Տնտեսություն 

Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է. Վրաստանի խորհրդարանի նախագահ

analitik.am

Մարտի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից:

Ողջունելով ՀՀ դեսպանին, Վրաստանի խորհրդարանի նախագահը նշեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, ունենալով պատմական խոր արմատներ, այսօր արձանագրում են վերընթաց զարգացում տարբեր ուղղություններով, որոնցից արաժանահիշատակ է տարեցտարի կայուն աճ գրանցող երկկողմ տնտեսական հարաբերությունները։

Դեսպան Սադոյանն իր հերթին, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև սերտ համագործակցության կարևորությունը։

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այդ համատեքստում երկուստեք շեշտվեց խորհրդարանական բարեկամության խմբերի անդամների միջև շփումների և փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:

Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով զբոսաշրջության թեմային, մեծ գոհունակությամբ խոսեց այն մասին, որ Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է՝ հավելելով, որ վրացական կողմը դրան մեծ կարևորություն է տալիս։

Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացումը լայն հնարավորություն կստեղծի նաև մարդկային շփումների համար, ինչն իր հերթին նույնպես կնպաստի երկկողմ կապերի խորացմանը։

Խորհրդարանի նախագահը, խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության մասին, նշեց, որ ցանկալի կլիներ, որպեսզի հայկական և վրացական գիտական շրջանակների միջև շփումներն ավելի ակտիվանան և այդ ուղղությամբ համատեղ նոր նախագծեր ու համագործակցության նոր հարթակներ ձևավորվեն։

Ռուբեն Սադոյանը խորհրդարանի նախագահին ներկայացրեց նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների և կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:

Նույն շարքից