Ամենաընթերցվածներ գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Հայկական ժողովրդավարության ստոր նրբերանգները. Ինչո՞ւ Հրայր Թովմասյանը ստացավ 64 քվե

Մարտի 21-ին Ազգային Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական Դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին 64 պատգամավոր, դեմ՝ 27, 2-ն էլ դեմ լինելն արտահայտեցին քվեաթերթիկ փչացնելով:

Թեպետ քվեարկությունը գաղտնի էր, վիճակագրությունից կարելի է ենթադրել, որ Թովմասյանի նշանակումը երաշխավորել է ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը, ինչը զարմանալի է: Բանն այն է, որ Թովմասյանը հայտնի է որպես ներկայիս սահմանադրության հայրերից մեկը, սահմանադրության, որին դեմ չէր խորհրդարանում ներկայացված որևէ խմբակցություն: Այսինքն՝ իր կատարած աշխատանքին դեմ չէին, բայց իր անձին դեմ են: Սա առավել ուշագրավ է դառնում, երբ հարցը դիտարկում ենք համեմատության մեջ:

Մոտ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 28-ին, Ազգային Ժողովն ընտրեց Բարձրագույն Դատական Խորհրդի անդամներին: Առավելագույն քվեները ստացավ նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Զարմանալի է, որ ամեն պատեհ և անպատեհ առիթներով արդարադատության համակարգը քննադատող և մասնավորապես ՍԴ-ի որոշումները քննադատող մարդիկ 96 կողմ ձայներով ընտրում են մի մարդու, ով 22 տարի շարունակ եղել է արդարադատության ոլորտի ամենաազդեցիկ մարդը: Այսինքն՝ նրա գործունեությունն անընդունելի էր, բայց անձը՝ ընդունելի: ԵԼՔ-ն իհարկե պնդեց, որ իրենց քվեները կեղծվել են, և որ դեմ էին, սակայն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չկարողացան տալ, թե որն էր կեղծելու շարժառիթը: Ըստ ամենայնի, ինչպես և օրեր առաջ Երևանի ավագանու աղմկահարույց նիստի ժամանակ, ԵԼՔ-ը բանավոր կարգով շատ սկզբունքային է, իսկ քվեարկության ժամանակ՝ շատ պրագմատիկ:

Նմանօրինակ քվեարկությունները մերկացնում են Հայաստանի բնակչության խորքային մշակութային յուրահատկությունները, որոնք թույլ չեն տալիս հուսալ, որ ժողովրդավարական մեխանիզմներով տեսանելի ապագայում հնարավոր կլինի այս տարածքում պետություն ստեղծել: Գագիկ Հարությունյանի դեմ 2 քվեաթերթիկը և Հրայր Թովմասյանի դեմ 27-ը շատ տրամաբանական են: Հարությունյանն ամեն ինչ արել է, որ չունենա թշնամիներ և իր պաշտոնը ծառայեցրել է ոչ թե սահմանադրականության հաստատմանը, այլ սեփական նեղ անձնային օրակարգին: Նորագույն պատմության ընթացքում երկրի համար յուրաքանչյուր ճակատագրական որոշում կայացնելիս նա իր ընտանիքի անդամների ապագա պաշտոններն է ունեցել մտքում: Թովմասյան Հրայրն այլ կառուցվածքի մարդ է, նա ոչ նահապետ լինելու նախադրյալներ ունի, ոչ անսահման փառասիրություն: Օրակարգ սպասարկելուց էլ, ըստ ամենայնի, հավատարիմ է լինելու իրեն նշանակած ուժին:

Սա քաջ գիտակցելով՝ մնացած բոլորը դեմ են եղել: Այսինքն՝ դեմ են եղել ոչ թե իր լավ կամ վատ իրավաբան լինելու պատճառով, այլ իր հետ լեզու չգտնելու պատճառով: Ի դեպ, մենք՝ քաղաքացիներս, միայն ուրախ պիտի լինենք եթե պետական համակարգում ավելանան նրանք, ում հետ լեզու գտնելը դժվար է: Ընդդիմություն կոչեցյալը նույն շարժառիթներով դեմ էր Արմեն Աշոտյանի թեկնածությանը, միշտ դեմ է լինելու Վիգեն Սարգսյանին և բոլոր նրանց, ովքեր գերդաստան-քավոր-սանիկ պարադիգմից դուրս են: Իմիջիայլոց, այն փաստը, որ վերջին օրերին գրեթե ամեն օր բանակի հետ առնչվող անձինք են ձերբակալվում, վկայում է այն մասին, որ այս «իզգոյների» վրա դրույք կատարելը ճիշտ որոշում է: Մնում է հուսալ, որ պաշտոնը ստանձնելիս Թովմասյանը կգիտակգի իր առաքելությունը և կդադարի սանիկների համար զանգահարել մարզային կառույցներ:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

  • 101
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    101
    Shares

Related Articles