Առողջապահություն Հասարակություն 

Պլաստիկ վիրահատությունների դրական և բացասական կողմերը. Ներկայացնում է վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանը

analitik.am

Analitik.am-ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ:

Ի՞նչ առանձնահատկություններ ունի պլաստիկ վիրաբուժությունը, ի՞նչն է բնորոշ դրան:

Իմ կարծիքով՝ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության գլխավոր տարբերությունը բժշկության մյուս ուղղություններից այն է, որ այստեղ չկան հստակ գծված սահմաններ։ Գեղեցիկի և տգեղի ընկալումը տարբեր է մարդկանց մոտ, նույնը վիրաբույժների առումով` մեկի համար իր ստեղծած՝ օրինակ  քիթը գեղեցիկ է, մյուսի համար՝ արհեստական և տգեղ։ Սահմաններ չկան ու դա բարդացնում է և՛ բժշկի աշխատանքը,  և՛ այդ աշխատանքին հստակ և օբյեկտիվ գնահատական տալը։

Վերջին ժամանակներում Հայաստանում պլաստիկ վիրահատությունների դիմողների թիվը կտրուկ ավելացել է,  ի՞նչ է սա՝ ավելի գեղեցիկ լինելու անհրաժեշտություն, թե՞ նորաձևություն:

Դա և գեղեցիկ լինելու ցանկություն է, և կոմպլեքսներից ազատվելու միջոց՝ նայած մարդ, նայած իրավիճակ, պատճառները բազմաթիվ են։ Դա նաև  գլոբալիզացիայի արդյունքն է, կոպիտ ասած սոցցանցերի առաջացման հետևանք, իհարկե դրական իմաստով: Այսօր Ճապոնիայից մինչև Իսլանդիա տարբերությունը մեկ վարկյան է ու նման պայմաններում բոլորս ապրում ենք նոր աշխարհում։ Առաջ մարդը նստած իր տանը՝ հեռուստացույցի առաջ տեսնում էր նեղ, ֆիլտրված իրականություն, իսկ հիմա ինֆորմացիայի պակաս չկա,  ու դա էլ իր հերթին բերում է մարդկանց հսկայական  ծավալ, որոնք ուզում են ինչ-որ փոփոխություն տեսնել իրենք արտաքինի վրա, որովհետև հիմա աշխարհում դա նորաձև է։ Կարևոր գործոն է նաև  նման վիրահատությունների համեմատաբար հասանելի լինելը հասարակության բոլոր շերտերի համար։

Մասնավորապես, հայերն ամենից շատ ցանկանում են ազատվել «հայկական քթից»: Ի՞նչ կասեք այս մասին:

Այո, իրոք Հայաստանում իրականացվող էսթետիկ վիրահատությունների  80-90%-ը կազմում են քթի վիրահատությունները։ Կարելի է միայն ողջունել այս փաստը, եթե խոսքը գնում է ճիշտ պլանավորված, հիմնավորված և արդարացված սպասելիքներով վիրահատությունների մասին։

Մեր երկրում քթի պլաստիկ վիրահատության դիմում են նաև տղամարդիկ: Ի՞նչ  կասեք տղամարդկանց դիմելիության մասին

Տղամարդիկ, իմ կարծիքով և իմ պրակտիկայում՝ կազմում են դիմողների 10-15%ը։ Նշեմ,  որ ես զբաղվում եմ միայն քթի վիրահատություններով, ուրիշ էսթետիկ վիրահատություններ չեմ իրականացնում։ Դիմող տղամարդկանց մեծ մասը ցանկանում է շտկել քթային շնչառությունը, իսկ մնացածը դեմ չէ նաև ինչ-որ փոփոխություններ անել քթի արտաքին տեսքի վրա՝ օրինակ ուղղել ոսկրային սապատը կամ շտկել արտաքին ծռվածությունը։

Ինչո՞վ կբացատրեք այն, որ շատ վիրահատված քթեր այնուամենայնիվ զգացնել են տալիս, որ պլաստիկ միջամտության արդյունք են:

Պատճառները մի քանիսն են՝ սկսած վիրահատող բժշկի կողմից վիրահատության ժամանակ չափից ավել կատարած գործողություններից, մինչև պացիենտի ցանկությունը, երբ իրենք են խնդրում այնպես անել, որ լինի մաքսիմալ փոքր՝ թեկուզ արհեստական ու չհամապատասխանի դիմագծերին՝ կարևորը լինի շատ փոքր ու շատ կոր։

Հայտնի է նաև, որ հայ կանանցից շատերը դիմում են կրծքերի մեծացմանն ուղղված վիրահատությունների համար: Սակայն ասում են, որ դրանք կարող են նպաստել նորագոյացությունների առաջացմանը, կա արդյո՞ք այդպիսի վտանգ:

Դա սխալ ինֆորմացիա է, կրծքագեղձի ոչ մի էսթետիկ վիրահատություն չի նպաստում որևէ նորագոյացության ո՛չ առաջացմանը, ո՛չ էլ մեծացմանը։ Դա վերաբերում է և՛ կրծքագեղձի  ձգումներին, և՛ փոքրացումներին, և՛ մեծացումներին ինչպես իմպլանտով, այնպես էլ սեփական ճարպային հյուսվածքով։

Քանի՞ տարեկանից է կարելի կատարել պլաստիկ վիրահատություն: Կան արդյո՞ք սահմանափակումներ:

Սովորաբար էսթետիկ վիրահատությունները կատարվում են 18 տարեկանից աղջիկների մոտ, իսկ տղաների մոտ՝ 19-20 տարեկանից։ Մինչև այդ տարիքը կատարված էսթետիկ վիրահատության արդյունքը տարիների հետ կարող է ձևափոխվել, քանի որ  մարդու մարմնի արտաքին ձևավորումն ավարտված կարելի է համարել հենց այդ տարիքից հետո։

Առավել հաճախ ի՞նչ տեսակի պլաստիկ վիրահատություններ են կատարում Հայաստանում:

Առաջին տեղում, անխոս, քթի վիրահատություններն են, հետո կարելի է ասել հավասար քանակությամբ լինում են ականջախեցիների լոշտակության շտկումները, կրծքագեղձի վիրահատությունները, լիպոսաքցիաները և որովայնի առաջային պատի պլաստիկան կախվածության շտկումները։

Արդյո՞ք մեր երկիրը ստեղծում է համապատասխան պայմաններ պլաստիկ վիրաբուժության համար՝ Հայաստանում պլաստիկ  բժշկության ոլորտը հագեցա՞ծ է ժամանակակից սարքավորումներով:

Ցավոք, Հայաստանում բժշկությունը դեռ գտնվում է  «եղունգ ունես գլուխդ քորի»  մակարդակի վրա՝ այսինքն, եթե կլինիկան ունի միջոցներ, կարող է իրեն թույլ տալ ժամանակակից սարքավորումներ։ Նույնն անհատ բժիշկների դեպքում է՝ ովքեր ունեն հնարավորություն, ունեն նաև բժշկագիտության նորույթներից օգտվելու և գործիքներ-սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն, իսկ ով չունի, ստիպված բուժում է 20-30 տարվա հնացած և ժամանակակից աշխարհում տեղ չունեցող դեղերով և մեթոդներով։

Ի՞նչ կարող եք ասել մեր երկրում պլաստիկ վիրահատությունների համար սահմանված գների վերաբերյալ, մատչելի՞ են՝ համեմատած այլ երկրների հետ:

Գները բավականին տարբեր են և՛ կլինիկաների, և՛ բժիշկների հասարակության մեջ «հայտնի» լինելու առումով։ Ամեն դեպքում մեր երկրում գներն ավելի ցածր են, քան՝ օրինակ հարևան  Վրաստանում, Թուրքիայում կամ Պարսկաստանում։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր ունեն էսթետիկ վիրահատության կարիք, սակայն վախենում են դիմել  այդ քայլին:

Խորհուրդ կտամ չվախենալ փոփոխություններից, չլսել շրջապատի կոնսերվատիվ մասսային և դիմել էսթետիկ վիրաբույժի, եթե խնդիրը և դրա լուծման ճանապարհը հստակ քննարկված է վիրաբույժի հետ, և սպասելիքները ռեալ են։ Մի բան հստակ է՝ ոչ մի վիրաբույժ կախարդական փայտիկ չունի և հրաշքներ չի գործում, և ոչ մի վիրաբույժ չի ցանկանում ստանալ անհաջող արդյունք, ուղղակի պետք է իրականությունից չշեղվել ու միշտ լինել լավատես։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից