Քաղաքականություն 

Ալիևը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի հարևան մնացած պետություններին

analitik.am

Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից

Հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Անդրադառնալով շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ այդ հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի շարք խնդիրներ լուծում ստանան, ստեղծվեն նոր աշխատատեղեր և այլն։

Հարցեր հնչեցին Հայաստանի սահմանակից մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության, մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների հետ կապված։

Դեսպան Սադոյանն իր խոսքում ընդգծեց Թբիլիսիի հետ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության կապի ամրապնդման և վրացերեն լեզվի ուսուցման կարևորությունը։

Ներկաներից մեկին հետաքրքրում էր Իլհամ Ալիևի արած վերջին հայտարարությունը, որ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական  պատմական հողեր են։ Հարցին ի պատասխան՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը  նշեց, որ Ալիևի հայտարարություններն արդեն մառազմատիկ բնույթ են կրում, և եթե այսպես շարունակվի, ապա Ալիևն իր հաջորդ տարածքային պահանջները կներկայացնի Ադրբեջանի հարևան մնացած պետությունների նկատմամբ։

Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ և Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով։

 

Նույն շարքից