Միջազգային Քաղաքականություն 

«Ապրել միասին»-ի հիմքում ընկած են այն արժեքները, որոնք մենք դավանում ենք. Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյան

analitik.am

Մարտի 20-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Կաունաս քաղաքում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Լիտվայում Ֆրանսիական ինստիտուտի և Միտաուտաս Մագնուսի անվան համալսարանի ֆրանկոֆոն երկրների համալսարանական կենտրոնի կողմից կազմակեպված «Ֆրանկոֆոնիա, տնտեսություն և քաղաքականություն» խորագրով համաժողովին, որին հրավիրված էին նաև Լիտվայում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանները: Միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան Կաունասի քաղաքապետ Վիշվալդաս Մոտիոշայտիսը և համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը։ Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ նմանօրինակ իրադարձությունները լավ հնարավորություն են ընձեռում վերահաստատելու այն կարևորությունը, որն անդամ երկրները տալիս են Ֆրանկոֆոնիային` որպես երկխոսության և համագործակցության հարթակի:

Ներկայացնելով ՖՄԿ-ում Հայաստանի անցած ճանապարհը՝ Տիգրան Մկրտչյանն ասաց, որ կազմակերպությանն իր անդամակցության առաջին իսկ պահից Հայաստանն ամբողջապես ներգրավված է եղել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածելու և ֆրանսերեն լեզուն խթանելու աշխատանքներում՝ ակտիվ մասնակցությունը բերելով նաև ՖՄԿ մարմինների աշխատանքներում:

Դեսպանն իր խոսքում ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ հայտնելով, որ նման հսկայածավալ միջոցառումը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ որոշման ընդունումը խոսում է այն մեծ վստահության և հարգանքի մասին, որ Հայաստանը վայելում է թե՛ կազմակերպությունում և թե՛ անդամ երկրների շրջանում:

Անդրադառնալով երևանյան գագաթաժողովի կարգախոսին՝ դեսպանը շեշտեց, որ «Ապրել միասին»-ի հիմքում ընկած են այն արժեքները, որոնք մենք դավանում ենք՝ խաղաղություն, ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և մշակութային բազմազանություն՝ հավելելով, որ դրանք կարող են խթանել անդամ երկրների հասարակությունների միջև կապերի ամրապնդումը:

Նույն շարքից