Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Արևմուտքի մեթոդները կորցնում են արդիականությունը. Ի՞նչ է սպասվում Սիրիայում

analitik.am

Վերջին մի քանի օրվա ընթացքում գերտերությունները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն փոխանակվում են ռազմատենչ հայտարարություններով: Ամբողջ աշխարհն այդ ամենին հետևելով փորձում է գուշակել այս դեռևս սառը, սակայն հետզհետե թեժացող հակամարտության ապագա ընթացքը: Մինչդեռ, ռետրոսպեկտիվ հայացքով նայելիս՝ ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքական հոսանքները որոշակիորեն փոխվել են, և կամաց-կամաց ի հայտ է գալիս բազմիցս շոշափված բազմաբևեռ իրականությունը: Սիրիական հակամարտությունը դրա առաջին խոշոր ցուցիչն է:

1999 թվականի մարտի 24-ին ՆԱՏՕ-ի կողմից սկսած Յուգոսլավիայի հրետակոծությանը նախորդել էր բավականին ծավալուն տեղեկատվական արշավ, որի նպատակն էր ամրապնդել քաղաքական որոշման հանրային պատշաճ ընկալումը: Դեռևս 1992 թվականին Արևմուտքի լրագրողները հատուկ նշանակության արշավ էին սկսել, որպեսզի ցույց տային, թե ինչ անմարդկային և բռնապետական ռեժիմ է տիրում Յուգոսլավիայում: Այդ «մղձավանջը» ցույց տալու համար նրանք դիմում էին ամենապրիմիտիվ կեղծիքների: Այդ կեղծիքներն էլ իրենց հերթին տեղ էին գտնում արևմտյան առաջատար ԶԼՄ-ներում: Նման մի կեղծիք տարածվեց հեղինակավոր «TIME» ամսագրի էջերում, երբ շապիկին տեղադրվեց մի լուսանկար, որի համաձայն իբր Բոսնիայում համակենտրոնացման ճամբարներ գոյություն ունեն: Մինչդեռ, դա ընդամենը փախստականների ճամբար էր, որտեղ գտել էին մի փշալար, այդ փշալարի ետին՝ այսինքն ոչ սահմանափակ կողմից, կանգնեցրել էին բնածին արատով տառապող մի շատ նիհար մարդու՝ ներկայացնելով որպես ճամբարի շարքային զոհ: Այս և բազմաթիվ այլ կեղծիքներ օգնեցին բավարար չափով հանրային աջակցություն ստանալ և ռազմական օպերացիա իրականացնել սկզբում Բոսնիայում, այնուհետև Սերբիայում, ինչն էլ դարձավ Յուգոսլավիայի վերջնական փլուզման պատճառը:

Տարիներ անց՝ 2003 թվականի փետրվարին, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուվելը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում շարունակաբար ներկայացրեց բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում էին այն մասին, որ Սադամ Հուսեյնը փորձում է միջուկային զենք ստեղծել, ինչպես նաև ակտիվորեն քիմիական զենք է ստեղծում։ Հիմնվելով այս ապացույցների վրա ՝ ԱՄՆ կառավարությունը, զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով, հարձակվեց Իրաքի վրա, տապալեց այնտեղի կառավարությունը, բայց պրակտիկան ցույց տվեց, որ անվերադարձ տապալվեցին նաև պետականությունն ու իրաքցիների խաղաղ կյանք ունենալու հույսերը: Իրաք ժամանած միջազգային փորձագետները Քոլին Փաուվելի պնդումները հաստատող որևէ ապացույց չգտան:

Նույն նպատակով ՄԱԿ-ի ԱԽ խորհուրդ հրավիրած ԱՄՆ հաջորդ նախագահ Բարաք Օբամայի կառավարությունն արդեն չէր ծանրաբեռնում իրեն ապացույցներ, պատկերներ, փոշենման նյութեր ներկայացնելով: ԱՄՆ-ն ուղղակի հայտարարեց, որ Լիբիայի կառավարությունն ապստամբների հետ պայքարում դիմում է զանգվածային բնաջնջումների և, ինչպես միշտ, զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ հույժ կարևոր է մի օր շուտ սկսել Լիբիայի հրետակոծությունը: ՆԱՏՕ-ի հարձակումից շաբաթներ անց ամերիկյան Boston Globe և New York Times պարբերականները սկսեցին ապացույցներ հրապարակել այն մասին, որ ԱՄՆ կառավարության հիմնավորումները կեղծ էին և իրականում իրավիճակը միանգամայն այլ է: Մինչ օրս Լիբիայում չի վերականգվել պետականությունը, դրա փոխարեն ծաղկում է նախկինում գոյություն չունեցած ստրկատիրական հասարակարգը:

Թե՛ Յուգոսլավիայում, թե՛ Իրաքում և Լիբիայում կար հստակ գծված գործողությունների ծրագիր: ԶԼՄ-ները պետք է ստեղծեն մարդասիրական աղետի պատրանք, այդ պատրանքի ներքո «առաջադեմ աշխարհը» պետք է արշավանք հայտարարի, ինչի արդյունքում թիրախային երկրի բնական ռեսուրսները վերահսկողության տակ կառնվեն, իսկ թե ինչ կբացահայտվի գործողության ավարտից հետո, առանձնապես էական չէ: Այս տրորված ճանապարհով ՆԱՏՕ-ն աշխատում էր տասնամյակներ շարունակ: Այս մոտեցումը կիրառվեց նաև Սիրիայում: Սակայն, այստեղ ԱՄՆ-ն առաջին անգամ լուրջ խնդրի առջև կանգնեց՝ միջերկրական ծովում իր միակ նավահանգիստը չկորցնելու մտադրության մասին հայտնեց Ռուսաստանը: Հայտնելուն պես այդ երկրի զինված ուժերն ակտիվ ռազմական միջամտություն սկսեցին և մարդասիրության դրոշակը խլեցին ԱՄՆ ձեռքից, ինչը դժվար չէր անել, քանի որ ԱՄՆ մարդասիրական գործողությունները փաստացի ծնել էին նախադեպը չունեցող հրեշի, որի անունն էր ԻԼԻՊ:

Ռուսաստանին էական տեխնիկական և ռազմավարական աջակցություն ցուցաբերեց Իրանը, որը տիրապետում էր շատ ավելի ստույգ հետախուզական տվյալների, քան որևէ այլ «խաղացող»: Ինչ-որ փուլում Չինաստանը հայտնեց, որ մի քանի գումարտակ հատուկ ջոկատային կուղարկի Սիրիա՝ ի աջակցություն Բաշար Ասադին: Որոշ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ քրդական վտանգի չեզոքացման շուրջ Սիրիա-Իրան-Ռուսաստան եռյակի հետ միասնական օրակարգ է ձևավորել նաև Թուրքիան:

Իրավիճակը կտրուկ փոխվեց, և մինչ այդ տարածաշրջանային ավելի հզոր դերի մասին երազող Իսրայելը դարձավ ոչ թե ստվերային գործընթացների ղեկավար, այլ հարվածի թիրախ: Իսրայելի հասցեին անթաքույց սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ղեկավարները: Իր 51-րդ «նահանգին» պաշտպանելու նպատակով ԱՄՆ նախագահը ստիպված կտրուկ սրեց հռետորաբանությունը, ինչը, սակայն, այդպես էլ չի տրանսֆորմացվում պրակտիկ քայլերի: Կա շատ մեծ հավանականություն, որ չի էլ տրանսֆորմացվելու, իսկ Իսրայելը ստիպված կլինի իր գոյության պատմության մեջ առաջին անգամ միայնակ պատերազմել մի քանի ճակատով՝ չունենալով վստահելի դաշնակից՝ ի դեմս աշխարհի ամենահզոր տնտեսության: Իսրայելը, ըստ ամենայնի, իր գոյության պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի Հայաստանի կարգավիճակում:

Ոմանք այս ամենի հիմքում տեսնում են խարիզմատիկ առաջնորդների քաղաքական ամբիցիաները, իրականությունը, սակայն, շատ ավելի պրագմատիկ է: Բանն այն է, որ Թուրքիայում Սուլթան Աբդուլ Համիդից հետո առաջին անգամ կա իրոք թուրքամետ կառավարություն, որին չկարողացան հեռացնել իշխանությունից՝ նույնիսկ ռազմական հեղաշրջման միջոցով: Իրանը, հետզհետե զարգանալով, որոշ գիտահետազոտական ոլորտներում դարձել է աշխարհի առաջատար երկրներից մեկը: Չինաստանը դարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունը՝ խոշորագույն գիտահետազոտական բյուջեով, իսկ Ռուսաստանը, ծանր հարվածներ ընդունելով հանդերձ, վերջին տարիներին էականորեն բարելավել է զինված ուժերի վիճակը և մի շարք բավականին հաջող գործողություններ իրականացրել: Փաստացի Սիրիան նշան է այն բանի, որ կապիտալիզմը նահանջում է՝ իր տեղը զիջելով սոցիալիստական մոդելի երկրներին: Այս երկրները պարզապես ավելի արդյունավետ են գործում և, ըստ ամենայնի, նրանց ախորժակը գնալով աճելու է: Թուրքիան և Իրանն իրար մեջ պետք է կիսեն իրենց տարածաշրջանը: Ռուսաստանն անխուսափելիորեն գրոհելու է դեպի իր համար հարազատ Եվրոպա: Իսկ Չինաստանը վերջապես սկսելու է գլոբալ էքսպանսիան և ստանձնելու է երկրորդ բևեռի դերը, միգուցե միակ բևեռի...

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից