Իրավական 

Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնում Էջմիածինում տեղի ունեցած սպանությունից

analitik.am

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժինը երեկ քաղաքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել.

Ապրիլի 23-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածնում մահացու դանակահարել են արցախյան պատերազմի ազատամարտիկ, քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից 46-ամյա Նվեր Հովհաննիսյանին:

Դեպքի առթիվ որոշ տարրեր տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երևան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, երբ որևէ երթ չի եղել և խոսք լինել անգամ չի կարող երթը խոչընդոտելու մասին:

Բանն այն է, որ որոշ անձինք, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Էջմիածնի հրապարակում կատարել են սադրիչ գործողություններ և հայտարարություններ` փորձելով խաղաղ բնակիչներին դրդել անօրինական գործողությունների: Սադրիչներին էլ առաջնորդում էր նախկինում ևս նման աշխատաոճով աչքի ընկած, քրեական անցյալ ունեցող, պետությունից հարկեր թաքցնելու, այլ մեքենայությունների համար մի քանի անգամ դատարանի օրինական վճռով մեղավոր ճանաչված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ:

Արդյունքում` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վիրավորումից մահացել է ապրիլյան և քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Նվեր Հովհաննիսյանը:

Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին, քաղաքապետարանը երբեք որևէ կերպ չի խոչընդոտել խաղաղ ցույցերը և մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորումները:

Քաղաքապետարանի հստակ դիրքորոշումն է, որ իշխանության բոլոր մարմինները պետք է անվերապահ կատարեն իրենց պարտականությունները, չի կարելի թույլ տալ երկրում անիշխանության մթնոլորտ, ամեն տեսակի կասկածները պետք է հաստատվեն կամ փարատվեն դատարանների, այլ իրավասու մարմինների որոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ հեղափոխությունից հետո ջրի երես բարձրանա փրփուրը:

Էջմիածնի քաղաքապետարանը կոչ է անում չտրվել սադրանքներին, չլսել սադրիչների կեղծ կոչերը, զերծ մնալ անօրինական գործողություններից և սթափ գնահատել ստեղծված իրավիճակը, չդառնալ գործիք սադրիչների և հանցագործների ձեռքին:

Լրատվամիջոցներին էլ խնդրում ենք չտարածել կեղծ ու անհիմն, չճշգրտված տեղեկատվություն:

Հավալենք, որ սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ, ինչի մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն

Նույն շարքից