Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սա ժողովրդավարության հաստատման ևս մեկ քայլ է. ՀՀԿ-ական պատգամավորը՝ ցույցերի մասին

analitik.am

«Շատ հանգիստ իմ աշխատանքային ժամին եկել ու հասել եմ գործի»,-այսօր՝ ապրիլի 16-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ստեղծված իրավիճակին, իշխող ուժի պատգամավորն ասաց, որ քաղաքական գործընթաց է, ինքը հարգանքով է վերաբերվում խաղաղ երթերին, ցույցերին, սա դրսևորման ձև է և եթե մարդիկ օրենքի շրջանակներում գործեն որևէ խնդիր լինել չի կարող. «Սա ժողովրդավարության հաստատման ևս մեկ քայլ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, անհատ կարող է ազատ արտահայտվելու իրավունք ունենալ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ապրիլի 17-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը, տապալվի, Բաղդասարյանն ասաց, թե չի կարծում, որ նման բան լինի, հատուկ նիստի մասին հայտարարված է և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նախատեսված է: Նիստը սկսվելու է ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին:

Լրագրողների հարցին, թե ինչու ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ ոչ թե Երևանում, այլ Ծաղկաձորում, Բաղդասարյանը պատասխանեց, որ որևէ տարօրինակ բան չի տեսնում դրա մեջ: Նա նշեց, որ հաճախ են արտագնա նիստեր անում: Պատգամավորի խոսքերով, ՀՀԿ-ի նիստերի դահլիճը 180 տեղ ունի, իսկ խորհուրդը 250-ից ավել անդամ ունի, դրա համար ընտրվել է դահլիճ, որն ավելի հարմար կլինի, այլ պատճառ չկա: Պատգամավորը վստահեցրեց, որ դա որևէ կերպ կապված չէ Երևանում ծավալվող իրադարձությունների հետ և այն տեղեկությունների հետ, որ ցուցարարները շրջափակելու են ՀՀԿ կենտրոնական գրասենյակը:

Նույն շարքից