Իրավական 

Սյունիքում կացնահարված 79-ամյա կինը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 59-ամյա տղամարդուն՝ համագյուղացի՝ 79-ամյա կնոջը վիճաբանության ժամանակ կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Տարեց կնոջը ծանր մարմնական վնասվածքները պատճառվել են 2018թ. ապրիլի 9-ին՝ Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1958թ.:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 59-ամյա տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. տղամարդը նախ քարով է հարվածել տարեց կնոջը, այնուհետև շարունակել է հարվածներ հասցնել կացնով: Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմնին հայտնել են, որ տուժած կինն ստացած մարմնական վնասվածքներից ապրիլի 12-ին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ  59-ամյա տղամարդը 2017թ. սեպտեմբերի 4-ից հաշվառված է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    4
    Shares

Related Articles