Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուրեն Մկոյանի նախագահությամբ շարունակվում է Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը 4 հոգու սպանության գործով դատավարությունը: Դատական նիստն ընթանում է խիստ լարված մթնոլորտում:
Նիստի հենց մեկնարկին դահլիճում ներկա եզդիները հայհոյանքներ ու անեծքներ ուղղեցին ամբաստանյալ Թելման Քալաշյանի հասցեին, ով էլ իր հերթին նման ոճով պատասխանեց վերջիններիս:
Բանը հասավ նրան, որ դատավորը կարգադրեց նիստերի դահլիճից հեռացնել Քալաշյանին, իսկ ընդմիջումից հետո ներկաներին զգուշացրեց, որ այս կերպ շարունակվելու դեպքում նրանց կհեռացնի:
Թելման Քալաշյանը մեղադրվում է 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում չորս անձի սպանություն մեջ:
Բացի դրանից, ըստ մեղադրանքի, Քալաշյանը 1999թ.-ին ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն և ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչև 2014թ.-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ օգոստոսի 25-ին էլ կատարել է նաև սուտ մատնություն:
Այսպիսով, Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, ՀՀ ՔՕ-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 333-րդ հոդվածի 1-ին մասով: