Անալիտիկ կենտրոն Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Չինական երազը և Հայաստանը (մաս 3)

analitik.am

Նախքան «մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության և Հայաստանի կապին անդրադառնալը, հարկ է անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առջև ծառացած խնդիրներին: Հայաստանն անկախացումից ի վեր որդեգրել է բոլոր կողմերի հետ փոխշահավետ արտաքին քաղաքականություն իրականացնելը՝ զերծ մնալով որևէ գերտերության արբանյակը հանդիսանալուց։ Դրա բացատարությունն այն է, որ Հայաստանի առջև եղել են լուրջ մարտահրավերներ՝ ԽՍՀՄ փլուզում, երկրաշարժ և պարտադրված պատերազմ: Այդ պայմաններում խոհեմ չէր լինի միջազգային ասպարեզում սատարել մի կողմին և դեմ դուրս գալ մյուսին՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմի ժամանակաշրջանին: Այժմ, երբ Հայաստանն արդեն կայացած պետություն է և լեռնային Արցախն՝ ազատագրված, հայությունը պետք է շեշտը դնի ազգային արժեքների վրա, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունն էլ պետք է հիմնված լինի ազգային շահի, այլ ոչ հարմարվողականության վրա:

Եթե «կամ-կամ»-ը վտանգավոր քաղաքականություն է և ծնում է ոչ միայն դաշնակիցներ, այլ հակառակորդներ, ապա «և-և»-ի քաղաքականությունը Հայաստանը դարձնում է անողնաշար և զուրկ ինքնուրույն քաղաքակրթություն ունենալուց: Բոլորի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ, բայց հիմնել մեր ուրույն քաղաքականությունն ու աշխարհայացքը: Փաստերը ցույց տվեցին, որ լիբերալիզմը և վայրի կապիտալիզմը միայն պատճառ հանդիսացան ազգի պառակտմանն ու մենաշնորհի ստեղծմանը: Հայաստանն ինչքան էլ ապահով երկիր լինի, բավական խոցելի է դրսից ներթափանցող վտանգավոր ազատական խմբերի կողմից, որոնք աշխատում են կոտրել հայ ազգի դիմադրողականությունը՝ երազային դեմոկրատիա քարոզելով: Դրա նպատակը պառակտված հասարակության ստեղծումն է, որը կլինի մոլորված՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն հարցում կողմնորոշվելիս։

Այս փոփոխվող աշխարհում և պատերազմների հորձանուտում մենք իրավունք չունենք կարևորելու միայն Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ այսօր Չինաստանի նման գերհզոր պետությունն իր գոյությունը զգացնել է տալիս Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում: Հայ-չինական հարաբերությունները գտնվում են բարեկամական հարթության վրա և միտում ունեն զարգանալու՝ անվտանգության, տնտեսության, առևտրի, մշակութային և այլ ոլորտներում:

Գլոբալ առումով արդեն հստակորեն աշխարհը վերադառնում է երկբևեռ ուժերի հարաբերակցության: 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելու փաստը համոզում էր Պենտագոնի մասնագետներին, թե ԱՄՆ-ի դեմ չի կարող պայքարել ոչ մի գերտերություն և ԱՄՆ-ն կարող է ներթափանցել յուրաքանչյուր երկիր կամ տարածաշրջան և իր խաղի կանոնները թելադրել։ Այս ամերիկյան գերակայությունը մեծ հաշվով ձգվեց մինչև «արաբական գարուն» օպերացիան: Վերջինս ցույցերի մեծ ալիք էր, որն էլ ենթադրում էր արաբական աշխարհի վերակառուցում: Սակայն, իրադրությունը զգալիորեն փոխվեց Սիրիայի պատերազմում, երբ տարածաշրջանային ուժերից բացի, հանդես եկան այնպիսի գերտերություններ՝ ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք էլ սատարում էին Սիրիայի իշխանությանը դիվանագիտական և ռազմական հարթակներում:

Հայաստանը չէր կարող անտարբեր լինել վերոնշյալ պատերազմի հանդեպ, քանի որ ուներ սփյուռքի ամենահին համայնքներից մեկի լինել-չլինելու խնդիրը: Սակայն, խնդիրը սահմանափակված չէր լոկ սիրիահայության անվտանգության հարցերով, այլ Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի, հրաժարվել էր իր կողմից ստեղծված «0 խնդիր հարևանների հետ» քաղաքականությունից և որդեգրել էր պանիսլամիստական գաղափարախոսություն, որը նույնպես վտանգ է Հայաստանի և Արցախի համար:

Գաղտնիք չէ, որ 90-ականներին Արցախյան պատերազմում Ադրբեջանի կազմում կռվել են մեծ թվով իսլամիստներ Չեչնիայից, Աֆղանստանից և Պակիստանից: Ավելին՝ Թուրքիան թշնամական կեցվածք ունի թե՛ Սիրիայի և թե՛ Հայաստանի հանդեպ. Մի կողմում հրահրել է պատերազմ, իսկ մյուս կողմում սահմանները փակ պահել՝ պատճառաբանելով Արցախյան հիմնահարցը, այսպիսով՝ ինքստինքյան պատճառ դառնալով հայ-սիրիական հարաբերությունների առավել սերտացմանը: Թուրքիան և Ադրբեջանը բազմիցս փորձել են Արցախյան հակամարտությունը ներկայացնել իսլամական միջազգային հարթակներում՝ որպես կրոնական կոնֆլիկտ: Ներկայումս Թուրքիան Սիրիայի պատերազմում հանդիսանում է Ալ Նուսրայի և ԻԼԻՊ-ի զինյալների հովանավորն ու համակարգողը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հայաստանին անհրաժեշտ է, որ կապերն ավելի սերտացնի Սիրիա-Լիբանան-Իրան-Ռուսաստան-Չինաստան բլոկի հետ:

Երկրորդ խնդիրը տարածաշրջանում քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է, որը խաթարեց խաղաղ բանակցությունների միջոցով Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսլականը. Ադրբեջանը սկսեց ավելի հաճախ խոսել պատերազմների մասին: Հայությունը, բնականաբար, այս նոր իրադրության պայմաններում չի կարող շրջանցել առկա վտանգը: Մեր քաղաքականությունը նույնպես պետք է ենթարկվի փոփոխության և շեշտը դրվի ազգայինի վրա՝ մոբիլիզացնելով համայն հայության ներուժը՝ լինի Հայաստանում, թե՝ Սփյուռքում:

Թուրքական իսլամիզմը ծավալապաշտական գաղափարախոսություն է, որը հայտնի է նեոօսմանիզմով՝ Կիպրոսի կղզուց մինչև Չինաստան, և այս վտանգի դեմն առնելու համար բացվում է համագործակցության նոր հնարավորություն, որը ինքստինքյան մոտեցնում է Հայաստանի և Չինաստանի շահերն անվտանգության հարցում. այսինքն՝ թուրքական սպառնալիքն արդեն իսկ հիմնական տեղ է զբաղեցնում Չինաստանի անվտանգության համակարգում: Թուրք-չինական հարաբերությունները սրվել են, մասնավորապես, Էրդողանի իշխանության օրոք...

Հեղինակ՝ Արարատ Կոստանյան

Նույն շարքից