Հասարակություն Մշակույթ 

Առաջին անգամ Հայաստանը միացել է «SanremoJunior» հռչակավոր մրցույթին

analitik.am

Հայաստանյան երաժշտարվեստի ոլորտում պատմական իրադարձություն է տեղի ունեցել՝ առաջին անգամ Հայաստանը միացել է “SanremoJunior” հռչակավոր մրցույթին մասնակցող երկրների շարքին, այդ առիթով  հնարավորություն է ընձեռվել անցկացնելու պատանեկան «Սանրեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան ընտրությունները:

Նշենք, որ “SanremoJunior” մրցույթն անցկացվում է 2010 թ.-ից, Իտալիայի գեղատեսիլ քաղաքում՝ հանրահայտ Արիստոն համերգասրահում՝ բարձրակարգ նվագախմբի կենդանի նվագակցությամբ: Այս տարիների ընթացքում մրցույթի ընտրական փուլի անցկացման իրավունքը գնել են աշխարհի մի շարք պետություններ: Այս տարի այդ բացառիկ հնարավորությունն ընձեռվեց Հայաստանին` շնորհիվ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետեւողական և հայրենանվեր գործունեության:
Հայաստանյան ընտրական փուլի հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ իրենց ոլորտում արհեստավարժ մասնագետներ՝Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Զարուհի Բաբայանը,
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը,Երեւանի Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգահան Սուսաննա Բարսեղյանը, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երեւանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ , հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, Ճանաչված երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, վերադաշնակող Կարեն Մարգարյանը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամ Զառա Արամյանը:
Հանձնաժողովը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանը:

“SanremoJunior” երգի միջազգային 9-րդ մրցույթի Հայաստանյան եզրափակիչ փուլը, որի արդյունքում ընտրվեցին Հայաստանի մասնակիցները Սան Ռեմոյում, տեղի ունեցավ մարտի 14-ին, Երևանի Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահում, որին մասնակցեցին մարտի 6-ին և 7-ին Գյումրիում և Երևանում կիսաեզրափակիչ փուլերին մասնակցած լավագույն կատարողները:
Լսումներից հետո ժյուրին աննախադեպ որոշում կայացրեց, հավասար՝ առավելագույն միավորներ վաստակած երկու մասնակից կներկայացնեն Հայաստանը աշխարհահռչակ միջազգային մրցույթում:

Հաղթող ճանաչվեցին  Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանը և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանը։

Մասնակիցները Հայաստանի դրոշի ներքո ելույթ կունենան Իտալիայի Սան Ռեմո քաղաքում, ապրիլի 19-ին:

Նույն շարքից