Քաղաքականություն 

Տնտեսության ամբողջ տարվա աշխատանքը գնացել է վարկերի մարմանը.Մանե Թանդիլյան

analitik.am

Ինչպես 2017 թվականի 7.5% տնտեսական աճ, այնպես էլ նախորդ տարիներին արձանագրված աճը որևէ դրական ազդեցություն չեն ունենում հասարակության բարեկեցության, բիզնեսի զարգացման վրա: Այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում հայտարարություններ ժամին ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ վերոհիշյալ աճին զուգահեռ 27.000  մարդ է լքել Հայաստանը՝ վերջին 10 տարում արտագաղթի ցուցանիշը հասցնելով  400.000 քաղաքացու, իսկ այս ցուցանիշն  իշխանության տնտեսական քաղաքականության ձախողման գլխավոր գնահատականն է հասարակության կողմից:

Թանդիլյանի խոսքերով,  ՀՆԱ-ի աճը չի կարող ինքնանպատակ լինել, այն պետք է հանգեցնի պետական բյուջեի եկամուտների աճին, որն էլ իր հերթին՝ հասարակության բարեկեցությանը, խնդիր, որը տարեցտարի ավելի է խորանում: Իսկ իշխանությունները 30% աղքատության պարագայում հպարտ հայտարարում են , որ աշխատավարձ և թոշակ հնարավոր չէ բարձրացնել:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ նույնիսկ  պաշտոնական տվյալներով, ՀՀ  բնակչության ավելի քանի 65%-ի եկամուտները ցածր են նվազագույն սպառողական զամբյուղից: Այսինքն երկու միլիոն մարդ չի կարողանում ապահովել նվազագույն սպառողական զամբյուղը, իսկ կառավարությունը խոսում է տնտեսական աճից:

«Նույնիսկ, մի կողմ դնելով աճի վրա ազդող գործոնները, որոնց մեծ մասի հետ դուք կապ չունեք, փաստենք, որ նշված ծավալի տնտեսական աճն ապահովում է մոտ 1.6% բյուջետային եկամուտների աճ, ուղիղ այնքան, ինչքան ավելացել է պետական պարտքի սպասարկման ծախսերը բյուջեում:

Այսինքն այդ աճը չէր էլ կարող ապահովել թոշակների, աշխատավարձերի աճ, քանի որ այն հազիվ բավարարել է ուղղակի պետական պարտքի սպասարկմանը, այսինքն՝ տնտեսության ամբողջ տարվա աշխատանքը գնացել է վարկերի մարմանը»,-ասաց պատգամավորը:

 

 

Նույն շարքից