կերպ ասած, մանկուց մեզ ուղեկցող մուլտֆիլմների ամենահեքիաթային կերպարները: Մեկ ամբողջական մուլտֆիլմի ստեղծման գործընթացը որքա՞ն ժամանակ կարող է խլել:

Ստեղծման պրոցեսը շատ հետաքրքիր և միաժամանակ շատ աշխատատար է: Կերպարները ծնվում են այն գաղափարից և այն մտքից, որ կա ֆիլմում: Անիմացիան նկարչություն է, ուղղակի շարժման և դինամիկայի մեջ: Անիմացիոն ֆիլմը կարողանում է իր մեջ միաժամանակ ներգրավել բոլոր արվեստները: Եվ ինչքան հետաքրքիր և հարմոնիկ կկարողանաս այդ արվեստները միավորել, այդպես էլ հետաքրքիր և գրավիչ կլինի քո ֆիլմը:

Մասնավորապես «Անահիտ» մուլտֆիլմի ստեղծման գաղափարն ինչպե՞ս առաջացավ  և արդյոք հասարակության արձագանքն արդարացրեց սպասումները:

«Անահիտ»  ֆիլմի վրա աշխատել ենք մոտ 30 հոգով 5  տարի: Որոշեցինք առաջին անգամ Հայաստանում ստեղծել լիամետրաժ ֆիլմ: Ստեղծել լավագույն հայկական հեքիաթներից մեկի հիման վրա՝ օգտագործելով մեր ամբողջ ունեցած գիտելիքները և փորձը: Աշխատանքի ծավալը և դժվարությունը չէինք պատկերացնում, և աշխատանքի ընթացքում «ստիպված» եղանք ինքներս աճել և սովորել: Մենք, որպես ստուդիա ծնվեցինք և ոտքի կանգնեցինք հենց այդ ֆիլմով: Եվ ես համարում եմ՝ «Անահիտ» - ը մեր ամենակարևոր աշխատանքն է  և արդեն պինդ կանգնած ոտքերի վրա կգնանք առաջ նոր ֆիլմերի ետևից:

Մեր երկրում դժվար չէ՞  նորամուծություններ անել և հավատալ դրանց հաջողությանը:

Համարում եմ,որ ոչինչ էլ հեշտ չի ստեղծվում: Ամեն աշխատանք պահանջում է ուժ, եռանդ և նվիրվածություն: Իհարկե, շատ դժվար է 30 հոգով ստեղծել ֆիլմեր այն դեպքում, երբ պահանջ կա 300 հոգու (ինչպես դա արվում է արտասահմանյան ստուդիաներում), բայց մի գուցե հենց դրանով էլ այդքան թանկ է մեզ համար մեր արած աշխատանքը (հուսով եմ նաև մեր հասարակության համար):

Պարոն Սահակյանց ինչպե՞ս եք տեսնում հայկական մուլտիպլիկացիան ապագայում:

Հայկական անիմացիայի ապագան տեսնում են այնպես, ինչպես որ կլինի հայկական անիմացիայի ներկան: Եթե մեզ բոլորիս (մեր ոլորտում աշխատողներիս) հաջողվի կանգնեցնել պինդ սյուներ, այդքան էլ պինդ կանգնած կլինի ապագայում հայկական անիմացիայի «տուն»-ը:

Թե՛ ֆիլմեր , թե՛ մուլտֆիլմեր ստեղծելը պահանջում է հնարավորինս շատ ժամանակ և ուժեր, ի՞նչ տեսակ դժվարությունների առաջ եք կանգնում դրանք ստեղծելիս:

Ունենալով շատ մեծ պոտենցիալ և փորձ, միակ դժվարությունն այսօր ֆինանսներն են, որոնց բացակայության պատճառով շատ դժվար է պահել նկարիչներին մեր ոլորտում: Երիտասարդ նկարիչները ստիպված գնում են՝ ավելի լավ կյանքի ակնկալիքով: Այսօր դա ամենամեծ ցավն է:

Ամեն երկրի ապագան իր երիտասարդությունն է: Ինչպե՞ս եք գնահատում մեր երիտասարդությանն այսօր, արդյո՞ք կարող ենք ասել, որ մեր ապագան լուսավոր է:

Հետաքրքրությունը երիտասարդների շրջանականերում շատ մեծ է, հենց այդ պատճառով էլ մենք ստեղծեցինք դպրոց, որտեղ ցանկացողները կարող են սովորել և սիրել այդ աշխարհը: Միգուցե մեծացնելով մեր «բանակ» - ը մեզ կհաջողվի դուրս գալ ավելի մեծ նվաճումների:

Եվ վերջում՝ Ձեր խոսքը մեր ընթերցողներին որպես ռեժիսոր, մուլտիպլիկատոր և այս բնագավառում մեծապես հաջողությունների հասած մարդ :

Ցանկանում եմ ներքին խաղաղություն և անվերջ ձգտում առաջ:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից