Բարի օր Հասարակություն Մշակույթ 

Անթույլատրելի է դիլետանտների առկայությունը եթերում. Գիսանե Պալյան

analitik.am

Analitik.am - ի զրուցակիցն է երաժիշտ,երգահան Գիսանե Պալյանը:

Գիսանե,կան արդյո՞ք աշխատանքներ, որոնք չեն հրապարակվել,սակայն շատ կցանկանայիք,որպեսզի հանրությունը լսեր,տեսներ և գնահատեր դրանք:

Շատ գործեր կան,որոնք հրապարակված չեն՝ ես շատ խստապահանջ եմ իմ արած գործերի հանդեպ և ամեն աշխատանք չէ,որ արժանանում է իմ կողմից հանրությանը ցուցադրելու իրավունքին:

Ձեր ֆեյսբուքյան էջի վերջին գրառման մեջ հայտնել եք, որ  EmpYraY  ռոք խմբից սպասենք նոր երգ:Կբացե՞ք փակագծերը:

Նոր մտահղացումներ շատ ունենք: Իմ գրառումը մի նոր երգի է վերաբերվում,որը, կարծում եմ, անակնկալ կլինի մեր երաժշտությունը սիրողների համար:

Հայ երգարվեստում ի՞նչ տեսակ անարդարություննների եք հանդիպել և մի՞թե դժվար չէ հենց Հայաստանում ռոք ժանրի երաժշտություն ստեղծելն ու տարածելը:

Ինչ ուզում եք ասեք, բայց մեր ժողովուրդը իր մեծամասնությամբ արևելյան երաժշտությանն է հակված:Երաժշտության ավելի պրոգրեսիվ տեսակները մեծամասնության համար չեն: Ռոքն այդ ուղղություններից մեկն է: EmpYraY ռոք խմբից առաջ էլ էին գործում շատ հետաքրքիր խմբեր (Ասպարեզ, Այաս, Ոստան Հայոց և ուրիշներ):Մեր խումբը, շարունակելով բարի ավանդույթները, էլ ավելի մասսայականացրեց այդ ոճի երաժշտությունը՝ չմոռանանք, որ առաջին սաունդտրեկները ռոքային ոճի մեջ հենց EmpYraY-ին էին պատկանում:Եվ առաջինները, որ հավատացին  ու ռոքի ճանապարհը բացեցին  լայն մասսաների առջև Ռադիո Վանն էր և Շանթ հեռուստաընկերությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք իրենց:

Ըստ ձեզ ի՞նչ է պետք երիտասարդ երգահանին հաջողության հասնելու համար և ի՞նչ դեր ունի այդ ամենում պետությունը:

Հիմա շատ մեծ հնարավորություններ կան երգահանների համար ինքնաարտահայտվելու և ներկայանալու հանդիսատեսին: Չափազանց ողջունելի ֆորմատ ստեղծվեց Շանթ հեռուստաընկերության կողմից (Պրեմիերա նախագիծը),որը հնարավորություն է տալիս անհայտ, բայց տաղանդավոր ստեղծագործողներին ներկայացնել իրենց երգերը:Մեր ժամանակ,ցավոք,էդպիսի ծրագրեր չկային:Մասսայականացմանը նպաստում են նաև սոցցանցերը:

Ինչպիսի՞ փոփոխություններ կցանկանայիք տեսնել հայ մշակութային կյանքում և արդյո՞ք արվեստագետի թեթև ձեռքով չեն կատարվում այդ փոփոխությունները:

Կա մեդալի երկու կողմ՝ եթե մենք խոսում ենք շոու-բիզնեսի մասին,ապա երաժիշտը պետք է առաջնորդվի բիզնեսի կանոններով,այսինքն ստեղծի այն, ինչն ունի պահանջարկ հետագայում շահավետ վաճառելու համար իր ստեղծածը: Եթե խոսում ենք երաժշտության մասին որպես արվեստ  դաստիարակող և կրթող, ապա էս դեպքում այն անշահախնդիր է, և  պետական աջակցության կարիքն ունի: Բայց ինչի մասին է խոսքը, եթե արվեստագետ-երաժիշտները ողորմելի վիճակում են: Տեսեք ինչպիսի չնչին աշխատավարձներ են նրանք ստանում կրթական օջախներում, եթե ընդանրապես կարողանում են աշխատանք գտնել: Սա պետության լուրջ բացթողումներից է, կարծում եմ:

Ի՞նչ պայմաններ են պետք ստեղծագործող մարդուն,որպեսզի աշխատանքը համեմատաբար հեշտ ու հաջողված լինի:

Կարծում եմ՝ ստեղծագործող մարդու համար ամեն բան կարող է ոգեշնչման առիթ լինել՝ թե դրական և թե բացասական երևույթները: Կարևորը ստեղծագործական էությունն է՝ այն միշտ ինքնաարտահայտման տարբերակներ կգտնի:

Մի շարք պրոյեկտներում ձեր անմիջական դերն ու ազդեցությունը նկատելի դարձան հենց հեռուստատեսությունից, ի՞նչ դեր ունի հեռուստատեսությունը ձեր կյանքում:

Ցանկացած երաժշտի համար հեռուստատեսությունն  իր աշխատանքները հանդիսատեսին ներկայացնելու ամենալավ միջոցն է:Չնայած համացանցի և սոցցանցերի ներխուժմանը մեր կյանքի մեջ, հեռուստատեսությունը մնում է ամենահզոր դաստիարակող օղակը հանրության համար: Եվ այդ պատճառով անթույլատրելի է դիլետանտների առկայությունը եթերում:

Բացի երգարվեստից  ուրիշ ի՞նչ զբաղմունքներ ունեք, որոնք քիչ,  թե շատ հոգեհարազատ են ձեր ստեղծագործ տեսակին:

Ես «լայն պրոֆիլի» երաժիշտ եմ, դաշնակահար, ուսուցանել եմ վոկալ, երգչախմբավարություն, անգամ շվի եմ սովորել նվագել: Հիմա ինքս դասավանդում եմ վոկալ իմ ստուդիայում և զբաղվում պրոդյուսերական աշխատանքով:

Ի՞նչ առաքելություն ունի Գիսանե Պալյանն այս կյանքում,այս երկրում,այդ թվում հայ երիտասարդ սերնդի երաժշտական ճաշակի զարգացման գործում:

Իմ առաջին առաքելությունը կարծում եմ՝ իմ երեք երեխաների մայր լինելն է: Երկար տարիների ուսման և աշխատանքի կուտակած փորձը ժամանակն էր, որպեսզի սկսեի փոխանցել երիտասարդներին՝ նրանց, ովքեր ինձ պես մի փոքր այլ են մտածում, քան մեծամասնությունը, նրանց,  ում համար երաժշտությունը միայն ժամանց չէ, այլ՝ ասելիք:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից