Առողջապահություն 

Տղամարդկանց շրջանում տուբերկուլոզի ցուցանիշը շուրջ 3 անգամ բարձր է, քան կանանց

analitik.am

Ամեն տարի մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, որի հիմնական նպատակն է իրազեկել հանրությանը հիվանդության և իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Ընդլայնված պարտավորությունների ժամանակաշրջան բոլորի համար»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ World Health Organization (WHO)) տվյալներով` 2016 թվականին ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզով հիվանդացել է 290000 մարդ, որոնց հիմնական մասը` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Չնայած վերջին 10 տարվա ընթացքում հիվանդացությունը տարածաշրջանում իջնում է միջին հաշվով տարեկան 4,3%-ով, այդ տեմպը բավարար չէ մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների շարքում տուբերկուլոզի վերացմանը հասնելու համար: Շարունակում է ցածր մնալ հիվանդության բուժման բարեհաջող ելքերի ցուցանիշը` կազմելով ընդամենը 77% տուբերկուլոզի բոլոր նոր և կրկնվող դեպքերում:

Օրվա շրջանակում Աղվերանում մեկնարկեց երկօրյա սեմինար՝ «Վերացնենք տուբերկուլոզը» թեմայով զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար։ Երկօրյա միջոցառման նպատակն է՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով բարձրացնել #տուբերկուլոզի մասին հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ևս մեկ անգամ բարձրաձայնել այս հիվանդության կանխարգելման և բուժման կարևորության մասին։

ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է «Տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ծրագիր»` ուղղված մեր երկրում տուբերկուլոզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացմանը: Ծրագիրը համահունչ է ԱՀԿ և ՄԱԿ մարտահրավերներին, ՄԱԿ կայուն զարգացման նպատակներին և միջազգային սկզբունքներին:

Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում արտահիվանդանոցային և առաջնային պահպանման ծառայությունների ամրապնդման և կատարելագործման միջոցով հասնելու առավելագույն չափով մարդակենտրոն համակարգի ներդրմանը։ Այդ կերպ մեր երկրում տուբերկուլոզի տարեկան ավելի քան 10%-ով նվազող հիվանդացության ֆոնի վրա հնարավոր կդառնա վարակի արդյունավետ վերահսկումը, ակտիվ հայտնաբերումն ու արդյունավետ բուժումը, բուժման բարեհաջող ելքերի ցուցանիշի բարձրացումը: Ներկայումս իրականացվում է երկրում տուբերկուլոզային ծառայությունների տեղաբաշխման, կադրային հագեցվածության և այլ կարիքների գնահատում, իրավական դաշտի վերանայում, որին կհաջորդի գործողությունների հստակ ճանապարհային քարտեզի կառուցումը:

ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Հայրապետյանը, ներկայացնելով տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում, նշեց որ, տուբերկուլոզը շարունակում է մնալ հանրային առողջապահության հիմնախնդիր, և առաջարկվող մոդելը հավակնում է դառնալ Արևմտյան և Արևելյան երկրների համար օրինակելի։

Անդրադառնալով ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքներին՝ ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանն ընդգծեց, որ վերջին տարիներին մեր երկրում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է տուբերկուլոզի 691 նոր դեպք, որից 50-ը՝ 0-17 տարեկանների մոտ (2016 թվականին` 820):

Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը շուրջ 3 անգամ բարձր է, քան կանանց: Նոր դեպքերից շուրջ 20%-ը հիվանդացել են արտերկրում։ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանականերում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին 10 տարվա ընթացքում նկատվել է նաև հիվանդացության և մահացության ցուցանիշների 3 անգամ նվազում։

Նշենք, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է , որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է, նույնիսկ նրանց համար, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, բայց այդ պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այս վարակը` տուբերկուլոզը, լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին:

Բուժման սխեմայի խախտումը կարող է հանգեցնել բազմադեղակայուն տուբերկուլոզի, որն ավելի երկարատև բուժում է պահանջում:

Նույն շարքից