Բարի օր Հասարակություն 

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել ապրիլի 24-ի օրվա առնչությամբ

analitik.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առնչությամբ: Այս մասին տեղեկացրեցին  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից.

«Սիրելի Մեր զավակներ,

Վաղը հիշատակի օրն է Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների: Ազգովի վերստին մեր խոնարհումը պիտի բերենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն հավատքի և հայրենիքի:

Ապրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է, նվիրագործված օր, երբ Ծիծեռնակաբերդի բարձունքում, եկեղեցիներում և Հայոց ցեղասպանության հուշակոթողների առջև համազգային համախմբվածությամբ հարգանքի տուրք ենք մատուցում մեր սուրբ նահատակներին:

Սիրելի հայորդիներ, Մեր հորդորն ենք բերում ձեզ՝ մեր ժողովրդի համար նվիրական այս օրը լինել առավել սիրով ու համերաշխ, ամենուր միաբան ու միասիրտ աղոթք բարձրացնել և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ առաջնորդելու մեր կյանքը խաղաղության, ապահովության և առաջընթացի ճանապարհներով:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, ողորմությունն ու շնորհները լինեն մեզ բոլորիս հետ. ամեն»:

Նույն շարքից