Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Մեր մոտ ճիշտ և գրագետ հանդիսատեսի պակաս կա.Միքայել Ոսկանյան

analitik.am

Analitik.am- ի զրուցակիցն է երաժիշտ, թառահար, հեղինակ  և կոմպոզիտոր, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի հիմնադիր  Միքայել Ոսկանյանը:

Աշխարհը Հայաստանը ճանաչում է ծիրանի և ծիրանափողի միջոցով, իսկ թառի դեպքում ինչպե՞ս է, առաջին անգամ թառ լսողներն ի՞նչ զգացողություններ են ունենում:

Ընդհանրապես առաջին անգամ գործիքը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում, հատկապես, երբ արվեստ սիրող հանդիսատես է լինում, ովքեր հիմնականում միշտ  հետաքրքրվում են, հարցնում են արմատների մասին, անգամ մարդիկ կան, որ ցանկություն են հայտնում նվագել սովորել: Ամեն դեպքում ես դրական արձագանքներ եմ լսել և ինքս էլ, եթե անգամ մենակ եմ նվագում, փորձում եմ այնպես մատուցել, որպեսզի տարբեր ճաշակների, տարբեր նախասիրություններ ունեցող հանդիսատեսին հետաքրքիր լինի:

Ազգային նվագարանների հանդեպ անտարբերության մասին բոլորս գիտենք, ո՞րն է հենց այս երաժշտական գործիքով նվագելու նպատակը:

Սկզբում եղել է զուտ ցանկություն, որպեսզի սովորեմ այդ գործիքը, իսկ հետագայում հասկանալով, որ շատ քիչ է ուշադրությունն այս գործիքի հանդեպ, փորձել եմ ինքս այնպես անել, որպեսզի հասարակությունը ճանաչի  այս գործիքը և սիրի, որովհետև մեծ մասամբ  ում հետ շփվում եմ,  մի արտահայտություն են անում, որ օրինաչափություն է դարձել. «Մինչև քո կամ ձեր խմբին լսելն  այս գործիքը չէի սիրում»:  Այսինքն առաջին հերթին պետք է փորձել սիրել տալ գործիքը, նույնիսկ եթե չգիտեն, թե որ գործիքն է, եթե սիրեն կհետաքրքրվեն մարդիկ: Շատ շատերն  արդեն իսկ ճանաչում են այս գործիքը և չեն խառնում քամանչայի կամ այլ երաժշտական գործիքի հետ:

Միքայել, գործի՞քն է թելադրում,  թե ինչ մեղեդի պետք է նվագեք,  թե միջավայրը: Ո՞ր ժանրն  է ավելի ճիշտ այս գործիքի միջոցով  ներկայացնել:

Ամեն ինչ կախված է ստեղծագործելու ընթացքից, պահի զգացողությունների հետ: Իմ ստեղծագործություններում ու համերգներում իմպրովիզին մեծ տեղ եմ տալիս: Ընդհանրապես գործիքը հնարավորություն է տալիս կատարողին ցանկացած բան նվագելու ու ցանկացած ձևով նվագելու, իսկ մնացածն արդեն ճաշակի և գրագիտության հարց է: Բնականաբար, թառն ազգային նվարագան է և ազգային երաժշտությունը հիանալի է հնչում նրանից, բոլոր համաշխարհային ճանաչում ունեցած գործիքներն էլ սկսել են ազգայինից, իսկ հետո արդեն այլ ժանրերում, բայց իմ կարծիքով սահմանափակումներ չկան: Ես ինքս դեմ եմ սահմանափակումներին, որովհետև պետք է ազատ լինեմ, ազատ մտածեմ, որպեսզի զարգանամ:

Գերադասում եք առանձին ելույթներ,  թե՞  խմբով:

Գերադասում եմ ելույթ ունենալ ցանկացած տեղ, որտեղ լավ երաժշտություն կարող է հնչել: Թե խմբով, թե անհատական համերգների ժամանակ պատասխանատվությունը մեծ է: Իհարկե խմբով ավելի հեշտ է, քանի որ դու ունես թիմ և ամեն մեկի քայլն ու վերաբերմունքը հեշտացնում է աշխատանքը, սակայն այս դեպքում արդեն ամեն մեկը գիտի՝ ինչ է անում և ինչպես ենք այդ համադրությունը տալիս հանդիսատեսին: Օրինակ, ինչպես սպորտի մեջ է խմբային խաղերում, նույն գաղափարը նաև երաժշտական խմբի մեջ է: Իսկ անհատական համերգների ժամանակ պատասխանատվությունն ավելի մեծ է, որովհետև եթե առանձին ես ելույթ ունենում թեկուզ կես ժամ, այդ կես ժամվա ընթացքում պետք է կարողանաս ամբողջովին գրավել հանդիսատեսի ուշադրությունը:

Պատմեք ձեր հեղինակած մի քանի երգերի և գործիքային ստեղծագործությունների մասին:

Ժամանակին շատ էի ստեղծագործում հենց երգարվեստի բնագավառում, բազմաթիվ երգեր ունեմ գրած, բայց հետագայում անցա ամբողջովին ինստրումենտալ  երաժշտության բնագավառ ու վերջին վեց յոթ տարիներին զբաղված եմ հիմնականում ինստրումենտալ ստեղծագործություններ գրելով:

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը հիմնադրվել է ձեր կողմից: Ո՞րն է խմբի հիմնական նպատակը, ինչպե՞ս ձևավորվեց այն:

Խմբի նպատակը ժամանակակից տենդենցներին համապատասխան ներկայացնել երկու ֆակտոր, առաջինը՝ թառ նվագարանը, երկրորդը՝ երաժշտություն, որը մենք ստեղծում ենք և ճանաչում տալ դրան թե մեր երկրում, թե երկրի սահմաններից դուրս: Անելիքներ դեռ շատ կան, դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, բայց հիմա արդեն բազմաթիվ միջազգային փառատոնների ենք մասնակցել ու մասնակցում:

Գիտենք նաև, որ մասնակցել եք տարատեսակ մրցույթների և փառատոնների: Ի՞նչ տվեցին այդ փառատոնները Ձեզ և նաև խմբին:

Շատ կարևոր ազդեցություն կա միջազգային փառատոններից և մրցույթներից, դրանց ժամանակ շփվել ենք երաժշտական բնագավառում հայտնի մարդկանց հետ, և թե նվագելով իրենց հետ, թե սովորելով, թե ազդվելով իրենցից, կարելի է ասել երաժշտական փորձի մեծ փոխանակում է կատարվել և ավելի շատ աշխատելու ձգտում: Մյուս դրական ազդեցությունը միջազգային հարթակում մեր երկիրը ներկայացնելն է: Իհարկե, մեծ պատասխանատվություն և հպարտություն կա դրա մեջ, որովհետև ընտրված ես որպեսզի ներկայացնես մի ողջ ազգի ներկայիս մշակույթը:

Ինչպիսի՞ն եք պատկերացնում թառի ապագան Հայաստանում տարիներ հետո:

Աշխատանքներ տարվում են և իմ կողմից և արդեն խմբի անդամների կողմից, որպեսզի ավելի զարգանա թառի հանրայնականացումը, որպեսզի մարդիկ ավելի լավ ճանաչեն այս գործիքը: Մշակում ենք տարբեր նախագծեր, աշխատում ենք նաև երիտասարդների և երեխաների հետ: Մինչ այս չեմ մտածել դասավանդմամբ զբաղվել, բայց այս տարվանից սկսած հնարավոր է սկսեմ դասավանդել:

Ըստ ձեզ, ներկայումս ինչ տեսակ երաժշտական միջավայր ունենք: Ի՞նչ փոփոխություններ կկատարեիք մեր երկրում որպես երաժիշտ:

Մեր մոտ ճիշտ և գրագետ հանդիսատեսի պակաս կա: Չեմ ասում որ ընդհանրապես չկա, բայց այդ ամեն ինչը շատ խառնված է: Չունենք պայմաններ, հիմնականում ստեղծագործելու համար, այսինքն շատ բարդ է գտնել տարածք, որտեղ կարող ես ամեն օր  աշխատել: Իհարկե կարող ես նաև շատ աշխատել, բայց գումար չլինելու պատճառով այդ ամենը բավարար արդյունքներ չեն գրանցվում: Չկա միջազգային ստանդարտներին համապատասխան որևէ ձայնագրման ստուդիա, ամեն դեպքում, հարկ է նշել, որ զարգացում այնուամենյանիվ կա, որովհետև երբ հետ ենք նայում, ապա փոփոխություններ, իհարկե, տեսնում ենք: Փոփոխությունները կախված է նաև ինքներս մեզանից՝ երաժիշտներից, որովհետև պետք է ոչ միայն նվագելով զբաղվել, այլ նաև մտածել՝ ինչպես անել, որպեսզի ոլորտը զարգանա ընդհանուր, որպեսզի լինի առողջ մրցակցություն և որակյալ երաժշտություն, դրա շնորհիվ փոփոխություններ ևս կլինեն:

Վերջերս Ձեր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում եք թողել. «Դեմ ենք Նոյեմբերյան համայնքում ընդերքօգտագօրծման նպատակով բոլոր տեսակի հետազոտություններին», խոսենք այդ մասին:

Այո, ես մասնակցել եմ այդ ստորագրահավաքին, որը անհանգստացրել էր հասարակության մեծ մասին, ինքս էլ տեսակով բնապահպան մարդ եմ և դեմ եմ բնության նկատմամբ ցանկացած, չեմ վախենա ասել, հանցագործություններին, որովհետև բոլորս շատ լավ գիտենք դրա հետևանքները: Եվ կարծում եմ՝ հանքաարդյունաբերության փոխարեն պետք է ավելի շատ մտածենք տուրիզմի զարգացման, մշակութային լավ կենտրոն դառնալու մասին,ավելի արդյունավետ կլինի և ավելի էֆեկտիվ: Հիմա կարծես թե կասեցրել են  և դադարեցրել են այդ հանքաարդյունաբերական նպատակներով ուսումնասիրությունները: Ցանկացած հասարակական խնդիրների՝ ոչ քաղաքական, հասարակական ու բնապահպանական խնդիրներին ես ինքս փորձում եմ իմ զբաղվածության և ուժերի ներածին չափով մասնակցություն ունենալ, քանի որ եթե մարդ ունի հետևորդներ,նա կարող է շատ լավ միջոց ու գործիք հանդիսանալ հասարակությանը փոխելու համար: Ես կոչ եմ անում թե արվեստագետներին, թե հայտնի մարդկանց, թե բոլորին հնարավորինս շատ հասարակական խնդիրների շուրջ մտահոգություններ ցուցաբերել:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից