Հայաստան Քաղաքականություն 

ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջում ոստիկանությունից «Յաշիկի» ուղևորների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու մասով

analitik.am

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հաղորդում են ներկայացրել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ.

1) Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին:

Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

2) Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները հավաքի ընթացքում պետք է գործեն այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով:

3) Այսօր ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմը հավաքագրել ու վերլուծել է հավաքի ընթացքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման փաստերը, դրանց վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դրանց գործադրման վայրում անմիջականորեն արձանագրած դեպքերը:

Այս տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քննարկման առանձին ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած բոլոր նյութերը կուղարկվեն Դատախազություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու պահանջով: Այս առնչությամբ առկա է համապատասխան իրավական ընթացակարգ սկսելու անհապաղ անհրաժեշտություն:

4) Հատկապես մտահոգիչ են հավաքի մասնակիցների և ոստիկանների տուժելու վերաբերյալ տեղեկությունները: Դրանք պետք է քննության առարկա դարձվեն համապատասխան միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։

Մտահոգիչ է նաև Երևանի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում ցուցարարների և նրանց գործողություններից դժգոհ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը։ Այդ առնչությամբ ակնկալում ենք Ոստիկանության պարզաբանումները։

5) Հատուկ կարևորում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և հավաքի ընթացքում ելույթ ունեցող մյուս գործիչների անընդհատ կոչերն ու հորդորները բռնությունից զերծ մնալու և հավաքի խաղաղ բնույթը պահպանելու վերաբերյալ:

Այդ կոչերի կարևորությունը պայմանավորված է նաև այն փաստով, որ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի գրառումների ու մեկնաբանությունների ուսումնասիրությամբ արձանագրվել են ատելության խոսք և բռնության կոչեր:

6) Ներկայում կարևոր է նաև լրատվամիջոցների բնականոն գործունեությունը: Ուստի, Պաշտպանի աշխատակազմի առանձին ուշադրության հարց է լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը: Այդ նպատակով իրականացվում է առանձին դիտարկում: Այսօր factor.am էլեկտրոնային լրատվամիջոցի օպերատորի տուժելու և տեխնիկայի վնասվելու վերաբերյալ տեղեկությունը համապատասխան քննության պահանջով նույնպես կուղարկվի իրավապահ մարմիններին:

7) Իրավասու պետական մարմիններն իրենց հերթին պետք է հանրությանը տրամադրեն անընդհատ տեղեկություններ հավաքների կապակցությամբ իրենց գործողությունների, հավաքների մասնակիցների տուժելու փաստերի ու դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

Պաշտոնական աղբյուներից ստացվող տեղեկությունները կարևոր երաշխիք են ոչ հավաստի տեղեկությունների տարածումից ու դրանց հետևանքով ստեղծվող հնարավոր խուճապային իրավիճակներից խուսափելու նպատակով: Սա կարևոր է նաև այդ մարմինների նկատմամբ վստահության տեսանկյունից:

 

Նույն շարքից