Առողջապահություն Բարի օր 

Մայրության նպաստից կշարունակեն զրկել, եթե քաղաքացին հետազոտություն չի անցել հղիության ժամանակ

analitik.am

ՀՀ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ գործող օրենքում մայրության նպաստ ստանալու համար պետք է հիմք հանդիսանան բուժհաստատության կամ պոլիկլինիկայի կողմից տրամադրված փասթղթերը, որոնք կինը ստանում է հղիության ժամանակ հետազոտվելիս: Իսկ եթե տվյալ կինը հղիության ժամանակ գտնվել է երկրից դուրս կամ հետազոտություն չի անցել, մայրության նպաստ չի ստանում:

ԵԼՔ-ի պատգամավորն առաջարկում է հանել սահմանափակումը, քանի որ ՀՀ-ի համար կարևոր է երեխայի ծնունդը, ոչ թե փաստաթուղթը, և եթե երեխան ծնվել է, դա արդեն բավարար է մայրության նպաստ տալու համար:

Գործող օրենքում կա նաև դրույթ, որի համաձայն, մայրության նպաստ ստացող քաղաքացին, եթե 12 ամսվա ընթացքում չի կանխիկացնում ստացած գումարը, այդ գումարը վերադարձվում է պետությանը: Գորգիսյանն առաջարկում է պատշաճ ծանուցման մասին դրույթ մտցնել, որ ծնողը նախ ծանուցվի սպասվելիք քայլի մասին, հետո նոր գումարը վերադարձնել պետությանը:

Այսօր գործող օրենքի համաձայն, մայրը մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի գումար է ստանում, սակայն այդ գումարը չի վճարվում, եթե մայրը 6 ամիս ՀՀ-ում չի գտնվում: Պատգամավորի խոսքերով, սա ոտնձգություն է ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ և խտրական մոտեցում, հետևաբար պետք է դրույթը վերանայվի:

Ինչ վերաբերում է միանվագ նպաստին, ապա մայրը դրանից զրկվում է, եթե 12 ամսվա ընթացքում դիմում չի ներկայացրել: Այս մասով ևս Գորգիսյանն առաջարկում է ծանուցման մասին դրույթ ավելացնել:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ պետության խնդիրը ոչ միայն երեխայի ծնվելն է, այլ՝ առողջ երեխայի ծնունդը:

Ապա իր տեսակետը հայտնեց կառավարության ներկայացուցիչ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ասատրյանը: Կառավարության եզրակացությունը բացասական էր:
Դրանից հետո Հակոբ Հակոբյանն առաջարկկեց 2 ամիս ժամկետով հետաձգել նախագծի քննարկումը, ինչին Գորգիսյանը համաձայնվեց՝ պայմանով, եթե կառավարությունը համաձայնվի քննարկել հարցը և լուծում գտնել: Կառավարության ներկայացուցիչը դեմ չէր:
Հանձնաժողովը միաձայն ընդունեց նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգելուն:

 

Նույն շարքից