Տնտեսություն 

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն համաժողովին մասնակցում է նաև Հայաստանը

analitik.am

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մարտի 22-ին մեկնարկել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն համաժողովը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հանրային խորհրդատվության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  Տեղեկատվոթյան և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Եռօրյա համաժողովը կազմակերպվել է Համաշխարհային բանկի կողմից` Սլովակիայի և Ավստրիայի կառավարությունների հետ համատեղ: Միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցությանն աջակցել է Հայաստանում ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը։

Համաժողովի նպատակն է նպաստել ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը` խթանելով տնտեսական աճն ու նոր աշխատատեղերի ստեղծումը: Համաժողովին մասնակցում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, դոնոր և միջազգային կառույցների ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը տեղեկատվություն կներկայացնի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ԵՄ ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ ներգրավված տեղական և միջազգային փորձագետների հետ համատեղ մշակվող նորարարության զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Մասնավորապես, կներկայացվի Հայաստանում նորարարության ոլորտի զարգացման տեսլականը, ՀՀ նորարարական էկոհամակարգի առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ առաջարկվող լուծումները, նորարարության ոլորտի զարգացման ուղիները, մոդելները, գործիքակազմն ու մեխանիզմները:

Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարության մշակումը կարևորվում է ՀՀ կառավարության կողմից` հաշվի առնելով նորարարության ոլորտի նշանակալի դերակատարումը տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացման, արտադրության նոր ուղղությունների զարգացման գործում:

Այս առումով մեծապես կարևորվում է տարածաշրջանային և միջազգային ինովացիոն էկոհամակարգերին ինտեգրված ազգային ինովացիոն էկոհամակարգի ստեղծումը։

 

Նույն շարքից