Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Պարոն Փաշինյանն ինքն էլ ասաց, որ բանակցելու համար չի եկել. Վիգեն Սարգսյան

analitik.am

«Այդ մարդիկ, վտանգելով իրենց, ծառայում են հանրային կարգը պահպանելուն: Դա կարող է միջոցառման կազմակերպիչներին դուր գալ, կամ չգալ, բայց հավատացեք՝ անգործության հետևանքներն կարող են շատ ավելի ծանր լինել, քան այն գործողությունների, որոնք ոստիկանության աշխատակիցները ի պաշտոնե պարտավոր են կատարել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Սարգսյանի խոսքերով, պետք է ամեն ինչ համաչափության մեջ նայել. «Եթե դուք ուզում եք համեմատության որոշակի եզրեր անցկացնել, ես ձեզ հորդորում եմ նայել ամենաքաղաքակիրթ ժողովրդական ավանդույթներ ունեցող երկրներում մասսայական հավաքների արձագանքման կադրեր՝ սկսած Ֆրանսիայից, Գերմանիայի, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից: Ուղղակի համեմատեք»

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ոստիկանությունը որևէ նոր բան չի հորինել, այլ օգտագորոծում է այն նույն գործիքակազմը, որ կիրառում են մյուսները:

Անդրադառնալով Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան երկխոսության անարդյունավետությանը՝ Պաշտպանության նախարարը կարծիք է հայտնել, որ ի սկզբանե պայմանավորվելու ցանկություն չի եղել. «Ի սկզբանե ակնհայտ էր, որ տեսախցիկների առջև լուծում գտնելը շատ ավելի բարդ է: Եթե նպատակն իրոք բանակցություններն ու հանգուցալուծում գտնելն էր, ապա այլ ձևաչափ պետք է ընտրվեր: Բայց կարծում եմ, որ իմ մեկնաբանությունները մի քիչ արհեստական են, քանի որ պարոն Փաշինյանն ինքն էլ ասաց, որ բանակցելու համար չի եկել այլ եկել է վերջնագիր ներկայացնելու, իսկ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր: Հանդիպման ամբողջ գաղափարն այն էր, որ կային բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեին, պետք է հասկանալի լիներ, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այն ինչ ասում է պարոն Փաշինյանը, որ կա գործողությունների որոշակի ծրագիր՝ վարչապետը գնում է, խորհրդարանն ընտրում է ժողովրդական վարչապետին, չգիտեմ, թե ինչպես պետք է լինի: Ստացվում է, որ պատգամավորի մանդատի ազատությունն արդեն սահմանափակվում է, պատգամավորը պետք է գնար ու քվեարկեր նրա օգտին, ում պարոն Փաշինյանը կհամարեր ժողովրդական վարչապետ: Այդպես չի լինի: Ի վերջո այն ծրագիրը, որ կարող է բերել այդ ժողովրդական վարչապետ կարող է ավելի վատը լինել: Այս ամեն ինչը քննարկման առարկա է»:

Չնայած երեկվա հանդիպման ձախողմանը, Սարգսյանը նշեց, որ երկխոսության համար միշտ հնարավորություն տեսնում է՝ հավելելով, թե դեմ է, որ հայը հայի դեմ դուրս գա. «Դա  չունի բացատրություն: Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև՝ անհրաժեշտություն: Ես համարում եմ, որ այս պահին ոչ մի կարմիր գիծ անցած չէ, համարում եմ, որ մենք սթափ ու բանական մարդիկ ենք ու խնդիրները կարող ենք լուծել բանական ձևով»:

 

Նույն շարքից