Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

ՊՆ-ի ձերբակալությունները, «լավատեղյակ աղբյուրները» և վարչապետի «դրայվ»-ը

analitik.am

Մարտի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթը, նման դեպքերում արդեն ավանդական դարձած իր լավատեղյակ աղբյուրներին հղում տալով, մի նյութ հրապարակեց, ըստ որի բարձրագույն զինվորական անձնակազմի ճնշման ներքո Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարության ղեկավարի իր պաշտոնը զիջելու է՝ տեղափոխվելով արտաքին գործերի նախարարի պաշտոնին: Այս նյութի հրապարակվելուց երկու շաբաթ առաջ «Հայկական Ժամանակ»-ի խմբագրականում ասվում էր, որ վերջին պահին Վիգեն Սարգսյանն է առաջադրվելու՝ որպես վարչապետի թեկնածու: Ընդ որում, մի քանի օրվա մեջ սա «ՀԺ»-ի նույնաբովանդակ երկրորդ նյութն էր:

Հայկական մեդիա դաշտի հետ ընտելացած ընթերցողներն արդեն բնազդաբար սկսել են վերլուծել նման նյութերը ոչ թե առաջ քաշված թեզերի հիման վրա, այլ դրանց պատվիրատուի հնարավոր շրջանակները գուշակելով: Ընդ որում, ներիշխանական ինտրիգների այս գործիքը երբեմն այնքան պրիմիտիվ կերպով է գործածվում, որ գուշակելու հետաքրքրությունն էլ է կորում:

Հարկ է նշել, որ այս հոդվածները լույս էին տեսնում այն ժամանակ, երբ իրավապահ մարմիններն ակտիվորեն քրեական գործեր էին հարուցում ՊՆ-ի հետ ուղղակի կամ անուղղակի առնչվող պաշտոնյաների դեմ: Բանը հասավ նրան, որ միջազգային գլխավոր հակակոռուպցիոն ՀԿ-ներից մեկի Երևանյան գրասենյակի տնօրենը, բողոքելով այդ ձերբակալությունների ալիքից, նշեց, որ այդ ամենից նա 37 թվի հոտ է առնում: Այն, թե ինչով էր հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի այս կոռուպցիոնասեր պոռթկումը պայմանավորված, նույնպես կարող է բազմաթիվ հետաքրքիր գուշակությունների առիթ դառնալ, բայց կոնկրետ Վիգեն Սարգսյանի հնարավոր պաշտոնանակության մասին նյութերի ֆոնին՝ սա ընդամենը դրվագ էր: Ըստ ամենայնի, այս լուրերի հեղինակին անհրաժեշտ է փնտրել հենց վերոհիշյալ ձերբակալություններից տուժածների շարքերում, քանի որ խոսքը ոչ միայն կործանված կարիերաների մասին է, այլ նաև հարյուրավոր միլիոն դրամի հասնող մսխումների:

Անշուշտ, իր դերն է խաղում նաև այն փաստը, որ նման հոդվածները ոչ միայն նեղսրտած բարձրաստիճան գեներալների ցավն են մեղմում, այլ բազմաթիվ ուրիշ խմբերի շահերից են բխում: Անկախ նրանից, թե Վիգեն Սարգսյանն իրոք վարչապետի թեկնածու է, թե ոչ, նա դիտարկվում է որպես ռեալ այլընտրանք, իսկ դա ամեն գնով իշխանափոխության գնացող Կարեն Կարապետյանի համար անընդունելի է, հետևաբար Վիգեն Սարգսյանի վարկանիշը պետք է ցանկացած հարմար առիթով հարվածի տակ դնել։ Պետք չէ նաև մոռանալ, որ իր իսկ ղեկավարած հիմնարկում կան մարդիկ, ովքեր կնախընտրեին զբաղեցնել Վիգեն Սարգսյանի աթոռը: Այստեղ հարկ է հիշել փոխնախարար Արտակ Զաքարյանի հարցազրույցը, որում նա «Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքացիական ակտիվին անվանեց ֆետիշիստներ:

Ըստ ամենայնի, այս կարգի նյութեր կլինեն, քանի դեռ քաղաքական դաշտում կլինի մարդ, ով պատրաստ է հանցագործներին պատժել և ձերբակալություններ իրականացնել։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Վիգեն Սարգսյանի անունը դեռ երկար են շոշափելու «լավատեղյակ աղբյուրները», նույնիսկ երբ վարչապետության թեկնածուի հարցը լուծվի, և Կարապետյանի «դրայվ»-ը վերջնականապես սպառվի:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից