Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

ԵԼՔ-ի ներդաշինքային խնդիրները, ՀՀ անվտանգության հարցերը, նոր տեխնոլոգիաներով այգին, Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանում. Շաբաթվա ամփոփում

analitik.am

Անցնող շաբաթվա ներքաղաքական հիմնական թեմաներից  էր ԵԼՔ դաշինքում առաջացած հակասությունը:  Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ծավալուն հոդված էր ներկայացրել, որտեղ մանրամասն անդրադարձավ բոլոր այն պատճառներին, թե ինչու ԼՀ-ի համար ընդունելի չէ ՔՊ-ի առաջարկած պայքարի տարբերակը:  Մարուքյանը նշել էր, որ ԵԼՔ դաշինքն ի սկզբանե իր առջև նպատակ է դրել խորհրդարանական բոլոր լծակների գրագետ օգտագործմամբ դառնալ իշխանության իրական այլընտրանքը, վերահսկել վերջինիս և Ազգային Ժողովում հավուր պատշաճի ներկայացնել բոլոր այն քաղաքացիների ձայնը, ում համար կարևոր է Հայաստանում իրական ժողովրդավարական փոփոխությունների օրակարգը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները, քարացած մտածողությամբ գործել այսօրվա փխրուն աշխարհում: Նշեց, որ ԵԼՔ դաշինքի գործունեության հիմքում ի սկզբանե դրվել է նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով չգնալը, կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը չտրվելը: Մարուքյանն անմտություն էր համարել ամեն անգամ նույն բանն անելը  և ամեն անգամ սպասել նոր արդյունքի, քանի որ  հնարավոր չէ նույն քայլերով այլ արդյունքի հասնել։

ԼՀ-ի ղեկավարը նաև տվել էր լուծումներ, թե ինչպես է ԼՀ-ն պատկերացնում ՀՀ-ում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը, որը կտա ռեալ արդյունքներ: Նա նաև նշել էր, որ ԵԼՔ-ը՝  որպես խորհրդարանական ուժ, հավատարիմ լինելով մինչև հիմա գոյություն ունեցած իրենց  գործելաոճին, կարող էր առաջադրել վարչապետի այլընտրանքային թեկնածու, ներկայացնել այլընտրանքային ծրագիր, ինչն անելու համար դաշինքի ներսում հարկավոր էր ունենալ միասնականություն և կոնսենսուս։

Մարուքյանը նաև նշել էր, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել բերված փաստարկները, մերժել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մշակույթը, չլսել իր պես մտածող քաղաքացիների ձայները, երկրի ներսում ավելի հաճախ կլսվեն  կրակոցների ձայները, որոնք տասնամյակներով հետ կշպրտեն  Հայաստանը՝ խորացնելով ժողովրդի հուսալքությունը և խարխլելով պետության հիմքերը:

Ի պատասխան Մարուքյանի մանրակրկիտ բացատրությանն ու լուծման տարբերակների ներկայացմանը՝ ՔՊ նախագահ և «ԻմՔայլը» քայլերթի նախաձեռնող Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես կարծում եմ՝ եթե այդ տրամաբանությամբ գնանք, պարոն Մարուքյանի այսօրվա հոդվածում գծագրված ճանապարհը նույնպես մի քանի անգամ տրորված է, այդ թվում ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»:

Այս ընթացքում սոցցանցերում բավականին թեժացել էին նաև ՔՊ անդամների հակասական ստատուսներն ու մեկնաբանությունները, ինչից տպավորություն էր ստեղծվում, որ Լուսավոր Հայաստանին ցանկանում են դնել անելանելի վիճակի մեջ՝ ստիպելով միանալ պայքարին:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասուլիսի ժամանակ նշեց, թե հույս ունի, որ դաշինքի մյուս ուժերը, միանալով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության «ԻմՔայլը» քայլերթին, կնպաստեն քաղաքացու հաղթանակին: Հետաքրքիր էր, որ այս ընթացքում սոցցանցերում և տարբեր հարթակներում ակտիվ գովազդվում էր «ԻմՔայլը» քայլերթը՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ:

Այս ընթացքում հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին ԼՀ-ին մեղադրել իշխանություններին ծառայելու մեջ՝ մոռանալով, թե փաստացի  քանի իշխանությունների համար բացարձակ անցանկալի օրենսդրական նախագծեր է ներկայացվել ԼՀ-ի կողմից:  Այս ներդաշինքային պայքարին հետևելիս, կարելի է գան եզրահանգման, որ հարցի շուրջ կա տարբեր պատկերացում՝ ԼՀ-ն պայքարը պատկերացնում է քաղաքացու կյանքը բարելավող և կոնկրետ օրենսդրական փոփոխություններով հարցերին հստակ լուծում տալու ճանապարհով, իսկ ՔՊ-ն՝ քայլերթի, ցույցերի և արդեն ավանդական դարձած փողոցային պայքարի ճանապարհով:  Ճիշտ ու սխալի տեսանկյունից դիտարկելիս էլ կարող ենք հանգել այն կարծիքին, որ ՀՀ-ում ԼՀ-ն ձգտում է կոնկրետ հարցերին լուծումներ տալ՝ օրինակ բյուջեն լցնելու համար պատրաստում է շքեղության հարկի վերաբերյալ նախագիծ, ինչն անցկացնելու դեպքում բավականին կթեթևանա թե՛ բյուջեի վիճակը, թե՛ միջին ու ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների, և այսպես շարունակ: ՔՊ-ի ընտրած ուղին բազմաթիվ անգամներ գործարկվել է, սակայն արդյունք չի տվել: Ինչով կավարտվեն այս ներդաշինքային խմորումները և արդյունքում ով ճիշտ դուրս կգա, ցույց կտա ժամանակը:

Անցնող շաբաթ տեղի ունեցած ներքաղաքական դեպքերից կարելի է առանձնացնել  ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներդրումը Հայաստանում: Տարբեր վերլուծաբանների, քաղաքագետների և քաղաքացիների կողմից սուր քննադատության արժանացած այս հարցի մասին խոսեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը.  «Կա ռազմական բազայի մասին համաձայնագիրը, բայց բնական է, որ այնտեղ չէր կարող լինել հիշատակում ռազմական ոստիկանության մասին, որովհետև այդ ծառայությունն ավելի ուշ է ստեղծվել և գործում է Ռուսաստանի բոլոր միավորումներում»: Վերջինիս խոսքերից փաստացի կարելի է եզրակացնել, որ ՀՀ ԱԳՆ-ն նորմալ է վերաբերվում ՀՀ-ում ռուսական ռազմական ոստիկանություն ունենալու հարցին:

Հայաստանում տարբեր շրջանակներում քննարկվեց նաև Իրան-Թուրքիա-ՌԴ  նախագահների եռակողմ հանդիպումը, հնչեցին տարբեր կարծիքներ, որոնց վերլուծությունից  կարելի է փաստել, որ Հայաստանը պետք է հույսը դնի միայն իր ուժերի, սեփական բանակի հզորության և իր վարած արդյունավետ քաղաքականության վրա:

Հաջորդ կարևոր իրադարձությունը, որ կարելի է առանձնացնել Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովի ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի ելույթն էր, որում նա մանրամասն ներկայացրեց ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտում տեսլականները, ինչպես նաև խոսեց բազմիցս քննարկված Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության մասին՝ նշելով. «Ես գոնե մեկ դեպք չեմ հիշում, որ Մոսկվան պաշտոնական մակարդակով թեկուզ ակնարկով կասկածի տակ դնի մեր հարաբերություններն ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ: Նույն կերպ  երբեք չեմ տեսել, որ ամերիկյան կամ եվրոպական գործընկերները ըմբռնումով չմոտենան Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասով Հայաստանի հատուկ դիրքորոշմանը»:

Շաբաթվա դրական իրադարձություններից կարելի է առանձնացնել նաև  Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ հիմնվող այգու կառուցման մեկնարկը:  Սա հետաքրքիր ծրագիր է, քանի որ դրա  շրջանակում կիրառվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ,  այգին ունենալու է արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Սա լինելու է Երևանի առաջին այգին, որտեղ կկիրառվեն տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Ծրագիրը դրական կարելի է գնահատել նաև այն մասով, որ  այգում առևտրային որևէ գործունեություն չի նախատեսվում ծավալել:

Եվ իհարկե շաբաթվա ձեռքբերումներից կարելի է համարել Վատիկանի այգիներում  «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց  Սուրբ Աթոռ (Վատիկան), որտեղ հանդիպումներ ունեցավ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և մասնակցեց Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

 

Նույն շարքից