Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Հայաստանը Պուտինի և Մեդվեդևի կռվադաշտն է դառնում. Զատուլինը խախտեց հրադադարը...

analitik.am

Թեպետ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխին վաղուց էին ամպեր կուտակվում, բայց վերջինիս պաշտոնանակությունը տարիներ շարունակ անիրատեսական է համարվել, քանի որ նրան սատարող «Գազպրոմ»-յան սինդիկատը բոլոր առումներով համարվել է Ռուսաստանում երկրորդ ուժը: Սակայն, նախագահական ընտրություններում պատմական ցուցանիշներ ապահոված Վլադիմիր Պուտինն ընտրվելուց րոպեներ առաջ տված ասուլիսի ժամանակ նշեց, որ վարչապետի թեկնածուի մասին կսկսի անմիջապես մտածել՝ ուղղակիորեն ակնարկելով, որ այդ հարցը փակ չէ: Պուտինյան բուրգի սահմաններում շրջանառվում են երկու անձանց անուններ՝ Արևմուտքի հետ որոշ կամուրջներ ունեցող ֆինանսաների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրին և գործունյայի համբավ վայելող, առևտրի ու արդյունաբերության ներկայիս նախարար Դենիս Մանտուրով։ Սակայն, վերոհիշյալ փոփոխությունն առանց ցնցումների իրականացնելու համար անհրաժեշտ է միջկլանային կոնսենսուս, որը ներկա պահին բացակայում է: Բոլոր առումներով Կարապետյան Կարենին այդքան նմանվող Մեդվեդևն իր ամբիցիաների մեջ էլ հետ չի մնում և համառորեն պնդում է, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը և թե՛ Ռուսաստանում , թե՛ Հայաստանում երկուսն էլ համառելուց բացի, կոնկրետ քայլերի են դիմում: Պայքարն ընթանում է հետզհետե շիկանալու տենդենցով:

Հայաստան ժամանած ՌԴ պետական դումայի ԱՊՀ հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին փոխնախագահն ազդարարեց ներռուսաստանյան կլանային պայքարի արտասահմանյան դիմակայության ակտիվ փուլի մեկնարկը: ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա շատ կոշտ արձագանք տվեց Հայաստանի մասով Իլհամ Ալիևի վերջերս հնչեցրած տարածքային նկրտումներին: Անդրադառնալով Երևանի ու Զանգեզուրի մասին Ալիևի հնչեցրած մտքերին՝ Զատուլինը մասնավորապես ասաց. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները չեն դիմանում ո՛չ քաղաքական, ո՛չ էլ պատմագիտական քննադատությանը»: Խոսքը, իմիջիայլոց, վերաբերում է այն Իլհամ Ալիևին, ում հետ 2010-2012 թվականներին, օգտվելով նախագահական լիազորություններից, Մեդվեդևը ստորագրեց զենք զինամթերքի վերաբերյալ հայտնի պայմանագրերը: Այս դրվագը, թեպետ, Լիբիայի հարցում ՄԱԿ-ում դավաճանական քվեարկությանը հավասար հարված չէր Պւտինին, սակայն նույնպես հիշվեց՝ որպես էական բացթողում: Այնուամենայնիվ, Զատուլինի հայտարարությունը ոչ թե Ալիևին, այլ ադրբեջանական գործոնի վրա քարոզչություն կառուցող ներհայաստանյան հեղափոխականներին ու հեղաշրջումականներին էր վերաբերում։

Զատուլինի այցից 4 օր առաջ «Արարատնյուզ» կայքը հրապարակեց մի նյութ, որտեղ որոշ շրջանակներում հայտնի անձինք անդրադառնում էին Ադրբեջանի հետ հակամարտության թեմային: Կայքը սկզբից փոխանցեց ռազմական փորձագետ Վովա Վարդանովի խոսքերն այն մասին, որ «Ուշադիր հետևելով թուրքերի զորախաղերին` ես գալիս եմ այն եզրակացությանը, որ նրանք իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները մեծացնում են, աճացնում, և մեզ այդքան հանգիստ նստել պետք չի»: Այնուհետև բերվեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի խոսքերն առ այն, որ Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող զորավարժությունների ժամանակ աննախադեպ մարդկային ուժ և տեխնիկա է կիրառվել: Վերջում նյութի հեղինակը, հղում անելով նույն Եղիազարյանին, բերում է ընթերցողին տրամաբանական եզրահանգման, որ լայնամասշտաբ պատերազմից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, եթե «ապրիլին փոփոխություն լինի, և նոր ուժեր գան, նոր վարչապետ ունենանք»։ Եղիազարյանը դա հիմնավորել էր այն ենթադրությամբ, որ «բանակցային գործընթացներ կոչվածը վերջին 10 տարվա ընթացքում ուղղակի փակուղի է մտել, չկա այն բարի կամքը»: Եղիազարյանը չի մանրամասնում, թե ինչո՞ւ է փակուղին ակնհայտ վերջին տաս տարիների ընթացքում, այլ ոչ քսան կամ նույնիսկ երեսուն, նա նաև չի մանրամասնում, թե այդ ի՞նչ բարի կամքի մասին է խոսքը և ո՞վ դա պիտի դրսևորի: Այդ ի՞նչն է, որ նոր վարչապետը պիտի անի, որ Սերժ Սարգսյանը չի արել։ Տարրական քաղաքագիտական վերլուծությունը հուշում է, որ խոսքը Կարեն Կարապետյանի մասին է՝ որպես միակ այլընտրանք, և անհատույց տարածք հանձնելու մասին՝ որպես բարի կամքի դրսևորում, քանի որ Սերժ Սարգսյանը տարածք հանձելուն կողմ էր, բայց չէր ուզում դա անել անհատույց, առանց կարգավիճակի:

Առհասարակ Արցախյան խաղաքարտը ներքաղաքական պայքարում օգտագործելն ինչքան էլ նենգ գաղափար թվա, այն միևնույն է կիրառվել է թե՛ Սեֆիլյանի կառույցի կողմից, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ գալստյան շրջանում: Տեր-Պետրոսյանն իր հռետորական ունակությունների հաշվին էր հայաստանցի-արցախցի տարանջատումը մտցրել՝ ընթացքում «թաթար-մոնղոլ» ոճի պիտակներ կիրառելով: Սեֆիլյանը սկզբից սադրեց Արցախի իրավապահներին՝ ծեծկռտուք դրդելով, իսկ հետո քաղաքական ողջ ասելիքը կառուցեց հող հանձնելու դեմ՝ անընդհատ թմբկահարելով 800 հեկտարի կորստի հարցը: Օրերս 800 հեկտարի կորստի թեզին 20,000 հեկտարի ձեռքբերման թեզով հակադարձեց ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը և միանգամից թիրախավորվեց այս թեմայում ակտիվ ներգրավված անձանց կողմից: Բարեբախտաբար, ընդդիմությունն, ինչպես հաճախ է լինում, խուսափեց բովանդակային քննդատությունից՝ սահմանափակվելով դատարկ հուզական ելույթներով, երբեմն էլ ծաղրով, ինչն ադեկվատ մարդկանց թույլ տվեց համապատասխան եզրակացություններ անել:

Արցախյան քարտը ներկայումս էլ է խաղարկվում ոչ միայն Ալիև-բարի կամք-Կարապետյան առանցքում, այլ նաև քաղաքացիական հարթակներում: Այսպես՝ երեկ հայտնի դարձավ, որ Արցախում ոստիկանները խոշտանգել են ՀՀ մի քաղաքացու:

Այդ նյութը միանգամից տարածում գտավ սոցցանցերում ավանդաբար ռադիկալ թեզեր առաջ տանող մարդկանց էջերում, մինչդեռ քչերն անդրադարձան այն փաստին, որ թեման լուսաբանած լրատվականը կեղծ տեղեկություն էր տարածել: Թեպետ, պետք է նշել, որ առանց Արցախյան ուժայինների մասնակցության թե այս և թե Սեֆիլյանի մասնակցությամբ սադրանքը հնարավոր չէր լինի կազմակերպել: Կարելի է վստահաբար ենթադրել, որ ադրբեջանամետ քարոզչությամբ պարբերաբար առանձնացող «Ազատություն» ռադիոկայանն էլ անմիջապես այս թեման կդարձնի համար մեկն իրենց եթերում, որին կհետևեն մնացած արևմտյան դոնորներից ֆինանսավորվող լրատվականները, որոնք նաև առանձնանում են տարօրինակ լոյալությամբ Կարապետյան Կարենի հանդեպ:

Այս ամենը հուշում է, որ ՌԴ-ում ներիշխանական պայքարը խոստանում է իր տրամաբանական և, ըստ ամենայնի, բավականին վտանգավոր շարունակությունն ունենալ նաև Հայաստանում: Ինչքան էլ ընտրությունների արդյունքները չվիճարկած ընդդիմությունը բղավի, որ ձգտում է համակարգային փոփոխության, իրենց թիրախում մնում է միայն Սերժ Սարգսյանի անձը, ում դե ֆակտո և դե յուրե միակ այլընտրանքն ընդդիմության աչքերում կարող է լինել միայն Կարապետյան Կարենը: Արդյոք Զատուլինի կոշտ ելույթը թույլ կտա Պուտինին ուշադրությունը շեղել Հայաստանից և կենտրոնանալ ներքաղաքական մարտահրավերների վրա, ցույց կտան մոտակա շաբաթները: Համենայն դեպս, սա բավականին լուրջ ակնարկ էր թե՛ Ալիևին, թե՛ Ալիևի հնարավոր գործընկերներին Հայաստանում առ այն, որ «կայսրն» ամեն ինչ տեսնում է ու անտարբեր չէ...

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից