Գլխավոր Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Թրամփի թվիթները, Սիրիայի հրթիռակոծությունը, ՌԴ զսպվածությունն ու Ալիևի հերթական նախագահությունը. Շաբաթվա ամփոփում

analitik.am

Այս շաբաթ միջազգային կարևորագույն իրադարձությունը  կարելի է համարել Սիրիայում լարվածության սրացումը: Նախ՝ սիրիական Թիյֆոր ավիաբազային հրթիռային հարված հասցվեց, իսկ բազայի օդային տարածքում էլ  իսրայելական հետախուզական օդանավ էր նկատվել: ՌԴ պաշտպանությանն նախարարությունն էլ հայտնեց այն մասին, որ սիրիական Հոմսի արևելքում գտնվող Т-4 ավիաբազային օդային հարված հասցրել են իսրայելական օդուժի 2 F-15 կործանիչները: Հայտարարության մեջ նշված էր, որ իսրայելական կործանիչները չեն մտել Սիրիայի օդային տարածք և կառավարվող հրթիռներով հարված են հասցրել Լիբանանից: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռազմաբազային հասցված հարվածի արդյունքում զոհվել են  իրանցի զինվորականներ: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոմեյնիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին էլ հայտարարեց, որ Իսրայելը ստիպված է լինելու պատասխան տալ սիրիական ավիաբազային հարվածելու համար:

Ավելի ուշ նյութ տարածվեց այն մասին, որ Իսրայելը տեղյակ է պահել ԱՄՆ-ին, որ պատրաստվում է հարված հասցնել սիրիական Հոմսում գտնվող ավիաբազային: Ամերիկյան Donald Cook ռազմանավն էլ  60 «Տոմագավկ» տեսակի հրթիռով զինված մոտեցավ սիրիական Տարտուսին:

Այս ամենի ֆոնին տարաձայնություններ առաջացան ՌԴ-ի և Թուրքիայի մեջև՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին,  որ Աֆրինը պետք է հանձնել Դամասկոսի հսկողությանը: Չավուշօղլուն հայտարարեց, որ Ասադը պետք է հեռանա. «Մենք աչք չունենք սիրիական հողերի վրա, սակայն այդ հողերը ներկա վարչակարգին չի վերադարձվելու: Սրանք սիրիական հողեր են, սակայն մենք ունենք մեր անհանգստության պատճառները, քանի որ սիրիական վարչակարգն այսօր կռվում է քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ, սակայն վաղը նրանց միջև կարող է ամեն ինչ լավ լինել»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց ակտիվ հետաքրքրվել Սիրիայի կոնֆլիկտով՝ մոռանալով երևի այն մասին, որ օրեր առաջ հայտարարել էր, որ ամերիկյան զորքը դուրս է բերելու Սիրիայից,  և նույնիսկ չմասնակցեց Պերուի մայրաքաղաքում կայանալիք Ամերիկայի գագաթաժողովին:

Նա իր թվիթերյան էջում գրառում կատարեց՝ սպառնալով ՌԴ-ին. «Ռուսաստանը խոստանում է հարվածել մեր հրթիռներին, որոնք արձակված կլինեն Սիրիայի վրա: Պատրաստվեք, Ռուսաստան,  նրանք գալու են, դրանք լինելու են նոր և խելացի: Պետք չէ լինել մի գազանի ընկեր, ով գազով սպանում է կենդանիներին, սպանում է իր քաղաքացիներին և վայելում դա»: Այս գրառմանն ի պատասխան ռուսական կողմը՝ Զախարովայի միջոցով պատասխանեց, որ խելացի հրթիռները պետք է ուղղված լինեն ահաբեկիչների դեմ, ոչ թե երկրի օրինական իշխանությունների, որոնք մի քանի տարի է իրենց տարածքում պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ: Թրամփի հաջորդ գրառումն էլ ավելի զարմացրեց, նա գրեց, որ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառն իր և Մոսկվայի միջև հնարավոր կապի մասով հետաքննությունն է, որը ԱՄՆ ղեկավարի կարծիքով, նախաձեռնել են դեմոկրատները կամ մարդիկ, ովքեր աշխատում են Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի համար:

ԱՄՆ ապագա պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ հայտարարեց, որ  Ռուսաստանի նկատմամբ փափուկ քաղաքականության ժամանակներն անցել են, և Թրամփի ադմինիստրացիան Ռուսաստանին համարում է «երկրի համար վտանգավոր»:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսն էլ հայտարարեց, որ Մոսկվան պետք է Վաշինգտոնին օգնի հասկանալ՝ արդյո՞ք Ռուսաստանն ԱՄՆ-ի թշնամին է, թե՝ ոչ՝ նշելով, որ ԱՄՆ-ում կարծում են, որ ՌԴ-ն իրեն պահում է չարագործի պես:

Կրեմլն էլ իր հերթին կոչ արեց ԱՄՆ-ին խուսափել Սիրիայում լարվածության աճից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Սիրիայի իրավիճակն ԱՄՆ-ի կողմից ավելի սրելը ապաառուցողական մոտեցում է: Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ փակ նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակը: Հանդիպումից հետո կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան չի բացառել պատերազմը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյո՞ք պատերազմ բռնկվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ ռուսաստանցի չինովնիկը ցավով նշել է, որ որևէ բան բացառել չի կարելի, քանի որ բոլորն էլ տեսնում են Վաշինգտոնի հայտարարությունները:

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն, պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն էլ  իր հերթին հայտարարեց, որ մի քանի շաբաթ առաջ Սիրիայում 2 հարյուր ռուսաստանցի է սպանվել. «Գործող իշխանությունները հայտարարել են միջուկային ռազմավարության վերանայման մասին, որը Ռուսաստանին զգուշացնում է Սիրիայում ամերիկյան ուժերի գործողությունների մասն: Մի քանի շաբաթ առաջ ռուսները հավասար հակառակորդի հետ հանդիպեցին և կորցրեցին 2 հարյուր մարդու»:

Այս թեժ պայմաններում  ռուսական ռազմական նավերը լքեցին սիրիական Տարտուսը: Նշվեց, որ ռուսական նավերը դուրս են բերվել ծով՝ Արևմուտքի կողմից Սիրիային հնրավոր հարված հասցնելու պատճառով: ՌԴ պետդումայում բացատրեցին այդ քայլը՝ որպես նորմալ պրակտիկա, երբ կա հարվածի սպառնալիք:

Այս ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփը հերթական գրառումը կատարեց՝  Սիրիային ռազմական հարված հասցնելու մասով՝ հայտարարելով, որ երբեք չի ասել, թե երբ է դա անելու.«Կարող ենք շատ շուտով հարվածել, կարող ենք երբեք չհարվածել: Ամեն դեպքում իմ ղեկավարությամբ երկիրը հաջող կերպով պայքարեց «Իսլամական պետության» դեմ: Իսկ ո՞ւր է «մեր շնորհակալությունը»»,-գրեց  Թրամփը:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա մասնավորապես Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան սկսեցին ակտիվորեն քննադատել Սիրիայի նախագահին՝ մեղադրելով նրան սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու մեջ և հայտարարեցին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի խանգարեն նրան հետագայում նման գործողություններ կատարել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց ունեցավ  Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, ով իր հերթին  հայտարարեց, որ պետք չէ շտապել Սիրիային հարված հասցնելու գործում, նախ պետք է ապացույցներ ունենալ, որ սիրիական Դոումա քաղաքում քիմիական զենք է կիրառվել: Չշտապելու կոչ արեցին նաև Գերմանիայի քաղաքական գործիչները: Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան չի մասնակցելու Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին: Այս ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ ասաց, որ Ֆրանսիան դեռ որոշում չի ընդունել՝ Սիրիայի վրա հարձակվելու հետ կապված: Որոշ ժամանակ անց էլ ֆրանսիական կողմը հանդես եկավ հերթական հայտարարությամբ՝ նշելով, որ եթե հարվածելու մասով որոշում լինի, Ֆրանսիան այդ մասին նախօրոք չի ասի:

Ռուսաստանն այս ամբողջ մեղադրանքների ֆոնին, որոնք ուղղված էին Բաշար Ասադին, հայտարարեց, որ  անվիճելի ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի Դոումա քաղաքում ենթադրյալ  քիմիական հարձակումը ներկայացում է և իրականացվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների մասնակցությամբ:

Շաբաթվա վերջին, չնայած չշտապելու մասին կոչերին,   ԱՄՆ-ն առաջին հարվածները հասցրեց Դամասկոսին՝ «Տոմագավկ» հրթիռներով:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերնը Սիրիայի վրա արձակեցին ավելի քան 100 թևավոր հրթիռ: ԱՄՆ կողմը նաև հայտարարեց, որ թիրախը Բաշար Ասադը չէ:  Ռուսական կողմն էլ  նշեց, որ արձակված հրթիռների մեծ մասը ոչնչացվել են օդում՝ սիրիական կողմի կողմից օգտագործված  C-125, C-200 համակարգերի, «Բուկ»-ի և «Կվադրատ»-ի օգնությամբ:

ՌԴ ՊՆ-ն նաև պնդեց, որ  հարվածները հասցվել են Կարմիր ծովում գտնվող ամերիկյան երկու ռազմանավերից, Միջերակրական ծովի տակտիկական օդուժի, ինչպես նաև ամերիկյան B-1B ռմբակոծիչների միջոցով:

Սիրիային հասցված հարվածը մեկնաբանեց  նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ասելով, որ  դա թույլ կտա խանգարել սիրիական ռեժիմին հետագայում հարձակվել սեփական ժողովրդի վրա:

Ռուսաստանը հայտարարեց, որ  զգուշացրել էր ԱՄՆ-ին հնարավոր հարվածի լրջագույն հետևանքների մասին: Մոսկվան դա համարեց  միջազգային իրավունքի խախտում և չհիմնավորված հարձակում ինքնիշխան պետության վրա:

Իր հերթին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարեց, որ այս հարվածն անպատասխան չի մնալու, իսկ պատասխանատվությունն ընկած է երեք երկրների վրա:

Իրանը ևս դատապարտեց հարվածը, որը Թեհրանի պնդմամբ, տեղի է ունեցել Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման մասով ապացույցների բացակայության պայմաններում, և դրա համար պատասխանատվությունը կրում են հարվածող երկրները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսված հարվածը մեկնաբանեց նաև  Դամասկոսը՝ նշելով, որ այս հարվածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

Հարվածին հաջորդող առավոտն էլ Բաշար Ասադն, ինչպես ամեն օր, գնաց աշխատանքի:

Ֆրանսիան շտապեց հայտարարել, որ տեղյակ է պահել ՌԴ-ին հասցվելիք հարվածների մասին՝ նշելով, որ Փարիզը չի ցանկանում սրել Սիրիայի իրավիճակը և առճակատման գնալ, ուղղակի նպատակ կա հասցված հարվածով խանգարել տեղի իշխանություններին հետագայում դիմել քիմիական զենքի օգնությանը:

Այդուհանդերձ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ագրեսիայի դրսևորում անվանեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից այս գիշեր Սիրիային հասցված հարվածը:  Պուտինը նաև հայտնեց, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և դաշնակիցների ագրեսիայի հարցը քննարկելու համար: Մոսկվան նաև հայտնեց, որ պատրաստ է քննարկել Սիրիային ЗРК С-300  համակարգեր մատակարարելու հարցը՝ տեղեկացնելով, որ հարցի քննարկումը դադարեցվել էր Արևմուտի խնդրանքով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարեց, որ իր աջակցությունն է հայտնում ապրիլի 14-ին գիշերը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հարվածին՝ համարելով այդ քայլն անհրաժեշտություն՝ քիմիական զենքի կիրառումը հետագայում կանխելու համար:

Սիրիայի հակամարտության նման զարգացումները բազմաթիվ կարծիքների տեղիք տվեցին՝ մասնագետների մի խումբ պնդում է, որ իրավիճակը կարող է էլ ավելի լարվել, մյուս մասը վստահ է, որ այսքանից ավել լարվածություն չի լինի: Մոտ օրերում արդեն պարզ կդառնա, թե ինչ զարգացումներ կլինի Սիրիայում, ինչպես նաև, թե ինչ անդրադարձ կարող են ունենալ այդ զարգացումները տարածաշրջանի վրա:

Շաբաթվա մյուս կարևոր միջազգային իրադարձությունը կարելի է համարել ԱՄՆ-ի՝ ՌԴ դեմ  նոր պատժամիջոցների փաթեթը, որը ներկայացվեց Կոնգրեսի փաստաթղթերի բազայում: Ըստ նախագծի, արգելվում է ՌԴ պետական պարտքի հետ կապված յուրաքանչյուր ֆինանսական գործարք:  Փաստաթուղթն ազդեցություն կունենա  նաև ՌԴ Կենտրոնական բանկի կողմից թողարկվող արժեթղթերի հետ կապված գործարքների վրա: ԱՄՆ պատժամիջոցներին ի պատասխան ՌԴ-ից արձագանքեցին, որ եթե Ռուսաստանում որոշում կայացնեն պատասխանել ամերիկյան պատժամիջոցներին, երկիրը կարող է այլևս տիտան չարտահանել Միացյալ Նահանգներ, որտեղ այն անհրաժեշտ է Boeing օդանավեր կառուցելու համար: 

Միջազգային այս լարված ֆոնին կարծես թե  հետին պլան մղվեցին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները: Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում, ինչպես և սպասվում էր, հաղթեց Իլհամ Ալիևը՝ 86 տոկոս ձայներ հավաքելով:

ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարեց, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անց են կացվել իրավունքի և ազատության սահմանափակումների, մրցակցության բացակայության պայմաններում: ՌԴ ԿԸՀ դիտորդը, սակայն, հայտարարեց, որ խախտումներ չեն արձանագրվել:

Շաբաթվա ամենահետաքրքիր իրդարձությունը կարելի էր համարել այն, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ին հայտնեցին, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը պատրաստ է քննարկել միջուկային զենքից հրաժարվելու հարցը:

Իսկ կանխատեսելի  իրադարձությունն էլ այն էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ կառավարությանը կարգադրել է սկսել ԱՊՀ ղեկավար մարմիններից երկրի պաշտոնական դուրս գալու գործընթացը:

Նույն շարքից