Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

Դուք հո չուզո՞ղ չեք. Մանե Թանդիլյանը՝ Սերժ Սարգսյանին

analitik.am

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սերժ Սարգսյանը իր վարչապետական ելույթում 10 տարիների տնտեսական ձեռքբերումների մասին խոսեց ընդամենը երկու թվով, որից մեկը վերաբերվում է ֆիզիկական անձանց կողմից 2018թ հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի բանկերում այդ ավանդների ծավալին, որը իր ասելով կազմում է 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ:
Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող հաշվետվություններում տեսնում ենք, որ նշված օրվա դրությամբ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը կազմել է 1 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որը հայտարարվածից պակաս է մոտ կես տրիլիոն դրամով կամ 30%-ով:
Նույնիսկ եթե այս թվերին ավելացնենք ցպահանջ հաշիվներին առկա գումարները, որը չի կարելի համարել ավանդային խնայողություն, միևնույն է այդպես էլ չի ստացվում 1,5 տրիլիոն դրամը:

Փաստենք նաև, ավանդների 66 տոկոսը արտարժույթային են, այսինքն դրամի վերջին տասը տարվա արժեզրկման արդյունքում այդ ավանդների ծավալը դրամով արտահայտված ավելացել է 59 տոկոսով:

Տպավորություն է, որ տնտեսական ցուցանիշները նույնպես տրամադրվում են համատարած կաշառքի և վարչական լծակների ազդեցության ներքո...

Ի դեպ, ավանդների աճի մասին՝ խնայողությունների աճը ամենևին էլ դրական երևույթ չէ, որով կարելի է հպարտանալ: Ֆիզիկական անձանց կողմից սպառմանը գերազանցող խնայողությունների աճը հիմնականում ԲԱՑԱՍԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ հետևանք է: Այսինքն, մարդիկ ոչ թե հարստացել են, այլ ուղղակի իրենց վաստակած լավագույն դեպքում նույն եկամուտի ավելի քիչ մասն են ծախսում, ինչը արտացոլվում է նաև սպառման ծավալների նվազման և ՀՆԱ-ի նույն մակարդակով: Մարդիկ ունեն ակնհայտ բացասական սպասումներ, քանի որ մտածում են, որ ապագայում ավելի վատ են ապրելու, ավելի քիչ են վաստակելու, քան հիմա և արդյունքում «սև օրվա փող» են պահում ավանդների տեսքով:
Դրական սպասումների և վստահության միջավայրի առկայության պարագայում, մարդիկ կկատարեին անձնական ներդրումներ և սպառման ավելացում, ինչը կբերեր նաև տնտեսության մի շարք ոլորտների աճի, հետևաբար նաև ՀՆԱ-ի ավելացման, իսկ Սերժ Սարգսյանի վարչապետությունը ավելի է խորացնում բացասական սպասումները և մակրոտնտեսական կարևորագույն ցուցանիշների վատթարացումը:

PS. Չկատարված անթիվ-անհամար խոստումների ֆոնին գոնե կարելի էր վարչապետական ելույթով է՛լ ավելի չվատթարացնել վիճակը, դուք հո չուզո՞ղ չեք...

Նույն շարքից