Բարի օր Հասարակություն 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մոտ 40 անդամ միացել է Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության կոչին

analitik.am

Ինչպես հայտնում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին՝ կոչ անելով աջակցել Արցախի և Հայաստանի համար 2019 ֆինանսական տարում 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին:

«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքը հայտնել կոնգրեսական Փալոնին, Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» օգնության փաթեթին աջակցելուն»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ավելի վաղ  ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը դիմել էր Սենատին՝ խնդրելով որպես օգնություն Արցախին և Հայաստանին 70 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարն օգտագործվելու է Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, հաշմանդամների վերականգնման համար: Գումարի մի մասն էլ լինելու է տնտեսական օգնություն Հայաստանին:

Հանձնախումբը նաև կոչ էր արել կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

Նույն շարքից