Քաղաքականություն 

Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 21-ին ընդունել է Կոլումբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Խորխե Ալբերտո Բարանտես Ուլլոային:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես խորհրդարանական համագործակցության խթանմանը: Այս համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկխոսության ակտիվացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման համար եւ Հայաստանը պատրաստ է առավել խոր ու գործընկերային հարաբերությունների զարգացման իբերիկ երկրների հետ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է այս հարցում Կոլումբիայի իշխանությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին եւ ընդգծել, որ հայկական կողմն ակնկալում է Կոլումբիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ զերծ ադրբեջանական ապակառուցողական ազդեցությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը:

Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ մարդկային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքակրթական հարցերում ընդհանուր մոտեցումները: Այս առնչությամբ կողմերն ընդգծել են, որ երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունները լավ հիմք են միջպետական կապերի ամրապնդման համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ Կոլումբիայում առկա ներքաղաքական զարգացումներին, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց:

  • 72
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    72
    Shares

Related Articles