Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Եթե չունես լավ թիկունք, շատ դժվար ու բարդ մասնագիտություն է. Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյան

analitik.am

Analitik.am- ի հետ զրուցակիցն է քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը:

Մարիաննա, խոսենք քանոնի մասին, ի՞նչ պատմություն ունի այն:

Քանոնն ազգային նվագարան է, համարվում է արևելյան գործիք, մեզ է հասել 5-րդ դարից։ Գիտեք, մեծ հետաքրքրություն կար գործիքի պատմության,ծագումնաբանության վերաբերյալ ու գրեթե ոչ մի տեղ ամփոփ տեղեկություններ չկային։ Ես տարբեր աղբյուրներից պեղեցի, պրպտեցի նյութեր ու վիքիպեդիայում մի ծավալուն հոդված պատրաստեցի, որպեսզի բոլորին հասանելի լինի քանոնի վերաբերյալ տեղեկությունները, որը նաև նախատեսված էր հանրագիտարանի համար։

Ո՞ր տարիքից եք սկսել նվագել և ինչո՞ւ ընտրեցիք հենց այս երաժշտական գործիքը:

Դպրոցական տարիքից հաճախել եմ երաժշտական դպրոց ու ճակատագրի բերումով դարձա քանոնահարուհի։

Ձեր գործենեության  շրջանում ի՞նչ դժվարություններ եք ունեցել և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

Ինձ համար կոնսերվատորիա ընդունվելուց մինչ օրս ամեն ինչ բարդ է, որովհետև ինքս եմ հասել ու հասնում։ Եթե չունես լավ թիկունք, ինչպես ամեն տեղ, շատ դժվար ու բարդ մասնագիտություն է, փշոտ ու սթրեսային ու եթե հնարավորություն լիներ երկրորդ անգամ ընտրելու,  հաստատ չէի ընտրի։

Քանոնի հնչյուններն  ի՞նչ ազդեցություն ունեն ունկնդրի վրա և հիմնականում ի՞նչ եք ցանկանում փոխանցել քանոն նվագելիս:

Քանի որ քանոնն  արևելյան գործիք է, իր մեջ է արևելքի ողջ կախարդանքն ու գաղտնիքը: Ես փոխանցում եմ հանդիսատեսին իմ ողջ էությունը, որպեսզի իմ կատարումից հետո միշտ իրենց սրտերում ու հոգիներում մնա և ապրի։

Կապ ունի՞,  թե ով է նվագում քանոն՝ տղամարդ թե կին, թե՞  կոնկրետ մարդկային տեսակից է կախված քանոնի միջոցով ստեղծված երաժշտությունը:

Կարծում եմ՝ կանանց նվագն ավելի հաջող է, քանի որ մենք ավելի էմոցիոնալ ենք և ավելի լավ ենք զգում ու  փոխանցում երաժշտության թե նուրբ երանգները,  և թե լարված պահերը։ Ես խտրականություն չեմ դնում, կարևորը երաժշտությունը ճիշտ տեղ հասցնելն է , որպեսզի օտարը հասկանա քո արվեստի լեզուն։

Ի՞նչպես եք տեսնում ներկայումս քանոնահարության զարգացումը մեր երկրում:

Զարգացում բոլոր ժամանակներում եղել է ու պիտի լինի։Կոմիտաս Վարդապետը մաքրեց, զտեց մեր երաժշտությունը, իսկ հիմա նորարարության ներքո մի մեդալի, մի անարժեք կոչման համար պետք չէ արժեքներն  ուրանալ, մենք ունենք հարուստ ու դարավոր մշակույթ, որը պետք է պահել ու զարգացնել։

Նվագելիս ի՞նչ զգացողություններ եք ունենում:

Նվագելիս է, որ անէանում եմ, ճախրում․․․ իմ հետ տանելով բոլորին։

Խոսենք փառատոններին մասնակցելու մասին,ի՞նչ է տալիս Ձեզ որպես հայ այդ փառատոններում մասնակցություն ունենալը:

Մրցույթ- փառատոններ այդքան էլ  չեմ սիրում, որովհետև միշտ չէ,  որ արդար է անցնում, բայց իհարկե պետք է մասնակցես, ներկայանաս ու ներկայացնես քո ազգային արվեստն ու մշակույթը։

Որքանո՞վ է հեշտ ազդել հասարակության կարծիքի վրա հենց քանոնի հնչյունների միջոցով:

Թելադրողը ես եմ իմ ներկայացրած արվեստով և ջանք ու եռանդ չեմ խնայում իմ արվեստը հասանելի դարձնելու մեր ժողովրդին, բայց հակառակը պետք է լինի։ Ցավոք, հեռուստաընկերություններով չի հեռարձակվում մեր իսկական հայկական երգն ու երաժշտությունը։Չի լուսաբանվում իսկական մշակութային կյանքը։Ես իմ օրինակով կարող եմ ասել՝ ով լսում է իմ նվագը, սիրում է։

Մարիաննա, վերջերս երաժշտական կատարմամբ մասնակցություն եք ունեցել հայ զինվորի պատվին նվիրված միջոցառմանը և այդպիսի միջոցառումներին ձեր ներկայությունը մշտական  բնույթ է կրում:Բնութագրեք հայ զինվորին և ի՞նչ կմաղթեք նրանց:

Դա ուղակի յուրաքանչյուրիս պարտքն է՝ գտնվել մեր զինվորի կողքին, չէ՞ որ իրենք իրենց կյանքով են մեր կյանքը պահում։ Մեր սահմանները միշտ անառիկ թող լինեն ու մեր զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում։

Ստորև ներկայացնում ենք Մարիաննա Գևորգյանի նվագներից մեկը.

 

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից