«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատապարտում է կուսակցության վարչության անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումը և նրանց նկատմամբ բռնությունների կիրառումը, որը միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնական ազատությունների և ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի բացահայտ ոտնահարում է։

Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով։

 Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության որդեգրած քաղաքականությունը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, չի բխում Հայաստանի ժողովրդի իրավունքներից և շահերից։

Իշխանությունների բոլոր գործողությունները ծնելու են հակազդեցություն և կարող են վտանգել Հայաստանի ապագան։

Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապատական կուսակցությանը կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցերը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք րոպե առաջ ազատ արձակել այս օրերին ազատությունից զրկված բոլոր անձանց և գործել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի համապատասխան՝ չկատարելով քաղաքական և իրավազուրկ գործողություններ։ Պահանջում ենք հագուրդ չտալ Սերժ Սարգսյանի անհեռանկար մտադրություններին և չներքաշվել հանցագործությունների իրականացման մեջ։

Միջազգային և դիվանագիտական կառույցներին հորդորում ենք անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին՝ խուսափելով անհարկի չեզոքությունից։