Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

«Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի. Ղեկավար կոմիտեի հերթական նիստը

analitik.am

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում մարտի 21-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը: Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նիստին  մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչպես նաև պետական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային և հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին, այնուհետև անդրադարձել 2015 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջև կնքված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսական համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումներին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանն առանձնացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա ընդունված Ընտրական նոր օրենսգիրքը, նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ տարվող օրենսդրական աշխատանքները և այլն:

Նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը և դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը, ԵՄ պատվիրակության արձագանքը կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ գնահատումը՝ ՄԻՊ 2017-2019թթ. գործողությունների ծրագրի և Համաձայնագրով նախատեսված 2017թ. հատուկ նախապայմանների իրականացման վերաբերյալ:

 

Նույն շարքից