Բարի օր Հասարակություն Հարցազրույց Սպորտ 

Եթե կա նպատակ,  ապա ոչինչ չի կարող խանգարել նպատակին հասնելու համար. Տաթև Հակոբյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը:

Տաթև, ի՞նչ է իրենից ներկայացնում ծանրամարտը և ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մարզաձևը:

Հայաստանում  ծանրամարտը սկսել է զարգանալ 1920 - ական թվականներից, մինչև 1936 թ. դասական վարժությունները  եղել են  5 - ը, 1936 -1972թ.- ը՝ 3 - ը, իսկ 1972թ.- ից առ այսօր մրցակցային  են համարվում 2-ը: Ծանր աթլետիկական վարժությունները կիրառվում են գրեթե բոլոր ուժային մարզաձևերում: Մանկուց սիրել եմ ուժային մարզաձևերը: Երբ սովորում էի 7-րդ դասարանում,  ֆիզկուլտուրայի դասի ժամանակ  տղաներին հանձնարարված էր ծանրաձող բարձրացնել, տղաների մեծ մասին այդպես էլ չհաջողվեց ծանրաձողը պահել գլխավերևում և իմ մեջ հետաքրքրություն առաջացավ փորձել: Ես կարողացա հաղթահարել և ծանրաձողը պահել գլխավերևում, այդ օրվանից իմ մեջ ցանկություն առաջացավ զբաղվել հենց ծանրամարտով: Դրան հաջորդեց Նազիկ Ավդալյանի հաջողությունն աշխարհի  առաջնությունում, որն իմ մեջ ավելի մեծ ոգևորություն առաջացրեց: Ծանրամարտով զբաղվելու առաջին իսկ օրվանից այն եղել է իմ առօրյայի անբաժանելի մասը, և ես չեմ պատկերացնում ինձ առանց ծանրամարտի, առանց մարզումների, այն ինձ համար ապրելակերպ է:

Ինչպե՞ս վերաբերվեցին Ձեր ընտանիքի անդամներն այս մարզաձևն ընտրելու որոշմանը:

Ընտանիքիս անդամները մեծ դժվարությամբ համաձայնեցին այն մտքի հետ, որ ես ցանկանում եմ ծանրամարտով զբաղվել, բայց ինձ հաջողվեց ստանալ նրանց թույլտվությունը և հաջողվեց փոխանցել իմ ոգևորությունը, քանի որ առաջին հաջողությունս երկար սպասեցնել չտվեց:

Հայտնի է, որ մասնակցել եք բազմաթիվ առաջնությունների, ի՞նչ առավելություններ ունեն այդ առաջնությունները:

Յուրաքանչյուր մրցում և հաղթանակ մարզիկի մոտ մեծ ոգևորություն է առաջացնում, ինչպես նաև ավելիին ձգտելու ցանկություն և նպատակ: Միջազգային մրցումներում առաջին հաջողությունն ունեցել եմ 2013թ.-ին պատանիների Եվրոպայի առաջնությունում, որից հետո, ցավոք, վնասվածքների պատճառով երկարատև ընդմիջում ունեցա: Երկարատև ընդմիջումից հետո վերադառնալով հարթակ՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում գրավեցի 3-րդ տեղը, որին էլ հաջորդեց մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ գրավեցի 2-րդ տեղը:

Իսկ ի՞նչ դժվարությունների առաջ են կանգնեցնում նմանատիպ վնասվածքները:

Եվրոպայի 23 տարեկանների առաջնությունից հետո ունեի դաստակի վնասվածք և ստիպված էի վիրահատվել: Կան մարզիկներ, որ նմանատիպ վնասվածքներից հետո կոտրվում են և հիասթափություն ապրում, քանի որ ստիպված են լինում մազրումները սկսել 0-ից, բայց նմանատիպ խնդիրները սպորտում ինձ ավելի են կոփում և ստիպում ձգտել ավելիին, քանի որ, եթե կա նպատակ,  ապա ոչինչ չի կարող խանգարել նպատակին հասնելու համար:

Հաշվի առնելով բոլոր արդյունքները՝ գո՞հ եք դրանցից:

Ինձ համար կարևորն այն է, որ մարզիչները գոհ լինեն, ինձ դա է գոհացնում և մինչ օրս ինձ հաջողվել է գոհացնել մարզիչներին:

Այս մարզաձևում  ի՞նչն եք ավելի շատ կարևորում:

Ծանրամարտով զբաղվելու համար մարզիկին պետք է մեծ կամքի ուժ, քանի որ հաջողության ճանապարհին բազում խնդիրներ է պետք հաղթահարել:

Ի՞նչ եք կարծում՝ գոյություն ունի՞ սահման,  որից հետո լավ արդյունքի հասնելը դառնում է դժվար:

Յուրաքանչյուր հաղթանակ մարզիկին ստիպում է ձգտել ավելիին, երբ մարզիկը նվիրված է իր գործին, անկախ ամեն ինչից, ոչինչ չի կարող նրան խանգարել հասնել և ավելի մեծ բարձրունքներ նվաճել:

Ինչպիսի՞ խնդիրներ կան ներկայումս այս մարզաձևում, ո՞ւմ կողմից պետք է ակնկալել այդ խնդիրների լուծումը:

Առաջնային խնդիրներից է մարզագույքի պակասը: Քանի որ կանանց և տղամարդկանց ծանրաձողերը տարբեր են, մենք ունենք մարզագույքի որոշակի խնդիր: Կան մարզադպրոցներ, որտեղ բացակայում են 15 կգ-անոց ծանրաձողեր, որոնք նախատեսված են աղջիկների համար, և ես կարծում եմ՝ այդ բացը լրացնելով կնպաստեն մեր մարզուհիների արդյունքների բարելավմանն ու կանանց ծանրամարտի զարգացմանը Հայաստանում:

Մարզական կարիերայի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեք:

Ինչպես յուրաքանչյուր մարզիկի, այնպես էլ իմ նպատակն է օլիմպիական խաղերում մասնակցելը, ինչպես նաև՝ օլիմպիական մեդալը:

Ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր Ձեզ ուժ և դրական լիցքեր են հաղորդում:

Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր  կողքիս են և աջակցում են ինձ: Եվ առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին, քանի որ նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում ենք հաջողությունների հասնել:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից