Քաղաքականություն 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է սենատոր Օլիվիե Կադիքին

analitik.am

Ապրիլի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում ֆրանսիացի խորհրդարանականների արժեքավոր ներդրումը և երկու երկրների օրենսդիր մարմինների անդամների հաճախակի փոխայցելությունները:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության վերընթաց զարգացումը, որը նշանավորվել է բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցերով, միջխորհրդարանական կապերի սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի խորացմամբ:

Էդվարդ Նալբանդյանը և Օլիվիե Կադիքը կարևորեցին նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը՝ ընդգծելով, որ այս ոլորտում արդյունավետ համագործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների առավել զարգացմանը: Այս համատեքստում ֆրանսիացի սենատորը տեղեկացրեց ապրիլի 14-ին Գորիսում Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն և Գորիսի ֆրանկոֆոն մշակութային կենտրոն այցելության վերաբերյալ:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց կրթության բնագավառում ձևավորված արդյունավետ համագործակցության մասին, կարևորվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունն ու կրթական փոխանակումների համատեղ ծրագրերի իրականացումը:

Նախարար Նալբանդյանը և Օլիվիե Կադիքը քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Ֆրանկոֆոնիայի ավանի և Տնտեսական ֆորումի նախապատրաստական աշխատանքները:

Նույն շարքից