Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը թույլ է տալիս Կարապետյանին կախվել փրփուրներից. Ինչքան կտևի այդ «մեծահոգությունը»

analitik.am

Ապրիլի 9-ին իր չափազանց կարճ՝ մոտ մեկ ու կես րոպե տևած ելույթով Կարեն Կարապետյանը չեզոքացրեց վերջին մեկ տարվա գլխավոր քաղաքական ինտրիգը: Ուշագրավ էր նրա կողմից ընտրված բառապաշարը, նա ասաց. «Որոշել ենք մեր կուսակցական ընկերներին առաջարկել այս կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն՝ որպես առաջին դեմք առաջարկել ՍերԺ Սարգսյանի թեկնածությունը»: Այն փաստը, որ Կարապետյանի «լեզուն չպտտվեց» արտաբերել «վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը» արտահայտությունն իրականում երկրորդական է: Այս ելույթում նա փորձեց շեշտը դնել նրա վրա, որ իրենք երկուսով՝ Կարապետյանն ու Սարգսյանն են որոշում կայացրել և երկուսով են առաջարկելու ՀՀԿ-ականներին այս Սարգսյանի թեկնածությունը: Կոպիտ ասած, Կարապետյանն ակնարկում էր, որ որոշման հիմքում ոչ թե այն փաստն է, որ ինքը չունի իրավիճակի վրա ազդելու որևէ քաղաքական լծակ, որ ամբողջ ՀՀԿ-ն հրապարակավ Սերժ Սարգսյանին ճանաչել է անփոխարինելի, որ ընդդիմությունը չի կարողանում անհրաժեշտ մարդկային զանգվածի գոնե տաս տոկոսի չափով մարդ հավաքել հրապարակներում, այլ այն փաստը, որ նրանք երկուսով են որոշել: Բնակչությունը և առաջին հերթին Կարապետյանի թիմակիցները պետք է տեսնեն, որ նա դեռ ինչ-որ ազդեցություն ունի:

Նման ելույթ ունենալու արտոնութունն, իհարկե, Սերժ Սարգսյանի զիջումն էր Կարապետյանին, ինչը Կարապետյանի կառավարության տնտեսական ցուցանիշների գովքի տրամաբանական շարունակությունն էր: Ակնհայտ է նաև այն, որ այդ զիջումը թելադրված էր ոչ թե վերոհիշյալ ցուցանիշներով, որոնք մասնագետների շրջանում արդեն ծաղրի առարկա են դարձել, այլ նրանով, որ մեր տարածաշրջանը գնալով ավելի է անկայունանում և այս պահին վտանգավոր է անտոգոնիզմ հրահրել մի մարդու հետ,ում ներկայացրած միջազգային սինդիկատը բազմաթիվ պետություններից ավելի հզոր աշխարհաքաղաքական ազդեցության լծակներ ունի: Կարապետյանն էլ իր հերթին հակված էր ընդունել այդ զիջումը, քանի որ նա քաջ գիտակցում է, որ եթե իր մայր սինդիկատի անդամներին չհաջողվի ՌԴ-ում պահել ՌԴ վարչապետի պաշտոնը, ապա հիշյալ աշխարհաքաղաքական լծակներն էականորեն թուլանալու են՝ անպաշտպան թողնելով տարբեր երկրներում գործող «Կարապետյաններին»:

Կարապետյանն իր ելույթում նշեց, որ լավատեսորեն է տրամադրված տնտեսական հեռանկարների վերաբերյալ, բայց սա այս պահին որևէ միտք չունի։ Իր խոստացված ներդրումները փաստացի հակառեկորդ են սահմանել, ինչը նա կոծկեց մաթեմատիկական մանիպուլյացիաներով, ինչին անդրադարձել ենք մեր հոդվածներից մեկում: Տնտեսական աճը պայմանավորված էր հանքարդունաբերության և խաղատների հասույթի աճով, ինչը ոչմի կերպ չի կարող ազդել բնակչության բարեկեցության վրա և որևէ կապ չունի Կարապետյանի խոստացված ներդրումների հետ։ Արդյունքում թղթի վրա ունենք բավական բարձր աճ ու փաստացի չնվազող գործազրկություն: Այս տարօրինակ կոռելացիային, ինչպես նաև բազմաթիվ այլ, մեղմ ասած, տարօրինակ ցուցանիշներին Կարապետյանի կառավարությունը նախընտրում է չանդրադառնալ: Այս մանիպուլյացիաներին չի անդրադառնում նաև Սերժ Սարգսյանը, սակայն կարելի է ենթադրել, որ դրան հերթը կհասնի ամենաուշը մինչև եկող աշուն, երբ երկրի վարչապետն իր առաջին տեղակալին ջղային տոնով կհարցնի, թե այդ ինչպես է ստացվում, որ ամեն ինչ աճում է,բայց բնակչության եկամուտները նվազում են:

Տեղի ունեցածը շատ ծանր է տանում նաև ընդդիմության առաջնորդի հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանը: Անցած տարի աշնանը ԱԺ ճեպազրույցներից մեկի ընթացքում Կարապետյանին հեռակա դաշինք կնքելու առաջարկով հանդես եկած Փաշինյանն, արձագանքելով Կարապետյանի վերջին ելույթին, դժվարությամբ էր իրեն զսպում արտահայտությունների մեջ, մասնավորապես՝ նշելով, որ Կարապետյանը «հայտնվել է Սերժ Սարգսյանի սպասարկուի դերում»: Մինչ օրս Կարապետյանի հասցեին բավականին կոռեկտ արտահայտվող Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է Կարապետյանի «սպասարկող անձնակազմի» մասնիկ լինելու թեզը, որ Կարապետյանը դուրս կշպրտվի այն պահին, երբ ինքնուրույնության նշույլ ցույց տա: Փաշինյանի հուզմունքը կարելի է հասկանալ՝ խոստանալով թույլ չտալ Սարգսյանի վարչապետ դառնալը ու չնշելով, թե ով է իր նախընտրած թեկնածուն նա ակնհայտորեն հույս ուներ, որ կկարողանա սեպ խրել «ռեժիմի» մեջ և պոկել Կարապետյանին, ինչպես ժամանակին Տեր Պետրոսյանը պոկեց Ծառուկյանին:

Ռուսաստանի կառավարության կազմի մասին որոշումը կկայացվի մայիսին, մինչդեռ Վլադիմիր Պուտինն իր զարմիկ Միխաիլ Պուտինին արդեն իսկ ներդրել է Գազպրոմ ընկերության տնօրենների խորհրդում։ Միխաիլը ստացել է Գազպրոմի ղեկավարի տեղակալի պաշտոնը և ակնհայտ է, որ այդ սինդիկատի գահընկեցության պրոցեսը շարունակական է լինելու մինչև այն լիովին դուրս չգա ռուսաստանյան լիբերալների ազդեցության տակից: Ըստ այդմ, վաղ, թե ուշ, Կարապետյանի «սպասարկման» ծառայություններից Սարգսյանը կհրաժարվի, նույնիսկ այն դեպքում, եթե Փաշինյանի կանխատեսած ինքնուրույնության նշույլներ չդրսևորվեն: Կարապետյանին կարող է փրկել միայն իրական տնտեսական աճը, ինչին հասնելու պոտենցիալ նա փաստացի չունի...

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից