Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Չորեքշաբթի Կարեն Կարապետյանի հետ քննարկելու ենք իշխանության անցնցում հանձնելու հարցը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիները հաղթեցին.

« Երեկ առավոտյան Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ այժմ արդեն հայտնի հանդիպումը, և Սերժ ՍԱրգսյանը  հանդիպման կեսից թողեց ու հեռացավ, այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է վարչապետի պաշտոնից: Երեկ, երբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ինձ առևանգեցին, երբ տանում էին հույժ գաղտնի պայմաններում Սևանի ոստիկանութան բաժին, ես նրանց հետ հումորներ էի անում, կատակներ էի անում, նրանք չէին հասկանում, նրանց բացատրում էի, որ Սերժի իշխանությունն այլևս չկա: Ինձ պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում, բայց այն պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ մեր ոչ բռնի, թավշյա , ժողովրդական հեղափոխությունը հաղթել է: Ինձ առավոտյան ասում էին, համոզում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, երկու ժամից առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարականը տա մի ամսից, ավելի ուշ ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին , ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը՝ ասացի, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում, և Սերժ Սարգսյանը երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց: Ես ուզում եմ, որ տոնենք այս իրադարձությունը, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տարել է իր առաջին հաղթանակը, ուզում եմ հիշեցնել, որ մեր օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր տրված:

Քայլ առաջին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն արված է:

ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, և դա պետք է տեղի ունենա առաջիկա մի շաբաթվա ընթացքում, դրանից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենա հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ուրեմն մենք ասացինք, որ պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացման և իշխանության անցնցում փոխանցման հարցերը: Չորեքշաբթի առավոտյան ժամը 11-ին շարունակելու ենք  բանակցություններն  իշխանության անցնցում փոխանցման շուրջ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ես հույս ունեմ, որ ՀՀԿ-ի վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հաղթանակը և այս փաստի արձանագրումն որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ ՀՀ-ի և  ԼՂՀ-ի համար: Ես ուզում եմ, որ մենք միանշանակ և աներկբա արձանագրենք՝ մեր հռչակած, թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ:

Եթե Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն հույս ունեն, որ այս ամենի արդյունքում ստեղծվելու է մի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, հորդորում եմ րոպե առաջ մոռանալ այդ միտքը, ժողովուրդը հաղթել է, ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի րոպե շուտ, առանց նախապայմանների»:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ թավշյա հեղափոխության բոլոր անդամները մինչև միջոցառման վերջը պետք է ազատ արձակվեն: Նա նաև խոսեց այն մասին, որ բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Նա նաև ասաց, որ այս պահից սկսած ոստիկանությունը դադարեցնում է շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը:

Նույն շարքից