Առողջապահություն Հասարակություն 

ԱՀԿ առաքելության թիմը Հայաստանում է

analitik.am

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտության (Proof of Principle` PoP) գնահատման և ուսուցման Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության թիմը Հայաստանում է: Այցի նպատակն է բացահայտել PoP հետազոտության ընթացքում ծագած խնդիրները և դրանց հաղթահարման ուղղությամբ խորհրդատվություն տրամադրել:

2017 թվականի մայիսին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող Երևանի 4 կազմակերպությունում և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայում մեկնարկած PoP հետազոտությունը միտված է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության համակարգի ձևավորմանը, արյան վարակների ախտորոշման և բուժման հարցում` բժիշկների շրջանում կլինիկական մանրէաբանության նշանակության բարձրացմանը, ռեֆերենս լաբորատորիայի` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հետազոտման կարողությունների և կադրային ներուժի զարգացմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Հետազոտությունն իրականացվում է ԱՀԿ-ի և Նիդերլանդների թագավորության  հանրային առողջապահության և արտաքին միջավայրի հիգիենայի ազգային ինստիտուտի աջակցությամբ:

Առաքելության թիմի անդամներն են Նիդերլանդների Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ Չալինգ Լենստրան և  Կատերինե Կոյը, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Սասկիա Նարգանգը, ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական ֆակուլտետի դոցենտ  Մարիսա Հոլուբարը, Զագրեբի Վարակիչ հիվանդությունների համալսարանական հիվանդանոցի կլինիկական մանրէաբան Իրինա Պրիստասը:

Այցի առաջին օրվա ընթացքում ԱՀԿ հայաստանյան գրասենյակում PoP ծրագրի ազգային թիմի և հիվանդանոցների թիմերի հետ քննարկվել են ծրագրի մարտահրավերները, հետազոտության ընթացքում ծագած խնդիրները: Երկրորդ օրվա ընթացքում քննարկվել են հակամանրէային դեղերի ռացիոնալ կիրառման  պատասխանատուների գործառույթները, ինչպես նաև hակամանրէային դեղերի ռացիոնալ կիրառմանն ուղղված միջոցառումների ներդրման հետագա քայլերը: Այցի ավարտին առաքելության թիմի կողմից կտրամադրվի խորհրդատվություն այս ուղղությամբ անելիքների և PoP ծրագրի մանրէաբանական ասպեկտների վերաբերյալ:

Նույն շարքից