Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Այս պահին զբաղված եմ ամենակարևոր ու բարդ գործով.Անուշիկ Ալավերդյան

analitik.am

Analitik.am -ի զրուցակիցն է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը:

Անուշիկ, Ձեր անցած ճանապարհը լի էր ավելի շատ անկումներով, թե՞ վերելքներով:

Իմ մուտքն երգարվեստ, իմ բռնած ճանապարհը  եղավ շատ գեղեցիկ ու հեշտ՝ շնորհիվ շատ լավ մարդկանց, որոնք իմ կողքին էին : Դա իմ եղբայրն էր,  Վահրամ Պետրոսյանն էր, Արթուր Գրիգորյանը: Ինձ համար շատ մտահոգող և կարևոր էր, թե ինչպիսին կլինի իմ մուտքն երգարվեստ և թե ինչ արձագանք կստանամ հանրության կողմից: Ի ուրախություն ինձ, յուրաքանչյուր մեր աշխատանք բարձր էր գնահատվում ու սիրվում և դա շարունակվում է մինչ օրս: Իսկ անկումներ՝ իհարկե, եղել են հիասթափություններ, բայց չափազանց քիչ: Ուրախանալու ու հպարտանալու առիթ ավելի շատ եմ ունեցել:

Բացի երգարվեստում ծավալած գործունեությունից, ուրիշ ի՞նչ զբաղմունքներ ունեք:

Երեխա եմ մեծացնում: Զբաղվում եմ ամենակարևոր ու բարդ գործով:

Գիտենք նաև, որ համագործակցել եք «Զարթոնք» համույթի հետ: Մի փոքր պատմեք այդ մասին:

Այո, «Զարթոնք» համույթի հետ եղավ մեկ համագործակցություն իմ ձայնասկավառակի շրջանակներում, որը մոտ ապագայում կլինի: Օրորոցային երգերի ձայնասկավառակի մասին է խոսքը: Ուրախ էի աշխատել լավ ու տաղանդավոր մարդկանց հետ:

Ի՞նչ կասեք  «Twice» երգի մասին: Ինչո՞վ է այս երգն առանձնահատուկ Ձեզ համար:

Այդ երգի օրիգինալ կատարողը ես չեմ, իհարկե, ցավոք սրտի, որովհետև համացանցում շատ պատահաբար հանդիպելուց հետո կպավ սրտիս ու դարձավ իմը: Սկսեցի ներկայացնել այն իմ ակումբային մենահամերգների ժամանակ, իհարկե այլ մատուցմամբ, և գնալով էլ ավելի էր սիրվում: Ձայնագրեցի ամուսնուս՝դաշնակահար Կարեն Մամիկոնյանի և թավջութակահար Նարեկ Գասպարյանի հետ ու այն ինչ-որ չափով դարձավ իմը:

Մենահամերգ նախատեսվա՞ծ է, ի՞նչ կարող են ակնկալել Ձեր երկրպագուները մոտ ժամանակներս:

Ապրիլի 19-ին կլինի իմ մենահամերգը «Կամի»  ակումբում, իսկ առաջիկայում՝ նոր ձայնասկավառակ:

Ձեր երգացանկում օտարալեզու երգերն են գերակշռում, թե՞ հայալեզու:

Ակումբային համերգների ժամանակ երգում եմ հիմնականում օտարալեզու երգեր, բայց կամաց-կամաց նաև հայալեզու երգերս կներկայացնեմ:

Ըստ ձեզ՝ պե՞տք է արդյոք մարդուն հասունության որոշակի աստիճան, որպեսզի կարողանա ընկալել այն երաժշտությունն ու երգը, որը մատուցում է:

Միանշանակ, նույնիսկ եթե չես երգում քո պատմությունը, միևնույնն է, պետք է զգաս, ապրես և գիտակցես: Իմ յուրաքանչյուր երգ իմ պատմությունն է: Առանց անձնականս պատմելու կարելի է հասկանալ իմ երգերից: Երգը տեղ հասցնելու համար պետք է ապրես այն, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:

Արդյո՞ք դժվար չի ստեղծագործել հայկական միջավայրում:

Երբեմն տարբեր համագործակցությունների առիթով աշխատում եմ նաև դրսում: Որոշ ժամանակ աշխատելուց հետո հասկանում եմ, թե որքան շատ եմ կարոտում իմ երկիրը: Դժվար է ցանկացած տեղ, պարզապես պետք է գիտակցես՝ որտեղ ես հեռանկար տեսնում քո ասպարեզում ու լինես այնտեղ (իհարկե հնարավորության դեպքում):

Ինչպե՞ս կբնորոշեք 21-րդ դարում ապրող մարդկանց:

Ապրում ենք համացանցում…

Ինպիսի՞ բացթողումներ ունենք մեր երկրում,  ըստ Ձեզ:

Ճաշակ, որակ, կրթություն…

Ձեր խոսքը մեր ընթերցողներին:

Եղեք առողջ…

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից