Մշակույթ 

Վիլնյուսում Ֆրանկոֆոն ֆիլմերի երեկույթի շրջանակներում տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը

analitik.am

Մարտի 27-ին Լիտվայում ֆրանսիական ինստիտուտը Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ֆրանկոֆոնիայի օրվա առթիվ Վիլնյուսում կազմակերպել էր Ֆրանկոֆոն ֆիլմերի երեկույթ, որի ընթացքում տեղի ունեցավ նաև ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով նշեց, որ արդեն ավանդական դարձած Ֆրանկոֆոն ֆիլմերի երեկույթը լավ հնարավորություն է ընձեռում վերահաստատելու ՖՄԿ անդամ պետությունների հանձնառությունն այն համամարդկային արժեքներին, որոնց դավանում է կազմակերպությունը՝ խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և մշակութային բազմազանություն:

Կարևորելով Հայաստանի մասնակցությունը ֆրանկոֆոն նախաձեռնություններին՝ Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանը, որպես Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր, բազմապատկված եռանդով և պատասխանատվությամբ է վերաբերվում Ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածմանն ու ամրապնդմանը և ջանք չի խնայում սպասվելիք միջոցառումներն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար:

Իր խոսքում դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Լիտվայում ֆրանսիական ինստիտուտին դեսպանության առաջարկն ընդունելու և «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար: Դեսպանը նշեց, որ ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից մազապուրծ մի ընտանիքի մասին, որն իր փրկությունն է գտնում Ֆրանսիայում, և ներկայացնում հայկական համայնքի ձևավորման պատմությունը:

Այս համատեքստում Տիգրան Մկրտչյանը հատկանշական համարեց այն մեծ համակրանքը և կապվածությունը, որ հայերն ունեն ֆրանսիական մշակույթի, և ընդհանրապես ֆրանկոֆոնիայի նկատմամբ՝ ընդգծելով նաև Ֆրանսիայում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարությունն այս գործում:

 

ՀՀ ԱԳՆ

Նույն շարքից