Հայաստան Քաղաքականություն 

Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու ընթացքում դրսևորվում է ոչ իրավաչափ վերաբերմունք. «Ելք» խմբակցություն

Վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ: ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորները այցելել են Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ և ձերբակալված անձանց պահման վայրեր: Մենք արձանագրում ենք, որ.

. խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք,

. վարույթների ընթացքում խախտվում են ցուցարարների անձնական ազատության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, անձնական կյանքի հարգանքի, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, միավորումների և արտահայտվելու ազատությունների, խտրականությունից զերծ լինելու իրավունքները,

. բազմաթիվ ցուցարարներ բռնության են ենթարկվում քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից, ինչը շատ դեպքերում տեղի է ունենում ոստիկանության լուռ ներկայությամբ,

. խաղաղ ցույցերի ժամանակ առանձին անձինք ցուցաբերում են ակնհայտ սադրիչ գործելակերպ, ինչը անուշադրության է մատնվում ոստիկանության ներկայացուցիչների կողմից,

. առանց պետհամարանիշների բազմաթիվ մեքենաներ կասկածելի կերպով ներգրավված են այս գործընթացի մեջ՝ ոստիկանության թողտվության պայմաններում,

. ակնհայտ սադրանքներով աչքի ընկած անձանց նկատմամբ դեռևս չեն հարուցվել քրեական գործեր և ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության,

. այս օրերին լրագրողների կողմից ամենաթեժ կետերում կատարվող 24-ժամյա պրոֆեսիոնալ աշխատանքը ևս, շատ հաճախ, պարունակում է բավական մեծ ռիսկեր:

Ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնության են ենթարկվել լրագրողներ, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում վերոնշյալ իրողությունների առնչությամբ և պահանջում ենք ՀՀ դատախազությունից, Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից, անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղ ցուցարարների և լրագրողների իրավունքները խախտած, նրանց նկատմամբ բռնություն գործադրած բոլոր անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու համար:

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում խաղաղ ցուցարարների՝ սեփական պահանջները ոչ բռնի պայքարի միջոցով իրացնելու իրավունքի նկատմամբ: Մենք ուշի ուշով հետևում ենք տեղի ունեցող գործընթացներին և արձագանքելու ենք յուրաքանչյուր բռնության դեպքի՝ թույլ չտալով խախտել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և բնական իրավունքներն ու ազատությունները:

ԵԼՔ խմբակցություն
  • 54
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    55
    Shares

Related Articles