Գլխավոր Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Մերձավոր Արևելքն ու առաջացած երկբևեռ միջազգային համակարգը (մաս 1)

analitik.am

Սիրիայի 7 տարի տևած արյունալի պատերազմը կարելի է ասել մոտենում է իր ավարտին: Երկիրը գտնվում է կիսավեր վիճակում՝ կես միլիոնից ավել զոհ, աշխարհով մեկ ցրված փախստականներ, սակայն ընդդիմությանն ու նրանց աջակցող զինյալ իսլամիստներին չհաջողվեց հասնել իրենց գերնպատակին՝ ստեղծել իսլամական պետություն: Սիրիայի նախագահ Ասադի վարչակարգը հաստատուն կերպով շարունակում է ղեկավարել երկիրը, և պետական հաստատությունները գտնվում են նրա հսկողության տակ: Ինչպես բոլոր արյունալի պատերազմներում, այս դեպքում էլ հիմնականում ժողովուրդն է տուժում, սակայն այս պարագայում պատկերն ավելի հուզիչ էր, քան տարածաշրջանի նախկին պատերազմները: Ավելին՝ կարծիք կա, թե սիրիական պատերազմն ամենաաղետալի պատերազմն է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր թե՛ մարդկային, թե՛ նյութական վնասներով:

Լուսանկարներում բերված է Սիրիայի որոշ հատվածներ պատերազմից առաջ և հետո:

Պատերազմի ամբողջ ընթացքում տեղի ունեցան ուժերի վերադասավորումներ, որը փոխեց պատերազմի ամբողջ ընթացքը: Թուրքիան և Կատարը դեռ պատերազմը չսկսած պահանջում էին Ասադի հրաժարականը, սակայն ընթացքում արդեն  որդեգրեցին այլ քաղաքականություն և սկսեցին հանդես չգալ բացահայտ հակաասադական քաղաքականությամբ: Սիրիական պատերազմը ցույց տվեց, որ աշխարհը միաբևեռ համակարգից տեղափոխվում է երկբևեռի, այս նոր ստեղծված բլոկում գերիշխում են բացառապես ազգային արժաքների վրա հիմնված պետությունները:

Այս հոդվածաշարով փորձելու եմ ցույց տալ տարածաշրջանի և միջազգային ուժերի ներկա քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ Սիրիայի պատերազմից սկսած: Հստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հատ-հատ անդրադառնալ այն երկրներին, որոնք առնչություն են ունեցել և դեռ ունեն Սիրիայի պատերազմին: Սկսենք հենց Սիրիայից.

Սիրիայի պատերազմը կարող ենք բնութագրել որպես ամենաանկանխատեսելի պատերազմներից մեկը՝ հաշվի առնելով երկրի 40 տարվա անցնցում, փոքր քայլերով զարգացման մոդելը: Բաշար ալ-Ասադը՝ հաջորդելով հորը, եկավ իշխանության ավելի անհանդուրժողական կարգախոսներով՝ մասնավորապես կրոնական հարցերում և խոստացավ բոլոր բնագավառներում մոդեռնիզացնել երկիրը: Նրա պաշտոնավարման 10 տարվա ընթացքում իրականություն դարձան նրա ոչ բոլոր խոստումները: Երկրի քաղաքական միջավայրում էական ոչինչ չփոխվեց, երկիրը մնաց միակուսակցական՝ պայմանավորված արտաքին մարտահրավերներով: Սակայն,  զարգացման առումով, թեև, գյուղերում շատ խնդիրներ մնացին չլուծված, բայց հիմնական քաղաքները մեծ թռիչք արձանագրեցին: Տնտեսությունը սկսեց զարգանալ, առևտուրն արտաքին աշխարհի հետ անհամեմատ դյուրացավ, բացվեցին ազատ համալսարաններ, հիմնվեցին մասնավոր հյուրանոցներ և միջազգային բանկեր:

Հեռահաղորդակցման ոլորտի ընկերությունները կարողացան շատ արագ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցել մատչելի գներով և այլն: Պետական աշխատավարձերը և թոշակներն անհամեմատ բարձրացան, շինարարությունը սկսել էր նոր թափ ստանալ: Այս գրանցված հաջողությունները չներվեցին և հանկարծակի «արաբական գարուն» կոչված ալիքը հասավ նաև Սիրիա և 80-ական թվականներից մշակված ծրագիրը դարձավ իրականություն՝ ավիրելով Սիրիան՝ մասնավորապես պատմական շրջանները, որպեսզի Մերձավոր Արևելքում Իսրայելը մնա միակ հին քաղաքակարթությունը: Վերը նշված 80-ականների ծրագիրը հայտնի է որպես սիոնիստ գործիչ «Յինոնի ծրագիր», որը անհրաժեշտ էր համարում մասնատել Մերձավոր Արևելքի երկրները, որպեսզի Իսրայելն անվտանգ գոյատևի: Ըստ նրա՝ Սիրիան պետք էր բաժանել մի քանի փոքր երկրների՝ Ալևիական պետություն (ծովափնյա), Սյունիական պետություն (հյուսիսում), Սյունիական պետություն (մայրաքաղաքի շրջան, հակադիր հյուսիսին) և Դուրզիական պետություն (հարավում): Վերոնշյալ ծրագիրը մեր ժամանակներում  «Նոր Մերձավոր Արևելք»  դոկտրին անվամբ  առաջ քաշեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: ԱՄՆ-ի Իրաք ներխուժումը էլ տեղի ունեցավ այս համատեքստում՝ նորից բզկտել Իրաքը և բաժանել երկիրն ըստ կրոնական դավանանքի: Ռայսի ծրագիրն ավելի ընդարձակ էր՝ այն իր մեջ ներառում էր նաև Թուրքիան, որտեղ ստեղծվելու էր Քրդստան՝ Արևմտյան Հայաստանի հաշվին, Իրաքից, Սիրիայից և Իրանից նույնպես հողեր միացնելով Քրդստանին:

Այս ծրագիրն իրականություն չդարձավ հիմնականում այն պատճառով, որ Սիրիան զուտ արաբական երկիր համարելը մեծագույն սխալ կլինի՝ հաշվի առնելով նրա բազմադարյա պատմությունը: Այն գոյություն է ունեցել նախքան արաբների ծագումը: Սիրիան իր ստեղծման օրվանից  քրիստոնեության հիմնական սյուներից է և մինչ օրս կանգուն են քրիստոնեական սրբավայրներն ու նրա շուրջ հավաքվողները: Անտարակույս այդ հազարամյա մշակույթը ներծծված է Սիրիայի ժողովրդի մեջ՝ անկախ կրոնական պատկանելիությունից և դավանանքից: Այժմյան Սիրիայի ժողովուրդը տասնամյակներ  ի վեր վայելում է աշխարհիկ կյանքը և հանդուրժող է, նույնիսկ սուննի մահմաեդականների մեծ մասը պարտաճանաչ չէ իսլամական պարտավորությունների հանդեպ: Հաճախ կարելի է հանդիպել մի ընտանիքում քույրերի, որոնցից  ոչ բոլորն են կրում գլխաշոր, տղամարդկանցից ոչ բոլորն են հաճախում մզկիթ, և շատերը օգտագործում են ալկոհոլային խմիչքներ, որն ազատորեն վաճառվում է խանութներում: Հալեպում և Համայում գերիշխող սուննի պահպանողականության պայմաններում  մեծամասնությունը հանդուրժող է, ընտելանում ու շփվում են  Սիրիայում տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների հետ: Սիրիայի դեմ պատերազմ մղողները չհասկացան այն նրբությունը, որ Սիրիայի տարածքում անհնար է ստեղծել ժողովրդի մեծամասնության կամքին հակառակ իսլամական պետություն, որը ցանկություն ունի հետհայացք նետել ու վերադառնալ այն կյանքին, որը գոյություն ուներ Մուհամմեդ մարգարեի ժամանակ Արաբիայում, սրա վառ ապացույցն այն տեսարաններն են, որտեղ քաղաքացիները փախնում էին այն տարածքներից՝ Ռաքքա, Արևելյան Ղուտա, որտեղ իսլամիստները հիմնել էին իրենց պատկերացրած մինի պետությունները:

Մարդկանց այդ վայրերում պահում էին ստիպողաբար և ենթարկում իրենց անմարդկային օրենքներին: Երկրորդ կարևոր հանգամանքը խորն արմատներ ունեցող  ազգային արժեքներն են՝  սկսած Օսմանյան կայսրության դեմ ազատագրական պայքարներից մինչև մեր օրերը: Հայր Ասադի ժամանակաշրջանից դրվեց Իսրայելի դեմ պայքարի սկիզբը՝ փորձ անելով միավորել ամբողջ արաբական աշխարհը, որն առաջացրեց մեծ ոգևորություն: Ավելին՝ Եգիպտոսի նախագահ Աբդուլ Նասերի ազգային քաղաքականությունը միացրեց այս երկու երկրները՝ Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքականության դեմ սառը պատերազմի ժամանակաշրջանում: Աբդուլ Նասերը մինչ օրս արաբական աշխարհում ամենահիշատակված քաղաքական գործիչն է:

Պատմությունը ցույց տվեց, որ Սիրիայի ժողովուրդն ունի ազգային գիտակցություն և կարողացավ ըմբռնել թե ԱՄՆ-ն ինչ տրամադրություններ ունի Մերձավոր Արևելքի նկատմամբ: Այս ամենն է պատճառը, որ Սիրիայի ժողովրդի մեծ մասը չմիացավ ընդդիմությանը, ինչի արդյունքում էլ ընդդիմությունը մնաց ծայրամասերի անգրագետ բնակչության հետ, որոնք էլ պատճառ դարձան այս արյունալի պատերազմին՝ հավատալով, թե զինյալ իսլամիստները եկել են աստծո կողմից՝ նրանց փրկելու: Այժմ Սիրիան կիսավեր վիճակում է, կան շրջաններ, որտեղ շինություններն ամբողջապես հավասարվել են գետնին, սակայն շրջաններ էլ կան, որտեղ կյանքը ընթանում է այնպես, ասես ոչ մի պատերազմ էլ տեղի չի ունեցել, իսկ ժողովուրդն էլ շարունակում է ապրել իր առօրյա կյանքով:

Ճիշտ է՝ Սիրիան տասնամյակներ հետ գլորվեց և հարցական է, թե երբ կկարողանա նորից հասնել իր փառքին, սակայն մեծ հաշվով՝ Սիրիան հաղթած դուրս եկավ այս կործանիչ պատերազմից՝ պահելով տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված իշխանությունը: Արդեն հստակ է, որ վահաբիստական իսլամական մոդելը, որը պարտադրվում էր Սիրիային, տանուլ տվեց: Այս պատերազմով տեղի ունեցան միջազգային ուժերի վերադասավորումներ. Սիրիայի տարածաշրջանային և միջազգային դաշնակիցները՝ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, փոխեցին աշխարհի միաբևեռ ընթացքը և միջազգային հարաբերություններում ստեղծվեց երկբևեռ համակարգ:

Սիրիայի պատերազմի անկանխատեսելիությունն ու ընթացքը շփոթման մեջ գցեց նույնիսկ տարածաշրջանին քաջածանոթ մասնագետներին ու վերլուծաբաններին, սակայն Իրանի և Ռուսաստանի ռազմական ներգրավվածությունը հստակ ցույց տվեց,  որ այս երկու ուժերն այլևս չեն հանդուժելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծավալապաշտական քաղաքականությունը: Ավելին՝ այս պատերազմի բռնկման հետևանքով ստեղծվեց ոչ թե միայն երկբևեռ միջազգային համակարգ, այլ ազգային գաղափարախոսությամբ օժտված երկրների (Սիրիա, ՌԴ, Իրան, Չինաստան) համախմբում: Այս բլոկին միանալու են երրորդ աշխարհի այն պետությունները, որոնք ճնշված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից:

Հաջորդ հոդվածում կանդրադառնամ վերոհիշյալ բլոկի երկրների քաղաքականությանը՝ Սիրիայի պատերազմի համատեքստում:

Արարատ Կոստանյան

Նույն շարքից