Գլխավոր Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

Էներգետիկ ռեսուրսներն աշխարհաքաղաքական իրողություններ են թելադրում այնպես, ինչպես հարուստներն աղքատներին. Սուրեն Սարգսյան

analitik.am

Մեծ Բրիտանիա-ՌԴ հարաբերությունների սրացման, Հայաստանի վրա հնարավոր հետևանքների և այլ հարցերի մասին Analitik.am-ը զրուցեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Մեծ Բրիտանիա-ՌԴ հարաբերությունների սրացումն, ըստ Ձեզ, Սկրիպալի դեմ իրականացված մահափորձի հետ կապ ունի՞, թե սա ուղղակի պատրվակ էր:

Շատ բարդ և ծանր հարաբերությունների ժամանակաշրջան է։Սա և՛ այս դեպքի հետ կապ ունեցող գործընթաց է, և՛ պատրվակ։ Երկու տերությունները մշտապես մրցակցության մեջ են եղել, և դժվար է հիշել, թե երկրորդ աշխարհամարտից հետո երբ են այս պետությունները համագործակցել։ Երևի միայն Գորբաչով-Թետչեր կարճ ժամանակահատվածում և Գորբաչով-Մեյջեր՝ կրկին կարճ ժամանակահատվածում։ Պատմությունն ուսումնասիրելով կհասկանանք ՌԴ-Մեծ Բրիտանիա հակասությունները՝ մանավանդ հետախուզությունների և հակահետախուզությունների ոլորտում։

Ի՞նչ արձագանքներ կտան ԵՄ անդամ երկրները և հնարավո՞ր է էլ ավելի սրացումներ լինեն ԵՄ-ՌԴ հարաբերություններում: Ըստ Ձեզ, ի՞նչ դիրքորոշում կընդունի ԱՄՆ-ն:

Եթե դատենք ամերիկյան մամուլի արձագանքից, ապա այն շատ ագրեսիվ է։ Նույնն էլ ԵՄ-ին է վերաբերում։ Հիշեցնեմ, որ ՄԲ վարչապետ Մեյը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ և հիմնական թեման հենց սա է եղել։ Հիմա ԱՄՆ քաղաքական և վերլուծական շրջանակներն առավելապես կենտրոնացած են պետքարտուղար Թիլերսոնի հրաժարականի և հետախուզության ղեկավար Պոմպեոյի՝ այդ պաշտոնում առաջադրման թեմաներով։ Նաև ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ կին է ղեկավարելու հայտնի «CIA»-ը, այն էլ՝ ոչ քաղաքական նշանակում է սա լինելու։

Ի՞նչ դիրքորոշում պետք է ընդունի Հայաստանը: ՌԴ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների սրացումը և հետագայում նաև ԵՄ-ՌԴ հարաբերությունների հնարավոր վատթարացման պայմաններում, Հայաստանն ինչպե՞ս է պահպանելու չեզոքություն: Եվ ինչքանո՞վ է ճիշտ չեզոքության պահպանումը:

Խնդիրը բացառապես երկկողմ հարաբերությունների կոնտեքստում է, Հայաստանն ընդհանրապես կարիք չունի ինչ-որ բան անելու։ Սա ռուս-բրիտանական «փոխհրաձգության» ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, մանավանդ հետախուզությունների «ճակատամարտում»։ Իրենք կգան ընդհանուր հայտարարի ինչ-որ ժամանակահատվածում։

Թերեզա Մեյն իր ելույթում նշեց, որ Ռուսաստանն իր էներգետիկ ռեսուրսների միջոցով փորձում է ազդեցություն ունենալ այն երկրների վրա, որոնց մատակարարում է դրանք: Ի՞նչ կասեք այս մասին, առավել ևս, որ ՀՀ-ն էլ է էներգետիկ առումով կախված ՌԴ-ից:

Իսկ կա՞ մի էներգետիկ ռեսուրսով պետություն, որ ազդեցություն չունի կամ չի փորձում ունենալ այդ ռեսուրսը մատակարարվող երկրների վրա։ Հեռու չգնանք. Ադրբեջանն ազդեցություն չունի՞ Թուրքիայի կամ Վրաստանի վրա։ Էներգետիկ ռեսուրսներն աշխարհաքաղաքական իրողություններ են թելադրում այնպես, ինչպես հարուստներն աղքատներին։ Զարմանալու ոչինչ չկա։ Եթե մենք էլ նավթ կամ գազ ունենայինք, մենք էլ դա կվերածեինք ազդեցիկ քաղաքական գործիքի։

Նույն շարքից