Իրավական 

Հատուկ քննչական ծառայության հայտարարությունը

analitik.am

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քննվող քրեական գործով ևս երկու անձինք են ձերբակալվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Դ. Ս.-ն այլ անձանց հետ միասին անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից Երևան քաղաքում դիտավորությամբ կազմակերպել, անցկացրել և ղեկավարել է հավաք` առանց այդ մասին գրավոր իրազեկելու Երևանի քաղաքապետարանին:

Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին և նախազգուշացումներին` Դ. Ս.-ն և մյուսները չեն կատարել վերը նշված օրենքով սահմանված` հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունները: Ավելին, շարունակելով անօրինական գործողությունները, Դ. Ս.-ն հավաքի մասնակիցների հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց:

Մասնավորապես,  13.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Դ. Ս.-ն մյուսների հետ հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարան: Դ. Ս.-ն և անօրինական հավաքի մյուս մասնակիցները, վնասելով ԵՊՀ-ի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Իսկ 14.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Դ. Ս.-ն հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք: Հավաքի մասնակիցները Դ. Ս.-ի կազմակերպմամբ և անմիջական մասնակցությամբ ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

16.04.2018թ.-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, անտեսելով մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող փողոցների շրջափակումը դադարեցնելու` ոստիկանության օրինական պահանջները և շարունակելով անօրինական հավաքն ու զանգվածային անկարգությունները`  Դ. Ս.-ն հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` այդ կերպ վտանգելով պետական իշխանության կարևորագույն մարմնի բնականոն գործունեությունը:

Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել և փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան, որի հետևանքով տասնյակ անձինք ստացել են ֆիզիկական և գույքային վնասներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքի մասնակիցները Գ. Մ.-ի անմիջական մասնակցությամբ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 11:10-ի սահմաններում, վնասելով Կորյուն 10 հասցեում գտնվող «Երևանի հենակետային բժշկական քոլեջի» մուտքի դուռը և բռնություն գործադրելով քոլեջի աշխատակիցների նկատմամբ` ապօրինի ներխուժել և տևական ժամանակ գտնվել են շենքում, խանգարել ուսումնական գործընթացը և խախտել քոլեջի բնականոն աշխատանքը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Դ. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Մ.-ն`  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին ասված է ՀՀ ՀՔԾ տարածած հայտարարության մեջ

Նույն շարքից