Առողջապահություն 

Զոհրաբյանն առողջապահության նախարարությանն առաջարկում է գրազով գնալ բժշկի

analitik.am

Հիվանդն ինքը չպետք է որոշի ինքը հիվանդ է, թե՝ ոչ, հիվանդը չպետք է ինքն իրեն գնա և դեղատնից վերցնի իրեն անհրաժեշտ դեղը: Այսօր «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանում մենք, ինչպես միշտ, սկսում ենք վերջից:

«Այստեղ որպես օրինակ նշում են եվրոպական երկրները: Ես բազմաթիվ անգամներ եղել եմ եվրոպական երկրների առողջապահական համակարգերում և շատ լավ ծանոթ եմ առողջապահական գործընթացին: Եվրոպական երկրներում, որտեղ կա ցիվիլ առողջապահական համակարգ, կա ապահովագրական համակարգը, այլ մեխանիզմներ են գործում: Եթե քաղաքացին գնում է դեղատուն դեղ գնելու և նրան ասում են, որ 200 դրամանոց դեղ գնելու համար 20 հազար դրամանոց հետազոտություն պետք է անցնել, հետազոտության գումարը ոչ թե վճարում է պացիենտը, այլ՝ ապահովագրական ընկերությունը»,-ասաց Զոհրաբյանը:

Ծառուկյան խմբակցության պատգամավորը նշեց, որ մենք հիմա չունենք ապահովագրական համակարգ և մյուս անհրաժեշտ պայմանները, սակայն վերցնում ենք ամենավերջին կետը և հայտարարում, որ դա լավ է՝ մատնանշելով միջազգային փորձը. «Ես հիմա գրազ եմ առաջարկում առողջապահության նախարարությանը՝ միասին մտնենք 10 բժշկի տանք անալգին դեղի քիմիական բաղադրատոմսը: Վստահ եմ, որ 10-ից 8-ը չի իմանա այդ բաղադրատումսը: Դա սակայն չի նշանակում, որ բժիշկը վատն է»:

Զոհրաբյանի խոսքերով, պետք է նախ լուծվեին մյուս անհրաժեշտ խնդիրները, իսկ սրանով, կասկած կա, որ կանաչ ճանապարհ է բացվում դեղի մաֆիայի համար:

Նույն շարքից