Հայաստան Քաղաքականություն 

Դաշնակցության հայտարարությունը՝ Հայաստանում ծավալված ակցիաների մասին

analitik.am

Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են: Այս մասին ասված է ՀՅԴ գերագույն մարմնի տարածած հայտաարության մեջ:

Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է  պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք:  Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե Հայաստանի քաղաքացին, թե երկիրը:

Այս առումով անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: Ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորելու, պետականաշինության նոր փուլը բնականոն ընթացքի մեջ դնելու, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը ամբողջացնելու, պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, մասնակցային ժողովրդավարություն ապահովելու պարտավորություն ունենք բոլորս:

Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝  առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:

Նույն շարքից