Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Իմ երկրում ես գնահատված եմ. Վիգեն Ղազարյան

analitik.am

Analitik.am –ը  զրուցեց հայ արվեստագետ, գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանի հետ:

Պարոն Ղազարյան, Դուք ԵԳՊԱ արվեստի պատմության, տեսության և հումանիտար առարկաների ամբիոնի վարիչն եք: Ի՞նչ դեր ունի կրթական համակարգը, կրթության ընդհանուր մակարդակն արվեստի ճիշտ ընկալման մեջ:

Արվեստի ճիշտ ընկալումը հարաբերական հասկացություն է, ինչպես նաև սուբյեկտիվ: Կախված է կրթվածության աստիճանից կամ մակարդակից, ինչպես նաև փորձից: Ոմանք կարծում են, թե որևէ արվեստի գործ տեսնելիս ճիշտ են ընկալում, սակայն ճշմարիտ ընկալումը պահանջում է առաջին հերթին արվեստի պատմության իմացություն, փորձ, կրթվածության մակարդակ, ճաշակ, նույնիսկ ժամանակ:

Դուք նաև  գիտական և հանրագիտարանային բազմաթիվ հոդվածների հեղինակ եք: Կպատմե՞ք այդ մասին:

Դա ևս աշխատանք է, որն արվել է տարիների տքնաջան և երկարատև աշխատանքի արդյունքում: Հանրագիտարանի հոդվածը պետք է լինի հստակ, հակիրճ: Այն պահանջում է անբեկանելի ճշմարտություն և ճշտվածություն, որն էլ իր հերթին պահանջում է հսկայական աշխատանք:

Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում տարվող մշակութային քաղաքականությունը: Ընդհանրապես  նման քաղաքականություն մեր երկրում տարվո՞ւմ  է,  թե  ոչ:

Իհարկե, տարվում է: Բավականին լուրջ աշխատանքներ են տարվում դարերով եկած մեր մեծագույն հարստությունը՝ հայոց մշակույթը պահպանելու, զարգացնելու, արտասահմանում առավել ճանաչելի և հասանելի դարձնելու, ինչպես նաև պատշաճ մակարդակով մատաղ սերնդին փոխանցելու և կրթելու ուղղությամբ: Ինչի վառ օրինակն է «Հայ արվեստի պատմություն» վերտառությամբ շքեղ հատորը: Հայաստանի մշակութային հանրությունը, ինչպես նաև սփյուռքահայության մի մասը բախվեց հայ կերպարվեստի պատմության համապարփակ ու պատշաճ գիրք ունենալու անհրաժեշտությանը: Եվ 2009-ին, «Զանգակ–97» հրատարակչության ու հանրապետության առաջատար մասնագետներից համալրված հեղինակային կոլեկտիվի ջանքերով լույս տեսավ վաղուց սպասված «Հայ արվեստի պատմություն» գիրքը, որն արդեն արժանացել է ՀՀ պետական մրցանակի: Գրքի հեղինակներն են անվանի գիտնականներ, այդ թվում նաև ես: Գիրքը ներկայացնում է ազգային ճարտարապետության ու կերպարվեստի ամբողջական պատմությունը` հնագույն շրջանից մինչև XXI դար: Սա այն գրքերից է, որն օգտագործվում է որպես դասագիրք և որպես հանրագիտարան հասարակության լայն խավերի համար:

Ինչպե՞ս միջազգայնացնել մեր մշակույթը:

Որակով և միջազգային կապերով, ինչի համար անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ, մեծ աշխատանք և գումարներ:

Որպես արվեստաբան, ի՞նչ կարծիք ունեք մշակութային կառույցների վերաբերյալ: Ինչքանո՞վ է դրանց գործունեությունը ֆունկցիոնալ:

Այս հարցի պատասխանը դժվարանում եմ տալ, քանի որ լուրջ գիտական ուսումնասիրություն է պահանջում, իսկ գիտնականներին և արվեստաբաններին չեն ներառում մասնակցել նման հարցերի քննարկմանը:

Ըստ Ձեզ, ժամանակակից արվեստի որակը մեր երկրում ինչո՞վ է պայմանավորված, որո՞նք են հիմնական ազդող լծակները:

Շատ բարդ է ժամանակակից արվեստը և մի կետի վրա չի կանգնում: Արվեստը որոշ իմաստով կանգնած է փակուղու առջև, քանի որ Հայաստանում արվեստագետների նյութական պայմանները  սուղ են:

Պարոն Ղազարյան, ի՞նչ արձագանքների են արժանացել ձեր աշխատանքները Հայաստանում և Հայաստանից դուրս:

Լայն և ընդգրկուն են իմ գիտական հետաքրքրությունների շրջանակները: Ես զբաղվում եմ հայ միջնադարյան կերպարվեստի պատկերագրությամբ, արդի հայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունների հետազոտությամբ և քննադատությամբ, ինչի վկաներն են Երևանում և Մոսկվայում հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակված տասնյակ արվեստագիտական գրքեր: Իմ աշխատանքները դրական արձագանքների են արժանացել ինչպես հայ և ռուս, այնպես էլ օտարազգի մի շարք մասնագետների կողմից:  Երևանում, Մոսկվայում, Նյու Յորքում, Թիֆլիսում, Իտալիայի տարբեր քաղաքներում և այլուր հայերեն, ռուսերեն, անգլերեն տպագրվել են 150 գիտական, քննադատական, հանրագիտարանային հոդվածներ:

Ասում են՝ արվեստը կարող է նպաստել մտածողության փոփոխությանը: Ի՞նչ տեսակի և որակի արվեստ է պետք Ձեր պատկերացմամբ, որպեսզի մեր հասարակությունն  ընկալի և գնահատի այն:

Արվեստը սնունդ է տալիս և՛ մարդու զգացումներին, և՛ ուղեղին: Պատահական չէ, որ «Գեղագիտության կենտրոնը» գտնվում է գլխուղեղի կեղևի դիմաճակատային մասում, որը կատարում է նաև վերլուծական գործառույթ, որը նպաստում է արվեստագետների կենտրոնացմանը, հատկապես ելույթների ժամանակ, ինչը մենք գիտենք Էյնշտեյնի նման մեծագույն գիտնականների վկայություններից: Պետք է փաստեմ, որ հասարակությունը շատ հաճախ արվեստը չի ընկալում:

Իսկ մշակութային ոլորտում պետության դերի մասին ի՞նչ կասեք:  Փոփոխություններ կատարելու ո՞ր տարբերակն եք հնարավոր համարում:

Դժվար հարց է: Հաճախ գեղարվեստական արտահայտությունը և պետության պահանջները հակադրվել են: Շատ արվեստագետներ  ապրել են կամ աղքատ կամ հարուստների հովանավորչությամբ, իսկ պետության դերը մշակութային ոլորտում, ըստ իս, պետք է լինի լավ ստեղծագործողների և արվեստագետների հայտնաբերումը, ճանաչումը, խրախուսումը, ինչը մեր երկիրը կդարձնի մշակութային ոլորտում առավել մրցունակ:

Դուք նաև ստացել եք բազմաթիվ պարգևներ և կոչումներ: Ի՞նչ նշանակություն ունեն դրանք ձեզ համար:

Պետական կոչումներն ու պարգևներն ամրացնում են ստեղծագործողի և արվեստաբանի ինքնավստահությունը: Ես շնորհակալ եմ իմ երկրում այսչափ գնահատված լինելու, պետական մակարդակով ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Նման վերաբերմունքը լավագույն քաջալերանքն է ստեղծագործողի համար: Չեմ կարող չնշել, որ մի քանի օր առաջ իմ պետական պարգևների և կոչումների կողքին ավելացավ ևս մեկը՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից  «Վաստակագիր» արվեստագիտության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների և ՀՀ ԳԱԱ համակարգում երկարատև ու վաստակաշատ աշխատանքի համար:

Պարոն Ղազարյան, որպես արվեստաբան, գիտնական և մշակութային վաստակավոր գործիչ, ձեզ գնահատվա՞ծ եք զգում մեր երկրում:

Ես իմ ժողովրդի անդամն եմ և նրան ծառայողն իմ կարողությունների չափով: Իմ երկրում ես գնահատված եմ ինչպես արվեստաբանների, իմ սաների կողմից, այնպես էլ պետության:

 

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից