Հայաստան Քաղաքականություն 

Խորհրդարանը միաձայն ընդունեց նախագահի ևս մեկ լիազորություն վարչապետին հանձնելու նախագիծը

analitik.am

Այսօր՝ մարտի 23-ին, խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկեց և ամբողջությամբ ընդունեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Օրինագծի նպատակն է գործող օրենքով օտարերկրացիներին հատուկ կարգավիճակ տրամադրելու ՀՀ նախագահի լիազորությունները վերապահել վարչապետին:

Առաջին ընթերցման ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշել էր, որ փոփոխությունը բխում է ՀՀ նոր սահմանադրության տրամաբանությունից:

Եղիազարյանի խոսքերով՝ վերոնշյալ կարգավիճակի համար ներկայացվող դիմումների քննարկման կարգը սահմանելու լիազորությունը պատկանելու է ՀՀ կառավարությանը:

Օրինագծով միաժամանակ առաջարկվում է վերացնել հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը:

Այսօր նախագիծն ընդունվեց միաձայն (90 կողմ), իսկ առաջին ընթերցման ժամանակ ընդունվել էր 88 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ:

 

Նույն շարքից