Հասարակություն Մշակույթ 

Եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ազատ զգալ, պետք է փորձի ջազ հասկանալ. Մկրտիչ Մանուկյան

analitik.am

Analitik.am - ի զրուցակիցն է Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր, ճանաչված պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանը:

Վերջին շրջանում  Գյումրիում բավականին շատացել է ջազ լսողների թիվը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Գյումրին դեռ խորհրդային տարիներին հարուստ ջազային ավանդույթներ է ունեցել, այնպես չէ, որ երաժշտության այս ոճը խորթ կամ անծանոթ է գյումրեցիներին, պարզապես ինչ-որ ժամանակահատված ջազ երաժշտության պրոպագանդան զիջել էր իր տեղն ու այդ պատճառով է, որ մենք սկսեցինք հետևողականորեն կազմակերպել ջազային համերգներ։  «Ջազը և Գյումրին» նախագիծը ծնվել է հենց ջազ երաժշտությունը քաղաք վերադարձնելու նպատակով ու այն, որ ես հիմա խոսում եմ այդ մասին, հաստատումն է այն բանի, որ մեզ հաջողվել է ջազ-իրարանցում առաջացնել քաղաքում ու այո՛, ավելացնել ջազ լսողների թիվը Գյումրիում:

Պարոն Մանուկյան, ե՞րբ ստեղծվեց  «Ջազը և Գյումրին»  ակումբի մտահաղացումը և ներկայումս ի՞նչ աշխատանքներ են տարվում:

Գյումրիում ջազ ակումբ ունենալու ցանկություն վաղուց ունեի, բայց կյանքի կոչել կարողացա միայն 2012 թվականին։ Հենց ակումբից էլ ծնվեց «Ջազը և Գյումրին» նախագիծը ու կազմակերպվեցին մեծ ու փոքր տասնյակ ջազ համերգներ՝ հայ և համաշխարհային ճանաչման ջազ երաժիշտների ու խմբերի մասնակցությամբ։ Ջազ ակումբն այսօր, ցավոք, չի գործում։ Սա, իհարկե, չի խանգարում ջազ համերգների կազմակերպմանն ու «Ջազը և Գյումրին» նախագծի գոյությանը, բայց չպետք է մոռանանք, որ ջազն ակումբներից է ծնվել ու մտածել ջազային երաժշտության զարգացման մասին, առանց ջազ ակումբի  ոչ միայն բարդ է, այլև սխալված չենք լինի, եթե ասենք՝ անհնար է։ Այնպես որ, ես շարունակում եմ փայփայել ջազ ակումբի վերաբացման գաղափարը։

Անդրադառնանք «Ջազ ինֆո» ամսաթերթին, ի՞նչ նպատակ ունի ամսաթերթը, պետական աջակցություն ո՞ւնի:

«Ջազ ինֆո» ամսաթերթը 2013-ից է սկսել հրատարակվել։ Պետական աջակցություն երբևէ չի ունեցել, տարածվել է անվճար՝ նպատակ ունենալով ընթերցողին ներկայացնել ջազային նորությունները։ Ամսաթերթը ժամանակավորապես չի հրատարակվում, պատճառը ջազային իրադարձությունների պակասն է Գյումրիում։ Սեփական ջազային նյութերով ամսաթերթ ունենալու համար ջազային իրադարձությունների առատություն է պետք։ Վստահ եմ՝ այդ ժամանակն էլ կգա ու «Ջազ ինֆո»-ն նորից կհրատարակվի։

Ընդհանրապես մեր երկրում նկատում ե՞ք փոփոխություններ երաժշտության ոլորտում: Նույն կետո՞ւմ ենք մնում, թե՞  դա չարախոսների կարծիքն է:

Ես կարծում եմ՝ փոփոխությունը զգալի է. 4 տարի առաջ՝ օրինակ  Տաթևիկ Հովհաննիսյանի համերգի տոմսերը սպառելու խնդիր ենք ունեցել, այսօր պատկերը բոլորովին այլ է։ Մի քանի տարի առաջ ցածրաճաշակ համերգներն ավելի մեծ թիվ էին կազմում, այսօր կամաց-կամաց այլ ճանապարհով ենք գնում։

Ի՞նչ է քարոզում ջազը, Հայաստանում ջազ - երաժշտությունը որքանո՞վ է պահանջված:

Ջազն, առհասարակ, ազատության երաժշտություն է՝ առատ սիրով ու ներքին ազատություն պարգևող։ Ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ջազը մշտապես համարվել է արվեստ  ընտրյալների համար։ Բայց ասել, որ Հայաստանում ջազը պահանջարկ չունի, սխալ կլինի։ Վկան՝ և՛ ջազ փառատոները, և՛ Ջազի Հայկական ասոցիացիայի առկայությունն ու գործունեությունը, և՛ «Մեցցո Պրոդաքշն»-ի  գործունեւությունը, և՛ համաշխարհային  ջազմենների այցերը Հայաստան, և՛ ջազ-համերգների աճող թիվը։

Խոսենք ցածրակարգ երաժշտության մասին: Ի՞նչ ուղիներ կամ լուծումներ կառաջարկեք դրանց վերացման համար:

Իմ բանաձևը՝ որպես կազմակերպիչ, մեկն է․ Պետք է վերացնել այն համահավասարեցումը, որ առկա է դահլիճների վարձակալման, համերգասրահների հետ համագործակցությունների մեջ։ Չի կարելի նույն գնային սանդղակն ունենալ  և ցածրակարգ՝  ոչինչ չսովորեցնող, շատ հաճախ հակադաստիարակչական համերգների և իրական արվեստի զարգացմանն ուղղված համերգների կազմակերպման համար։ Որակյալ արտադրանքի մուտքն անհամեմատ ավելի հեշտ պետք է լինի համերգասրահ, քան ցածրակարգ միջոցառումներինը։ Այսպես  ակամա կսահմանափակվի ցածրորակ համերգների թիվը։ Մյուս կողմից էլ՝ հեռուստառադիոընկերությունները պետք է համառորեն քայլեն որակյալ երաժշտություն պրոպագանդելու ճանապարհով։ Հայկական հեռուստաեթերում մենք երևույթի լավագույն օրինակներն ունենք՝ «Ջազի ժամ»՝ երջանկահիշատակ Արմեն Թութունջյանի կողմից, որի օրինակին հետևելով Շիրակի հանրայինում մենք ստեղծեցինք «Շիրակ Ջազ»-ը, այսօր հանրային հեռուստաընկերությունը որակյալ երաժշտության տարածման նպատակով ստեղծել է «Վինիլ»-ը։ Այստեղ պետք չէ գնալ ռեյտինգի ճանապարհով, այստեղ պետք է, շրջանցելով  բոլոր ցուցանիշները, հստակ ու համբերատար ուղղակի քարոզել լավ երաժշտություն։ Վստահ եմ՝ արդյունքը թեկուզ դանդաղ, բայց տեսանելի կլինի։

Հայ երաժիշտների մի մասը բողոքում է մշակութային քաղաքականությունից, խոսելով դրա բացակայության մասին: Ջազը կարիք ունի՞ պետական  աջակցության:

Անպայման ունի, ու ես ուրախ եմ, որ կամաց-կամաց մենք զգում ենք այդ պետական հոգածությունը։ Նախորդ տարի մենք իրականացրել ենք «HAY-AT JAZZ» նախագիծը՝ ունենալով Գյումրու քաղաքապետարանի աջակցությունը։ 4 օր ջազ է հնչել քաղաքի թանգարանների բակերում։ Նպատակ ունենք այս տարի ևս իրականացնել «HAY-AT JAZZ»-ն ու համոզված եմ, որ Գյումրու քաղաքապետարանից բացի, կստանանք նաև մշակույթի նախարարության աջակցությունը։ Եթե շարունակենք քայլել այս ճանապարհով,  պատկերն անպայմանորեն կփոխվի։

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում: Ի՞նչ նախագծերում եք ընդգրկված:

Ամենամոտը Տաթևիկ Հովհաննիսյանի համերգն է՝ աշնանը, ինչպես արդեն ասացի, «HAY-AT JAZZ»-2-ը, և իհարկե, նախագծեր ու համերգներ՝ նվիրված հայկական ջազի 80-ամյակին․ Տարին հոբելյանական է ու առատ կլինի ամենատարբեր ձեռնարկներով։

Ձեր կոչը հայ հասարակությանը, ովքեր իրենց մեջ դեռ չեն բացահայտել ջազի հանդեպ մեծ սերը:

Եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ազատ զգալ, բացահայտել իրեն նոր կողմից, ճաշակի ու որակի մասին ունենալ բոլորովին այլ պատկերացումներ, պետք է փորձի ջազ հասկանալ․․․իսկ ամենից առաջ ջազը  սեր է․․․

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից