Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Երբ խուլն ու համրը փորձում են խաղաղություն քարոզել. Միջազգային գիտաժողով Արցախյան հիմնախնդրի շուրջ

analitik.am

Բակո Սահակյանի այցն ԱՄՆ արձանագրեց Արցախյան հիմնախնդրի շուրջ գործընթացների ակտիվացում։ Արցախի նախագահի մակարդակով աննախադեպ այցին նախորդում էր վերջին տարիներին իր մակարդակով ևս աննախադեպ այցը՝ ՀՀ ԱԺ պատվիրակության այցը: Այս այցերը զուգորդվեցին Երևանում Կովկաս ինստիտուտի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովի մեկնարկի հետ:

«Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրի ներքո կազմակերպված գիտաժողովին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիպկորպուսի զգալի հատվածը՝ ի դեմս ՄԹ, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա դեսպանների և բազմաթիվ այլ դեսպանատների ներկայացուցիչների: Այս հանգամանքը գուցե  ավելի կարևոր էր, քան բանախոսների և մասնակիցների բավական ներկայացուցչական կազմը:

Զեկույցների ենթատեքստում բավական հաճախ էր լսվում Ռուսաստանի քաղաքականության հանդեպ դժգոհություն, սա ,անշուշտ, ոչ միայն ՄԹ և ՌԴ միջև վերջին օրերի լարվածության արդյունք է, այլ հարյուրամյակներով ձգվող գերտերությունների տրամաբանական պայքարի տրամաբանական շարունակություն: Անգլոսաքսերն ունեն իրենց շահերը, Ռուսաստանն ունի իր շահը և դրանք գրեթե երբեք չեն համընկնում: Հակառուսականությունից զատ հիմնական ուղերձը կայանում էր խաղաղություն քարոզելու մեջ: Բանախոսները պնդում էին, որ հայ հասարակությունը չի տեսնում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհ, և  այդ իրողությունը փոխել է պետք, սակայն չգիտես ինչու այդպես էլ չհնչեց մի հոդաբաշխ տարբերակ, թե ինչպես է հնարավոր խաղաղություն հաստատել մի հակառակորդի հետ,ով ամեն գնով այդ խաղաղությունից փորձում է խուսափել, առավել ևս, երբ միջազգային հանրությունն այդ հակառակորդին որևէ կերպ ճնշելու  ցանկություն բացարձակ չունի:

Միջազգային հանրություն կոչեցյալը կոնկրետ Արցախյան խնդրի մասով նշանակում է ԱՄՆ, ՄԹ և Ֆրանսիա եռյակը: Ուշագրավ է, որ Ֆրանսիայի դեսպանը գիտաժողովին ներկա չէր: ՄԹ-ից ու ԱՄՆ-ից որևէ լուծում առաջարկելու ակնկալիք չպիտի էլ լինի, քանի որ հենց ՄԹ ներդրումներն են, որ Ադրբեջանին թույլ են տալիս ակտիվորեն սպառազինություն գնել, և հենց ԱՄՆ տեխնոլոգիաներն ու օժանդակությունն է, որ Իսրայելին թույլ է տալիս Ադրբեջանին ռազմամթերք վաճառել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս խախտում է այս փակ շղթան՝ Ադրբեջանի վրա քաղաքական ազդեցություն գործադրելով՝ ունենալով մի նպատակ՝  զենք վաճառել Ադրբեջանին։

Միացյալ Թագավորության ջանքերը խաղաղություն փնտրելու գործում հասկանալի են, տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներն ի դեմս նավթային ենթակառուցվածքների պաշտպանել է պետք: Իրենց տեսանկյունից կարևոր էլ չէ, թե ինչ ֆորմատով է լինելու խաղաղություն կամ լինելու է այն առհասարակ, թե՝ ոչ, կարևորն իրենց խողովակին «կպնող» չլինի: Պոտենցիալ կպնողները Հայաստանում են և հենց այդ պատճառով իրենց խաղաղության քարոզը կենտրոնացած է հենց Հայաստանի վրա, ոչ թե Ադրբեջանի:

ԱՄՆ-ն զուտ ֆինանսական շահերից զատ հետապնդում է նաև գլոբալ աշխարհաքաղաքական նպատակներ՝ փորձելով Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից կամ գոնե առնվազն հավելյալ լարվածություն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում: Հետևաբար թե՛ Բակո Սահակյանի այցը և թե՛  խաղաղասեր ելույթները հենց այդ տեսանկյունից է պետք դիտարկել և ավելորդ հույսեր չկապել:

Հանդիսանալով մեծ մասամբ անբովանդակ դատարկախոսություն՝ նման միջոցառումները որպես կանոն հարմար առիթ են  անհարմար իրավիճակ ստեղծել սոլիդարության որոշ միջավայրում աշխատելուն սովորած դիվանագետների և փորձագետների համար, և այս տողերի հեղինակը որոշեց այս  հնարավորությունը բաց չթողնելով:

Նախ հարց ուղղեցի ՄԹ դեսպանին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք նա համարում է, որ շփման գծում լարվածության համար հավասարաչափ պատասխանատվություն են կրում հակամարտության երկու կողմերը: Դեսպանը, իհարկե, հրաժարվեց պատասխանել հարցին՝ քաջ գիտակցելով ցանկացած պատասխանի հետևանքները:

Այնուհետև միջոցառման կազմակերչներին հարց ուղղվեց՝ խնդրանքով պարզաբանել, թե ինչու են նրանք կազմակերպում միջոցառումներ, որոնց իմաստն անհնարին խաղաղության հասնելու քարոզն է: Այս հարցին ևս պատասխան չհնչեց: Հենց այս երկու անպատասխան հարցերի մեջ է կայանում Արցախյան հիմնախնդրի պատային իրավիճակի ողջ էությունը: Սայլը տեղից կշարժվի այն ժամանակ, երբ աշխարհի հզորները կուզենան արձանագրել, թե ով է ստեղծում լարվածությունը, իսկ արձանագրելուց հետո կհասականան, որ խաղաղությունը պարտադրել է պետք, ոչ թե քարոզել: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, այս միջոցառումները կրելու են զուտ ռուսներին ներվայնացնելու բնույթ:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից